Հարգանքի տուրք` Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 19, 2012 19:05

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության  գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, լռությամբ հարգեցին Փոքր Ասիայի տարածքում 1923 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

ՀՀ ԱԺ փոխնախագահը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում կազմակերպված ոճրագործությունը, նշեց. «Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ։ Հայաստանի խորհրդարանն ապրիլի 24-ին հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց, այլեւ հույն եւ ասորի ժողովուրդների ցեղասպանությունը։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերն այս ուղղությամբ, որովհետեւ ցեղասպանության ժխտումը նույնքան վտանգավոր է, որքան ցեղասպանություն կատարելը։ 21-րդ դարում ժխտողականությունը նույնքան վտանգավոր է եւ, այս իմաստով, ես շնորհակալ եմ մեր հասարակությանը, որ մենք շատ պատվախնդիր ենք եւ գնում ենք ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ու դատապարտման ուղղությամբ։ Այլ ճանապարհ չկա, եւ ուշ թե շուտ Թուրքիան պետք է ճանաչի թե Հայոց, թե Պոնտոսի հույների, թե ասորիների եւ ազգային այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը, որովհետեւ միայն դատապարտելով, միայն հաշտվելով իր պատմության հետ՝ Թուրքիան կարող է ապացուցել, որ եվրոպական քաղաքակրթության կրող է, թեեւ ես դրանում խորապես կասկածում եմ»։

 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply