Հանրապետական Գագիկ Մելիքյանն Արձանագրություններում գտավ Ուգանդայի մասին դրույթ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 16, 2009 17:45

Մելիքյան-ՆռանյանԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ  Գագիկ Մելիքյանն այսօր բանավեճում ասաց, որ Արձանագրությունների տարածաշրջանային և միջազգային վեճերի մասին դրույթը, հնարավոր է, «վերաբերում է  Ուգանդային, Ուկրաինային կամ, օրինակ, Բրազիլիային»:

Դաշնակցական Արա Նռանյանի հետ բանավեճում նա սկզբում նշեց, թե նման կետ բոլորովին չկա, բայց երբ լրագրողները ցույց տվեցին այդ հատվածը, Մելիքյանն ուշադրությամբ կարդալուց ու ասաց, որ «դա բոլորովին էլ կապ չունի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ»:

Մելիքյանի համոզմամբ` ՀՅԴ-ի ջղագրգիռ կեցվածքի պատճառը մոտալուտ վտանգի զգացում է: «ՀՅԴ-ն նկատում է իր մայրամուտը, դրա համար էլ ջղագրգիռ է դարձել»,- ասաց նա: Նրա այս պնդմանը Նռանյանը պատասխանեց, որ իշխանությունն այս քայլերով ոչ թե ՀՅԴ-ի, այլ ՀՀ-ի մայրամուտն է մոտեցնում: «Այսպես որ շարունակեք, Հայաստանը Թուրքիայի վիլայեթներից մեկն եք դարձնելու»,- ասաց նա:

Նռանյանի համոզմամբ` «մեր սերնդի վրայից այս Արձանագրությունների թողած բիծը մաքրելու համար անհրաժեշտ է, որ մեր խորհրդարանը մերժի այն»: «Առաջինը մեր խորհրդարան պետք է  մտնեն Արձանագրությունները, և մենք պիտի առաջինը մերժենք դրանք»,- ասաց նա:

Մելիքյանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունները ոչ թե հայերի «սիրուն աչքերի» համար են արել դա, այլ սեփական շահերից ելնելով: Իսկ Նռանյանը պնդում է, որ այս Արձանագրություններով մենք Թուրքիայի դեմ օգտագործվող մեր այս զենքն էլ ենք վայր դնում:

Հանրապետական գործիչը համամիտ է միայն դաշնակցական գործընկերոջ այն մտքի հետ, որ տնտեսական առումով մեր օրենսդրական դաշտում դեռևս շատ խոցելի տեղեր կան:

Իսկ Նռանյանը եզրափակում է. «եթե մեր արտաքին քաղաքականության մեջ էլ այնպես պայքարեիք, ինչպես որ ներսում ամեն մի մանդատի համար եք պայքարում, մենք այժմ բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»:

Դիտվել է 2052 անգամ:
Print Friendly

Leave a Reply