Գերմանացի բժիշկը փուչիկների պայթյունից տուժածներից երկուսին վիրահատել է, երկուսին էլ այսօր կվիրահատի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 19, 2012 18:58

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը երեկ վիրահատել է փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Ադրիան Դայգլերը այսօր կվիրահատի եւս երկու տուժածի: Վիրահատությունները, Շուշան Հունանյանի փոխանցմամբ, անցել են բարեհաջող, տուժածների վիճակները նորմալ է:

Գերմանացի բժիշկը դեռեւս Հայաստանում է, տուժածներից ոմանց արտասահման տեղափոխվելու հարցը դեռեւս չի քննարկվել: «Եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր է տուժածներից ոմանց տանեն արտասահման վիրահատելու»,- նշեց նա:

Մամուլի քարտուղարը նշեց, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիներից 41-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 2-ը` վերակենդանացման բաժանմունքներում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել: Պայթել եւ բռնկվել են հարյուրավոր փուչիկներ, որոնք գազով են լցված եղել: Հրդեհված փուչիկների հալված ռետինը լցվել է հանրահավաքի մասնակիցների վրա: Հիմնականում տուժել են բեմի մոտակայքում կանգնած հանրահավաքի մասնակիցները: Ընդհանուր առմամբ տուժել է 154 մարդ:

Ավելի վաղ ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:

Նշենք, սակայն, որ հելիումն իներտ գազ է, որը չի այրվում, տոքսիկ չէ, անգույն է, անհոտ եւ անհամ: Հելիումի ատոմները ոչ միայն ռեակցիայի մեջ չեն մտնում այլ քիմիական տարրերի հետ, այլեւ չեն միանում իրար հետ:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply