Կոալիցիան ձևավորվո՞ւմ է. Հմայակ Հովհաննիսյանը այլևս չի բացառում ինքնաբացարկը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2012 23:24


Եթե ընդամենը երկու օր առաջ ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համար, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը բացառում էր իր՝ պատգամավորի մանդատ չվերցնելը՝ հայտարարելով, որ ինքը «շամպանսկու շշի խցան չի, որ ով ուզենա բացի, ով ուզենա՝ փակի», ապա արդեն այսօր Tert.am-ի հետ զրույցում չբացառեց, որ մինչև այս ամսվա 24-ը ինքնաբացարկի մասին հայտնի Գագիկ Ծառուկյանին՝ վերջնական որոշումը, այնուամենայնիվ, թողնելով ԲՀԿ առաջնորդին:

Նշենք, որ այսօր «Իրատես դե ֆակտո» թերթը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, նշել էր, որ ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համար Հմայակ Հովհաննիսյանը և 2-րդ համար Վարդան Օսկանյանը զգուշացվել են, որ կոալիցիայի կազմավորման դեպքում պետք է հրաժարվեն պատգամավորի մանդատից:

 

«Ես շատ պարզ ասել եմ, որ դասալիք չեմ և պատասխանատվությամբ եմ վերաբերվում այն ծանրակշիռ քվեին, որին արժանացել եմ նաև թիմի կազմում: Ընտրողների քվեն առաջնային նշանակություն ունի։ Միաժամանակ ես գիտակցում եմ, որ անձերի հարցը պետք է ստորադասվի այն խնդիրներին և նպատակներին, որոնք իր առջև դնում է քաղաքական թիմը, քաղաքական թիմի առաջնորդը: Խնդիրները և նպատակները չեն կարող չփոխվել ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքների շրջանակներում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ մայիսի 16-ի իր հարցազրույցում Հմայակ Հովհաննիսյանը Tert.am-ին ասել էր, որ միայն մի դեպքում չի մտնի խորհրդարան, եթե պարզվի, որ «սա բանդիտական պետություն է» և մատնանշել, որ ԲՀԿ-ի կողմից ընտրողների այդքան ծանրակշիռ քվեների ստացման գործում իր համեստ ներդրումն է ունեցել Հմայակ Հովհաննիսյան անուն-ազգանվան առկայությունը ԲՀԿ համամասնական ցուցակում:

 

 

 

Ի պատասխան հարցին, թե ինչու էր երկու օր առաջ Հմայակ Հովհաննիսյանը միանշանակ բացառում իր՝ մանդատը վայր դնելը, վերջինս ասաց. «Բայց Դուք գիտեք, որ իրավիճակը զարգանում է, և ես ուշադիր հետևում եմ դրանց։ Փոփոխություններ կան և բնականաբար… ես կողմնակից եմ ինքնուրույն մասնակցությանը (նկատի ունի ԲՀԿ–ի՝ խորհրդարանում ինքնուրույն մասնակցությանը – Tert.am), և այդ իսկ պատճառով շատ լավ գիտեմ, որ, չնայած, առայժմ դեռ չի ձևավորվել կոալիցիոն ձևաչափը, բայց ինձ համար այդ ձևաչափի արդյունավետության խնդիրը չափազանց մեծ հարցականի տակ է: Ես ինքս քանիցս այդ մասին խոսել եմ»:

 

Ստացվում է, որ «քաղաքական նոր իրողություններ» ասելով Հմայակ Հովհաննիսյանը նկատի ունի կոալիցիայի ձևավորումը:

 

Հիշեցնենք, որ քանիցս իր դիրքորոշումը հայտնած Հմայակ Հովհաննիսյանը միակը չէր, և կոալիցիա կազմելու աննպատակահարմարության մասին անձնական տեսակետների մակարդակով իրենց դիրքորոշումը հայտնել են նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե քաղաքական մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն ինքն էլ ամբողջությամբ վերցնի կառավարության համար պատասխանատվությունը:

 

Հետևաբար, Հմայակ Հովհաննիսյանի այս տրամաբանությանը հետևելով, ստացվում է, որ ինքնաբացարկի դիմում պետք է տան նաև Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը:

 

Ի պատասխան Tert.am-ի այս դիտարկմանը, Հմայակ Հովհաննիսյանն առաջարկեց այդ հարցը ուղղել նրանց, իսկ ինքը պատասխանատու է իր քայլերի, իր մոտեցումների և իր դիրքորոշումների համար: Սակայն, Հմայակ Հովհաննիսյանը Վարդան Օսկանյանից առանձնացնելով Նաիրա Զոհրաբյանին, նշեց, որ վերջինս որևէ ձևով կոալիցիայի ձևավորման դեպքում կասկածի տակ չի դրել իր մասնակցությունը ապագա խորհրդարանում: Ի տարբերություն Վարդան Օսկանյանի, ով հայտարարել է, որ չի պատկերացնում իր պատգամավորական գործունեությունը, եթե ԲՀԿ-ն հանդես չգա ինքնուրույն:

 

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply