Ռոդ Այլենդի Կոնգրեսի ընդունած բանաձեւը հորդորում է ԱՄՆ-ին ճանաչել ԼՂՀ անկախությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 18, 2012 15:44

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսը  ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում ԱՄՆ-ի նահանգային եւ դաշնային Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է Asbarez պարբերականը: Բանաձեւը նաեւ խրախուսում է Արցախի Հանրապետության ազատ եւ անկախ զարգանալու ջանքերը, ինչպես նաեւ բարձր է գնահատում Արցախի` կառուցողական ներգրավվածությունը միջազգային հանրությունում, տարածաշրջանային խնդիրների տեւական լուծման հասնելու նրա ջանքերը:

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռոդ Այլենդի Կոնգրեսին բանաձեւն ընդունելու համար ի նպաստ ԼՂՀ անկախության, եւ հույս ունենք, որ օրենսդրի կողմից ազատության մեր ընդհանուր արժեքների ընդունումը օրինակ կծառայի ԱՄՆ այլ օրենսդիր մարմինների համար»,-նշել է ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերը Ավետիսյանը:

Բանաձեւի ընդունման գործընթացը տեղի է ունեցել Ավետիսյանի ներկայությամբ, ում Կոնգրեսի խոսնակ Գորդոն Ֆոքսը ջերմորեն ողջունել է:

«Շատ կարեւոր է, որ ԱՄՆ-ն սկզբունքային օժանդակություն ցուցաբերի այս տարածաշրջանի խաղաղության համար, ինչպես նաեւ ցույց տա, որ ժողովրդավարությունը կարող է ծնվել անգամ հակամարտության դեպքում եւ սատարի ԼՂՀ-ին»,-նկատել է կոնգրեսական Ջեյմս Լանջեւենը` ավելացնելով, որ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը կարող է կարգավորվել առանց կյանքի կորուստների: Իր հերթին կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնն ասել է. «Ես այսօր միանում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` ճանաչելով նրանց անկախության 20-րդ տարեդարձը, Հանրապետության բանակի ձեւավորումը եւ Շուշիի ազատագրումը»:

ԼՂՀ տնտեսական զարգացմնա հարցերով Ավետիսյանը շարունակելու է հանդիպումներ ունենալ Ռոդ Այլենդում: Նրա այցը կեզրափակվի մայիսի 20-ին, երբ համայնքը կնշի Շուշիի ազատագրման 20-ամյակը:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply