Կարիերայի օրը նպաստեց երիտասարդների զբաղվածությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 17, 2012 16:50

Այսօր`  մայիսի 17-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (ԵԿՏԱ) առաջին անգամ մեկնարկեց ուսանողների և շրջանավարտների համար նախատեսված կարիերայի օր, որի հովանավորն էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը:

«Կառուցիր քո ապագան այսօր» կարգախոսը կրող կարիերայի օրն ուղղված էր երիտասարդների զբաղվածության աջակցմանը և նրանց հմտություններն աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն: «Այս միջոցառումը կնպաստի Ակադեմիայի կրթության ինտեգրմանն աշխատաշուկային, ինչպես նաև փոխադարձ համագործակցության ձևավորմանը և զարգացմանը»,- նշեց Ակադեմիայի ռեկտոր Ա. Ավետիսյանն իր բացման խոսքում:

Կարիերայի օրվան մասնակցում էին 30 առաջատար գործատուներ, ովքեր ներկայացնում էին տնտեսության տարբեր ոլորտներ` բանկային, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործական, լրատվական ոլորտները: Միջոցառմանը ներկա էին նաև «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր երիտասարդներին տրամադրեցին մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն:

«ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի Աշխատուժի զարգացման բաղադրիչի հիմնական առաքելությունն է նպաստել Հայաստանի աշխատուժի մրցունակության բարձրացմանը` որակյալ աշխատուժի առաջարկի և պահանջարկի արդյունավետ համադրմանն ուղված միջոցների շնորհիվ»,- նշեց ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բաբինովը: «Մեր ծրագիրն աջակցում է Հայաստանի կրթական հաստատություններին մասնավոր հատվածի հետ երկխոսություն և փոխշահավետ համագործակցություն ծավալելու գործում»,- հավելեց նա:

Մասնակից գործատուներն ուսանողներին և շրջանավարտներին ներկայացրեցին իրենց կազմակերպություններում առկա աշխատանքի և աշխատանքային պրակտիկայի հնարավորությունները:Երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց տեղում մասնակցելու ինքնակենսագրականի մշակման և մասնագիտական հարցազրույց անցնելու ուսուցողական դասընթացներին:

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply