Մայիսի 20-ին մոմավառություն կիրականացվի` ի հիշատակ ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 18, 2012 12:20

ՄԻԱՎ վարակի համաճարակը շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել:   1983թ.-ից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր:

Այդ օրը միլիոնավոր մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց, նաև արտահայտում են իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին:

Տարիներ շարունակ Հայկական Կարմիր Խաչի Ընկերությունը (ՀԿԽԸ) ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի  օրվա շրջանակներում անցկացնում է  մոմավառություն: Այս արարողությունը կարևոր նշանակություն ունի ՁԻԱՀ-ից մահացածներին հիշատակելու, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցություն ցուցաբերելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու համար: Այն առաջացնում է համախմբվածության զգացում և գրավում համընդհանուր ուշադրություն:

Այս տարի ևս ՀԿԽԸ նախատեսում է մայիսի 20-ին` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրը իրականացնել մոմավառություն: Միջոցառումը կկայանա Սիրահարների այգում և կուղեկցվի դասական երաժշտական կատարումներով: Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությամբ  (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):

Միջոցառումը կմեկնարկի ժ. 20.00-ին: Ակցիայի ողջ ընթացքում այգում տեղադրված կլինեն տեղեկատվական վահանակներ և կտարածվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական նյութեր:

ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում և աշխարհի բոլոր երկրներում` վերաճելով գլոբալ համաճարակի: 2010թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն ապրում էր մոտ 34մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:

1988թ. մինչև 2012թ. ապրիլի 30-ը մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 864 մարդ (70,5%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 362 դեպք (29,5%): ՄԻԱՎ վարակի 23 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 56,9%-ը 25-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (55,1%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (35,8%): Սրանցից բացի արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից  596-ի մոտ (կին` 141, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 277 դեպք: Մահացածների թվում կան 46 կին և 5 երեխա:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:

 

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply