ԱՄՆ-ին առաջարկել են ԼՂՀ-ին հատկացնել 5 մլն , իսկ ՀՀ-ին 40 մլն դոլարի օգնություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 17, 2012 16:22

Երեկ Ներկայացուցիչների Պալատի Օտարերկրյա Հատկացումների Հանձնաժողովը թողարկեց 2013 թվականի ֆինանսական տարվա Պետական օտարեկրյա հատկացումների օրինագծի մանրամասները, որով կոչ է արվում Լեռնային Ղարաբաղին հատկացնել «առնվազն» 5 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն, իսկ Հայաստանին՝ 40 միլիոն ԱՄՆ դոլարից «ոչ քիչ». հաղորդեց Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

Օտարերկրյա հատկացումների ընդհանուր ֆինանսավորման օրինագիծը, որը քննարկության է դրվելու հանձնաժողովում, անցած տարվա համեմատ կրճատվել է 5 տոկոսով: Ի հավելումն՝ երկկողմանի աջակցությունը կրճատվել է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլարով և 3 միլիարդ ԱՄՆ դոլարով պակաս է 2013 ֆինանսական տարվա նախագահի պահանջից: Սակայն, չնայած այս կրճատումներին և գումարի ծավալի շարունակական անկմանը, Հայաստանի համար հատկացվող ֆինանսավորումը մասնավորապես էր ընդգծված և համապատասխանում է 2012 ֆինանսական տարվա սահմանված 40 միլիոն ԱՄՆ դոլարի մակարդակին:

Ի հավելումն 40 միլիոն ԱՄՆ դոլարին, պահպանվել է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության հավասարությունը, որը վերաբերում է Արտաքին ռազմական ֆինանսավորմանը (FMF) և Միջազգային ռազմական ուսուցմանն ու վարժանքի ծրագրերին (IMET) և արտացոլում է վարչակազմի պահանջը յուրաքանչյուր երկրին 2,7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացում անել FMF-ի և 600, 000 ԱՄՆ դոլարի հատկացում՝ IMET-ի համար:

Պետական և օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի նախագահող Քեյ Գրենջերը նշել է. «Սա մի կարծր, ազդեցիկ ազգային անվտանգության օրինագիծ է, որը շարունակաբար կրճատում է ծախսերը, վերափոխում իր աջակցության ծրագրերը և հաշվետվություն պահանջում մեր գործընկերներից ու դաշնակիցներից: Այս օրինագիծը արտացոլում է ֆինանսական սկզբունքային որոշումներ, որոնք Միացյալ Նահանգներին թույլ են տալիս ճկուն լինել արագորեն փոփոխվող աշխարհում՝ միաժամանակ երաշխավորելով, որ օտարերկրյա օգնությունը պարզապես մի անդորրագիր չի լինի այն օտար կառավարությունների համար, որոնք մեր ազգային անվտանգության առաջնահերթությունների կողմնակիցը չեն»:

Վարչակազմի բյուջետային պահանջին համեմատ, որը 18 տոկոսով կրճատեց Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի երկրներին հատկացվող ֆինանսավորումը, հանձնաժողովի օրինագծի նախագիծը ողջունելի առաջընթաց է: Ըստ վարչակազմի նախագծի՝ Հայաստանին հատկացվող աջակցությունը, որը ներառում էր նաև FMF և IMET, կազմում էր շուրջ 35,843 միլիոն ԱՄՆ դոլար:

Կոնգրեսական Ադամ Շիֆը, ով Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի անդամ է, Համագումարին ասաց. «Նախագահող Գրենջերի և մեծամասնության ղեկավար Լոուի, ինչպես նաև իմ գործընկերների հետ աշխատելու արդյունքունքում՝ Հատկացումների օրինագիծը  հավասարակշռված մոտեցում է ապահովում Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ: Ինձ հատկապես ուրախացնում է այն, որ Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորումը առանձնահատուկ կերպով ընդգծված է և որ Վրաստանի Հանրապետությունում գտնվող և մեծ հայկական գաղութ ունեցող Ջավախքի տարածաշրջանի ֆինանսավորումը կվերանայվի՝ ապագա զարգացումներին միտված ռազմավարության առաջարկության հետ միասին: Հաշվի առնելով այս տարվա բյուջետային կրճատումները՝ ես համառորեն պայքարեցի երաշխավորելու, որ Հայաստանին հատկացվող ֆինանսավորման բավարար մակարդակը պահպանվի»:

«ԱՄՆ աջակցության ծրագրերը Հայաստանի և Արցախի համար չափազանց կարևոր դեր են խաղացել՝ հատկապես հաշվի առնելով  երկակի շրջափակումները Թուրքիայի և Արդբեջանի կողմից»,- նշեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Հաշվի առնելով բյուջետային ընդհանուր կրճատումները՝ համագումարը բարձր է գնահատում ենթահանձնաժողովի նախագահող Գրենջերի և Մեծամասնության ղեկավար Նիտա Լոուիի տարած աշխատանքը Հայաստանի համար բավական չափի աջակցություն ապահովելու ուղղությամբ», հավելեց Արդունին: «Մենք հատկապես շնորհակալ ենք կոնգրեսական Շիֆին հայ ժողովրդի նկակտմամբ իր անխոնջ նվիրվածության համար»:

Օրինագծի զեկույցում նաև կոչ է արվում առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն անել «Լեռնային Ղարաբաղում հումանիտար և զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար», որը համագումարը մարտի 30-ին ներկայացրեց Ներկայացուցիչների պալատի Պետական և Օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովում:

Ի հավելումն, հանձնաժողովը ընդգծեց փոխվստահության կերտման քայլերի կարևորությունը և հատուկ  կոչ արեց «բոլոր կողմերին հրաժարվել բռնության  սպառնալիքներից»:

«Համագումարին խորապես մտահոգում են Ադրբեջանի անդադար հակահայկական կոչերը և զինադադարի շարունակական խախտումները»,- նշեց Արդունին:

Հատկացումների օրինագիծը նաև վերստին  նշեց մարդասիրական և այլ աջակցությանն ուղղված Ազատությանն աջակցելու մասին օրենքի 907-րդ հոդվածի վեց կետերը: 907-րդ հոդվածը սահմանվել է 1992 թվականին և պահանջում է Ադրբեջանի կառավարությունից «տեսանելի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումների և ուժի այլ ագրեսիվ դրսևորումների վերացման ուղղությամբ»

Այս տարվա սկզբին երկկուսակցական մի նամակ դրվեց շրջանառության մեջ, որը նախաձեռնել էր Կոնգրեսում Հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոուն Կրտ.-ը և որը կոչ էր անում Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովին շոշափելի ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և «առնվազն 5 միլիոն ԱՄՆ դոլար» Լեռնային Ղարաբաղին «մարդասիրական և զարգացմանը միտված աջակցություն» ցուցաբերելու համար:

Նամակում նաև նշվում էր Վրաստանի Ջավախքի տարածաշրջանի հայ համայնքին, ինչպես նաև այն քրիստոնյա համայնքներին աջակցելու մասին, որոնք վտանգված են Միջին Արևելքում: Խոսվում էր նաև ԱՄՆ-Հայաստան ռազմական հարաբերությունների և ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի հետ համագործակցության, ինչպես նաև Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հայտարարությունների, զինանադադարի իր խախտումների, 907-րդ հոդվածի և Ազատությանն աջակցելու մասին օրենքի կարևորության մասին:

Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի կողմից հավանություն ստանալուց հետո օրինագիծը հետագայում քննարկման կդրվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, ապա կհամաձայնեցվի սենատի  գործընկերների կողմից:

 

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply