Բաքվի «Եվրատեսիլ-2012»-ի առաջին «զոհերը». ադրբեջանցին ջարդել է բելգիացի լրագրողի ծնոտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 18, 2012 10:36

Եվրոպայի ամենազդեցիկ երաժշտական մրցույթի` «Եվրատեսիլ 2012»-ի եզրափակիչը լուսաբանելու համար Ադրբեջան ժամանած բելգիացի երկու լրագրողներին հյուրանոցի առաջ ծեծի են ենթարկել Բաքվում: Նրանք Բելգիայի VRT (Vlaamse Radio- en Televisieomroep) հեռուստատեսության աշխատակիցներն են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել են hln.be եւ levif.be լրատվական կայքերը:

«Մայիսի 16-ի երեկոյան հյուրանոց վերադարձած բելգիացի լրագրողների եւ տաքսու վարորդի միջեւ վարձատրման շուրջ վեճ է ծագել: Վարորդը դուրս է եկել մեքենայից եւ ծեծի ենթարկել նրանց: Արդյունքում, նա ջարդել է բելգիացի լրագրողներից մեկի ծնոտը: Բելգիայից ժամանած լրագրողներն առավոտյան լքել են Ադրբեջանը», -հայտնել են բելգիական կայքերը:

Ադրբեջանական vesti.az-ն էլ հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Նասիմիի ոստիկանության 22-րդ բաժանմունքի տարածքում: Ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ Իսա Բաբաեւը հաստատել է փաստը: Նա ասել է, որ բելգիացի լրագրողներին ծեծողը, որն արդեն ձերբակալվել է, տաքսու վարորդ չէ: «Բելգիացի լրագրողները մոտեցել են մեղադրյալին եւ խնդրել ինչ-որ տեղ տանել: Սակայն, մերժում ստանալուց հետո, բելգիացիները վիրավորել են նրան: Վերջինս ուղղակի հարվածել է բռունցքով եւ ջարդել լրագրողի ծնոտը», -ասել է նա եւ նշել, որ փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Մայիսի 17-ին Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում Բելգիայի` «Եվրատեսիլ-2012»-ի ներկայացուցիչ Այրիսը, պատասխանելով ադրբեջանական կայքի թղթակցի հարցին, նշել է, որ միջադեպն իսկապես տեղի է ունեցել, սակայն, հրաժարվել է հայտնել տուժածների անունները: «Այո, մեր թիմի երկու անդամներ վնասվածքներ են ստացել: Նրանք արդեն վերադարձել են Բելգիա», -ասել է նա:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply