Մեկնարկել է «Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» մրցույթը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 16, 2009 15:47

Այսուհետ ամեն տարի անցկացվելու է «Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» խորագրով մրցույթը, որին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները, որոնց գործունեությունն ուղղված է Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը: 2010-ին մրցանակներ կտրվեն 2 անվանակարգերում` «Լավագույն հայկական կրթօջախ» և «Լավագույն հայկական լրատվամիջոց»:

Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը:

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են միչև 2010-ի հունվարի 20-ը` Սփյուռքի նախարարությունում, Համաշխարհային հայկական կոնգրեսում կամ Սփյուռքի համայնքային կառույցներում:

Կստեղծվի մրցութային հանձնաժողով, որը կուսումնասիրի և կգնահատի ներկայացված հայտերը: Հայտերի նախնական գնահատումից հետո մրցութային հանձնաժողովը կդիմի հավակնորդներին` ներկայացնելու իրենց գործունեությունը լուսաբանող տպագիր նյութեր, գրքեր, հրատարակություններ, տեսաերիզներ և լուսանկարներ: Մրցանակները հաղթողներին կհանձնվեն 2010-ի հոկտեմբերին:

Յուրաքանչյուր անվանակարգում նախատեսված է 3 մրցանակ` դրամական պարգևի տեսքով:

2010 թ. նաև լրանում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) 10-ամյակը, ինչի կապակցությամբ, ինչպես հայտարարեց Արա Աբրահամյանն այսօրվա  ասուլիսում, շուտով լույս կտեսնի «Տասը տարվա մեր անցած ճանաապարհը» գիրքը: Աբրահամյանը նշում է, որ հայերն այսօր Ռուսաստանում կարողանում են գտնել ազգապահպանության համար համապատասխան միջավայր. Ռուսաստանում գործում է շուրջ 400 կիրակնօրյա դպրոց, կառուցվում են հայկական եկեղեցիներ, նույնիսկ «ավելի շատ, քան Հայաստանում»: Աբրահամյանի խոսքով` ողջ 2010-ին կազմակերպվելու են ՌՀՄ 10-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կեզրափակվեն նոյեմբերին` Կրեմլի մեծ դահլիճում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ:

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply