«Հաշմանդամության խնդիրը և ԶԼՄ-ները»՝ նոր ուղեցույց լրագրողների համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 16, 2009 18:04

Զարուհի Բաթոյանը շնորհանդեսին պատմում է գրքի մասին:

Այսուհետ  լրագրողներին կօգնի 500 օրինակ տպաքանակով լույս տեսած և  անվճար տարածվող «Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները» խորագրով ուղեցույցը: Հեղինակը «Հույսի կամուրջ» հկ-ի «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանն է: Ասում է, որ ուսանողական տարիներից է սկսել աշխատել այս գրքի վրա: «Հավատա, որ կարող ես, որովհետ‏և մի անգամ արդեն կարողացել ես». սա Զարուհու կյանքի ու գրքի կարմիր թելն է:

Լրագրողների համար նախատեսված ուղեցույցը հաշմանդամության խնդրի վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկատվության երկարատև մոնիթորինգի արդյունք է: Այն ներառում է հաշմանդամ մարդկանց խնդիրների լուսաբանման սկզբունքները, ԶԼՄ-ների դերը հաշմանդամ մարդկանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելու գործում, լրատվամիջոցներում կիրառվող լեզուն և բառեզրերը, խնդրի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրները, լուսաբանման առանձնահատկությունները՝ ըստ լրատվամիջոցների և այլն:22

Ձեռնարկն իբրև այդպիսին առաջինն է Հայաստանում: Այն անվճար կտրամադրվի ԶԼՄ խմբագրություններին, լրատվական ակումբներին և կազմակերպություններին:

«Հույսի կամուրջ» հկ  նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշեց, որ գիրքը նոր խոսք ունի այս ոլորտում. «խոսքը հաշմանդամության խնդրի ներառական լուսաբանման մասին է: Առաջիկայում մենք լրագրողների համար սեմինարներ ենք նախատեսում, որոնց ընթացքում մանրամասն կքննարկվի նաև լուսաբանման այս մոտեցումը»:

Գրքի լույս ընծայմանը աջակցել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները, ինչպես նաև ֆինանսավորել է Դանիայի արտգործնախարարությունը:

Թադևոսյանը հիշեցրեց նաև, որ մեկնարկել է «Հավասար հնարավորություններ» խորագրով լավագույն լրագրողական հրապարակման` 7-րդ ամենամյա «Արևածաղիկ» մրցույթը:

Մրցույթին  պետք է ներկայացնել 2008թ.-ի նոյեմբերի 20-ից  2009թ.-ի նոյեմբերի 20-ը  հրապարակած նյութերը, որոնցում վերհանված կլինեն հաշմանդամ երեխաների և երիտասարդների հիմնախնդիրները` ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ:

Պրոֆեսիոնալ հանձնաժողովը հաշվի է առնելու նյութերի վարպետությունը, օբյեկտիվությունը, հավասարակշռությունը, բազմազանությունը, տեքստի որակը, լուսանկարների առկայությունը:

Դիտվել է 2327 անգամ:
Print Friendly

Leave a Reply