Կոմիտասյան երաժշտություն ՆԱՄ-ում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 17, 2012 20:47
«Ես անչափ զգացված եմ, Կոմիտասի երաժշտությունը չի կարող անտարբեր թողնել»,-մայիսի 17-ին Նարեկացի արվեստի միությունում Մարիա Ալավերդյանի կայացած մենահամերգի մասին ասաց ՆԱՄ մշտական այցելուներից Հասմիկը: Կոմիտասյան երաժշտությունն իր խորը դրամատիզմով, պարզությամբ ու արվեստի ուժեղ էներգետիկայով ողողեց Նարեկացի արվեստի միությունը՝ հայտնվելով յուրաքանչյուր ունկնդրի հոգում:
«Կոմիտասն անսպառ ոգեշնչման աղբյուր է, սակայն ես տարբեր ոճի երաժշտություն եմ սիրում կատարել…. Պատրաստվում եմ առաջիկայում կոմպոզիտորներին նվիրված համերգներ ունենալ, այդ թվում՝ Սայաթ-Նովային նվիրված»,-ասաց Մարիա Ալավերդյանը:
Սա երգչուհու առաջին մենահամերգը չէ. նա նախկինում ունեցել է բազմաթիվ մենահամերգներ, սակայն այս մենահամերգը գերադասել է ունենալ հենց ՆԱՄ-ում: Նրա խոսքերով այստեղ հյուրընկալ են, գնահատում են արվեստը, միաժամանակ տալիս են բացառիկ հնարավորություն համերգներ կազմակերպել ու չվճարել դրա համար:
«Բացի դա, գիտեք, երբ այսպես կողք կողքի նստած լսում են, ինչպես ՆԱՄ-ում է, էներգիան, մտերմությունն ավելի լավ է փոխանցվում. մարդիկ զգում են միմյանց, փոխանցում միմյանց հոգեւորը, աթոռների՝ այսքան մոտ դասավորությունն էլ, հավատացեք, նպաստում է դրան»,-ասաց նա:
ՆԱՄ նախագահ Նարեկ Հարթունյանը եւս տպավորված էր երգչուհու կատարմամբ. նրա խոսքերով շատ խորհրդանշական է, որ Նարեկացի արվեստի միությունում հնչում է հենց Կոմիտաս:
«Շնորհակալ ենք այսքան հոգեւոր եւ այսքան խորը, հարազատ երաժշտության համար»,-ասաց Ն. Հարթունյանը՝ Մ. Ալավերդյանին փոխանցելով ՆԱՄ խորհրդանշական նվերները:
Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն






Facebook
Tweet This
Email This Post
