Վիճակը հանեցին, երգեցին ու պարեցին. Համբարձման տոնը` ողջ ծիսակարգով (լուսանկարներ)
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Անի Գասպարյան | May 17, 2012 18:09
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
Համբարձում յա՛յլա, յա՛յլա ջան, յա՛յլա…
Այսօր` մայիսի 17-ին, Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի համբարձման տոնը: Սակայն, բացի եկեղեցական տոն լինելուց, այն հնուց ի վեր մեծ շուքով է նշվել նաև ժողովորդի կողմից` իր գեղեցիկ ու հարուստ տոնական ծեսերով ու ավանդույթներով: Ցավոք, այսօր երիտասարդության շրջանում փոքր է տոնի նկատմամբ հետաքրքրությունը, սակայն ոչ թե այն պատճառով, որ տոնը հետաքրքիր չէ, այլ որ այն մոռացության է տրված:
Այսօր երկու հայ կանանց նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ ճաշակեցին տոնի ողջ հմայքը:
Վալյա Մարգարյանն ու Զաբել Վասիլյանն ընկերուհիներ են: Մի օր, երբ Վալյան ընկերհուն պատմում է Համբարձման տոնի ժողովրդական ծեսի մասին և ներկայացնում «ջան գյուլումի» արարողակարգը, վերջինս շատ է զարմանում. Սիրիայում ծնված, Լիբանանում մեծացած, երեսունհինգ տարի Միացյալ նահանգներում ապրած և միայն վերջերս Հայաստան տեղափոխված Զաբել Վասիլյանն ասում է, որ իրենք Սփյուռքում նշել են միայն տոնի եկեղեցական մասը` մասնակցելով պատարագին. «Ժողովրդական այս ծեսը, վիճակը ինձ համար անծանոթ էր և շատ հետաքրքրեց, դա էր պատճառը, որ որոշեցի ինքս նախաձեռնել և այս տարի այն նշել»,-ասաց նա:
Վալյան կազմում է տոնակատարության ծրագիր` ներառելով ողջ ծիսական արարողակարգը: Ապա տեղեկացնում են ծանոթ-բարեկամներին` տարեց, երիտասարդ, պատանի ու երեխա, և որոշում նշել տոնը Մուղնիի Սուրբ Գևորգ Եկեղեցում:
Այսօր առավոտյան տոնի մասնակիցները ներկա գտնվեցին եկեղեցում մատուցվող պատարագին, ապա հենց եկեղեցու բակում` տեր հոր օրհնությամբ սկսեցին տոնախմբության բուն արարողությունը` վիճակահանությունը:
Սակայն մինչ այդ Վալյա Մարգարյանը ներկայացրեց վիճակահանությանը նախորդող արարողությունը. «Ըստ ավանդույթի, տոնի նախընթաց օրը` չորեքշաբթի վաղ առավոտյան, աղջիկների հիմնական խմբերը` յուրաքանչյուրում յոթ հոգի, դուրս են գալիս ծաղիկ հավաքելու: Հետո կուժի մեջ են լցնում յոթ տեսակ ծաղիկ, յոթ աղբյուրի յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծառի յոթ տերև, հոսող առվից յոթ տեսակ քար: Ապա հավաքած ծաղիկներից փնջեր են կապում, որոնցից ամենամեծը, որը խաչաձև էր լինում, կոչվում էր Ծաղկամեր: Հետո փարչի վիճակին մասնակցողներից յուրաքանչյուրը որևէ իր էր գցում, ապա աղջիկները փարչը պահում էին, որ տղաները չգողանան»:
Այսօրվա միջոցառման կուժն անցե՞լ էր այդ ողջ արարողակարգով, թե ոչ, չենք կարող ասել, սակայն այն
միջոցառման վայր էր հասել` ծանրաբեռնված մասնակիցների իրերով: Շուտով օրվա կարևորագույն հերոսներից մեկը` փոքրիկ հարսնացուն, մեկ առ մեկ հանեց իրերը և հանձնեց դրանք իրենց տերերին` դրա հետ նաև մի ժողովրդական քառատող. «Վիճակի առիթով հորինված ժողովրդական երգերն ու խաղիկները յուրատեսակ գուշայություններ էին երիտասարդների համար: Դրանց միջոցով որոշվում էր նրանց բախտն ու ճակատագիրը, ցանկություններն ու ակնկալությունները, որոնք երևան էին գալիս այդ պահին արտասանված քառյակի տպավորության ներքո` լավ կամ վատ ձևով»,-բացատրում էր Վալյա Մարգարյանը:
Քանի որ Համբարձման տոնը կոչվել է նաև ծաղիկ գովելու օր, տոնակատարությանը մասնակից երիտասարդ աղջիկները` զարդարված ծաղիկներով, վիճակահանությունն ուղեկցում էին գեղեցիկ ժողովրդական երգերով.
«Ծաղիկ ասեմ ու շարեմ,
Ջան գյուլում ջան, ջան
Աղջիկներին նվիրեմ,
Ջան ծաղիկ, ջան, ջան…»:
Վիճակահանությունն ավարտվեց` միահյուսված ժողովրդական երգուպարով ու ասմունքով, իսկ երիտասարդները գոհ էին ու երջանիկ, քանի որ իրենց բաժին հասած քառատողերում Թումանյանի Անուշի քառատողին բնորոշ որևէ չարագուշակ բովանդակություն չկար:
Հետո մասնակիցները համտեսեցին կաթնապուրը, որը նույնպես Համբարձման տոնակատարության ավանդական մասն է կազմում:
Ի դեպ, նախաձեռնությանը մասնակցում էին նաև սփյուռքահայ հյուրեր: Նրանցից մեկը` Նազարեթ Վասիլյանը, ով եկել էր Միացյալ նահանգներից, խոստովանեց, որ առաջին անգամ է մասնակցում Համբարձման տոնակատարությանը. «Հուսանք, եկող տարի նույնպես կկրկնենք այս ամենը, քանի որ իսկապես շատ գեղեցիկ ու հաճելի էր»,-ասաց նա:
Երիտասարդ քույրեր Եվան և Անուշը, ովքեր տոնակատարության ողջ ընթացքում մասնակիցներին հմայեցին իրենց յուրահատուկ ձայնով ու գեղեցիկ երգով, նույնպես շատ տպավորված էին. «Իսկապես գեղեցիկ տոն է, սակայն ցավոք, այնքան էլ հայտնի չէ երիտասարդությանը: Արժէ, որ այն տարածում գտնի, ինչպես, օրինակ, Վարդավառի տոնը»,-ասաց Եվան` հավաստիացնելով, որ այսուհետ ամեն տարի ընկերներով կնշեն այն:
Անուշն էլ մի հետաքրքիր խոսք հիշեց. «Մեծ սերնդի ծնկանը պիտի աճի նոր սերունդը: Այսօրվա տոնակատարությունը հենց այդ խորհուրդն ուներ. փաստորեն, մեծ սերունդը կազմակերպել էր սա մեր` երիտասարդներիս համար, որպեսզի մենք էլ, իմանալով, փոխանցենք այն մեր երեխաներին»,-ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
