Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 17, 2012 21:15

Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն` անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի` այսօրվա կառավարության նիստում հնչեցրած տեսակետներին:

«Կարդացի, որ այսօր վարչապետը կառավարության նիստում անդրադարձել եւ ինչ-որ տեղ պատասխանել է ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ իմ քննադատություններին։

Ցավալի է, որ վարչապետն ընտրել է հակադարձելու «հեշտ» ճանապարհը՝ քննադատություններն անտեղի որակելով «անգրագետ», այն դեպքում, երբ ընտրարշավի ընթացքում իմ հնչեցրած մեկնաբանությունները, վերլուծությունները եւ քննադատությունները երեւի թե բովանդակային առումով հազվագյուտներից էին, որոնք վերաբերում էին ժողովրդին ամենահուզող՝ սոցիալ-տնտեսական հարցերին։

Չեմ ուզենա վարչապետի հետ մտնել հեռակա բանավեճի մեջ. բավական է իջնել փողոց, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթանալ հենց պետության ներկայացրած վիճակագրությանը, եւ դա բավարար կլինի հասկանալու, որ կառավարության վարած «գրագետ» քաղաքականությունը ինչ արդյունքներ է տվել։

Ի գիտություն վարչապետի եւ նրա տնտեսական թիմի՝ ուզում եմ նաեւ ասել, որ այսօրվա գլոբալ տենդենցներն այնպիսին են, որ նույնիսկ կենտրոնական բանկերի ինքնանպատակ կենտրոնացումը գնաճի զսպման վրա արդեն ժամանակավրեպ են դառնում։

Ելնելով այսօր ստեղծված գլոբալ տնտեսական իրավիճակից, տնտեսական աճի անհրաժեշտության հրամայականից՝ կենտրոնական բանկերը գնաճի մոնիտորինգից անցնում են արդեն նոմինալ ՀՆԱ-ի մոնիտորինգի, ինչը ենթադրում է, որ կենտրոնական բանկերը պետք է համադրեն տնտեսական աճն ու գնաճի զսպումը։ Առաջարկում եմ կարդալ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի տնտեսական խորհրդական Ջեֆրի Ֆրենքելի այսօր հրապարակած «Գնաճը թիրախավորելու քաղաքականության վախճանը» (The Death of Inflation Targeting) հոդվածը Project Syndicate-ի կայքում:

Վերոնշյալը գալիս է ամրագրելու իմ այն տեսակետը, որ Հայաստանի համար այսօր իսկապես հրամայական է գլխավոր թիրախ դարձնել տնտեսական աճը՝ աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը՝ մակրոտնտեսական բոլոր մյուս խնդիրները դիտարկելով հենց այս համատեքստում եւ հաշվի առնելով նաեւ այն, որ միջազգային բոլոր կազմակերպությունները շեշտում են՝ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսության աճի համար լուրջ ռիսկեր կան եւ այն շարունակում է մնալ անորոշ»։

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական կոշտ գնահատականներով անդրադարձել էր ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանի նախընտրական շրջանում հնչեցրած այն քննադատություններին, որ կենտրոնական բանկն ու կառավարությունը բավականաչափ արդյունավետ չեն կոորդինացնում իրենց աշխատանքները: Վարչապետի հայտարարությունների համար առիթ ծառայեց 2012 թ. դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության հաստատումը:

«Պետք չի քաղաքական գնահատականներ տալ այս երեւույթին, մանավանդ որ այդ գնահատականները շատ անգրագետ են, եւ համահունչ չեն ոչ մեր օրենսդրությանը, ոչ միջազգային պրակտիկային»,-ասել էր Տ. Սարգսյանը:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply