5-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը` մայիսի 31-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2012 20:46

Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կսկսի մայիսի 31-ին` ժամը 10:00-ին: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա, վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը, ասաց, որ նորընտիր Ազգային ժողովի նիստը գումարվում է ՀՀ ԱԺ նորընտիր պատգամավորերի 2/3-ի ընտրության դեպքում: «Ուստի, հիմք ընդունելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքը, և ՀՀ սահամանդրությունը, ԿԸՀ-ն ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը նշանակում է սույն թվականի մայիսի 31-ին»,- հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:

ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, առաջին նստաշրջանի բացման ժամանակ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այդ ելույթներից հետո պատգամավորները երդվում են` «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է նաև առաջին նստաշրջանի հետագա ընթացքը. Պատգամավորների երդումից հետո նիստը վարողը ներկայացնում է պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, ընտրատարածքի համարը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, որից հետո, սույն օրենքով սահմանված կարգով, կատարվում է պատգամավորների գրանցում:

Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է մի քանի հարց` հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ: Նույն նիստում կորոշվեն նաև ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները, ինչպես նաև կընտրվեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ: Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը առավելագույնը պետք է լինի 12, ինչպես եղել նախորդ գումարման ԱԺ-ում:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply