Հոբբի, որի արդյունքում ստեղծվեց պրոֆեսիոնալ ծագումնաբանական հանրագիտարան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 18, 2012 16:26

«Եվրոպայի և հին աշխարհի կայսերական, թագավորական և ազնվական տոհմերի ծագումնաբանական աղյուսակների հանրագիտարան». չնայած անվան լուրջ պատմագիտական բովանդակությանը՝ 1100 էջանոց  հանրագիտարանն ընդամենը մեկ օրինակ է: Բանն այն է, որ 2009-ին տպագրված այդ  ծավալուն աշխատությունը ոչ թե  մասնագիտական գործունեության, այլ ընդամենը մեկ մարդու նախասիրության արդյունք է, որը 15 տարի շարունակ մանրամասն փաստեր ու տեղեկություններ է փնտրել, հավաքել, համեմատել և ի մի է բերել` պարզապես հաճույք ստանալով այդ քրտնաջան աշխատանքից:

Ահա ստեղծվեց մի հանրագիտարան, որը, ինչպես հեղինակն է ասում, իր տեսակի մեջ առայժմ միակն է՝ 1730-ականներից ի վեր: Դրա յուրահատկությունն այն է, որ աղյուսակների ձևով է, իսկ մինչ այդ եղածը տեքստային է, ինչը բարդացնում է նյութի ընկալումը և խառնաշփոթ առաջացնում:

Գրքում զետեղված է նաև աշխարհի տարբեր երկրների մոտ 600 զինանշան: Սակայն իր աշխատության ամենաարժեքավոր հատվածը հեղինակը համարում է հին աշխարհը, քանի որ  այդ ժամանակաշրջանի տոհմերի վերաբերյալ տեղեկություններն ամբողջ աշխարհում խորն ուսումնասիրված չեն, և չկա մի ամբողջական աշխատություն:  «Սկսեցի հետաքրքրվել Ֆրանսիայի միջնադարյան պատմությամբ, երբ կարդացի Ալեքսանդր Դյումայի բոլոր հատորները,- պատմում է Հակոբ Բարխուդարյանը, որ ինժեներ է, սակայն երբևէ չի աշխատել մասնագիտությամբ  Հայաստանի անկախացումից հետո ստեղծված իրավիճակի պատճառով,- ինձ հետաքրքրում էր Ֆրանսիայի ասպետականության, ազնվականության պատմությունը: Ես մի տետր էի վերցրել, որում բոլոր այդ ազնվականների փոքրիկ կենսագրականներն էի կազմում: Հետո փորձեցի կառուցել առաջին տոհմածառը: Եթե չեմ սխալվում, դա Կապեթինգների տոհմն էր»:

Այդ ժամանակ նա ընդամենը դպրոցական էր: Սակայն նախասիրությունը կամաց-կամաց վերածվում է լուրջ հետազոտական աշխատանքի, հատկապես` հայաստանյան ցուրտ ու մութ տարիներին, երբ Պոլիտեխնիկն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետն անգործ էր՝ ոչնչացված գործարանների իրողությանը դեմ հանդիման:

Նա ստեղծում է Ֆրանսիայի թագավորական ու իշխանական տների տոհմածառերը, որոնցից մեկը մոտ 6 մետր երկարություն ունի: Սակայն միայն Ֆրանսիայով չի սահմանափակվում. «Պատճառներից մեկն էլ այն էր, որ որոշ ֆրանսիական տոհմեր ներթափանցել էին ուրիշ երկրներ,- ասում է նա,- օրինակ` այժմ իսպանական թագավորական տոհմի ներկայացուցիչները՝ Բուրբոնները, ֆրանսիական ծագում ունեն, երկար դարեր  կառավարել են Ֆրանսիայում»:

Ֆրանսիայից հետո կազմում է Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, ապա Եվրոպայի մյուս բոլոր երկրների տոհմածառերը, հետո Հին աշխարհինը, այդ թվում` Հայաստանինը:

Հետաքրքիր է Ռուսաստանը, որտեղ թագավորական և ազնվական տոհմերի ճնշող մեծամասնությունը ռուսական ծագում չունի:

Բյուզանդական կայսրության  տոհմածառերը կազմելիս հեղինակի կասկածները փարատվել են. այո, բյուզանդական թագավորական տոհմերից մի քանիսը հայկական ծագում են ունեցել, այդ թվում՝ մակեդոնյանը, որը սերել է Մամիկոնյան տոհմից: «Երկար ժամանակ բյուզանդական թագավորների անձնական թիկնազորը բաղկացած է եղել հայերից, որոնք կոչվել են վարդ-պատրիկներ,- նկատում է նա,- բացի այդ, Բյուզանդիայի պատմությանը նվիրված բազմաթիվ աշխատություններում բյուզանդական կայսրության պատմագրությունը, այդ թվում նաև մշակութայինը, բաժանվում է 2 մասի՝ հունական և հայկական: Տոհմերից բացի, առանձին հայ կայսրեր էլ են եղել, օրինակ՝ Մորիկը, Ֆոկան, Լևոն V Հայը»:

Նույն ջանասիրությամբ էլ կազմվել են հայկական թագավորական տոհմածառերը: Հետաքրքիր է Կիլիկյան թագավորության վերջին տոհմի՝ Լուսինյանների պատմությունը: Նրանք թագավորության անկումից հետո տեղափոխվել են Ֆրանսիա՝ շարունակելով մոտ կես դար պահպանել հայոց թագավորական տիտղոսը: Շարլոտա Լուսինյանը, որ Կիլիկյան թագավորության վերջին տիտղոսակիրն էր, ամուսնանալով իտալացի Սավոյան դուքսերից մեկի հետ, նրանց է փոխանցել հայոց թագավորական տիտղոսը: Ի դեպ, Իտալիայի վերջին թագավորը՝ Վիկտոր Էմանուել Երկրորդը, նույնպես Սավոյան դուքսերի շառավիղն է (նա 1946 թ. գահընկեց արվեց, երբ Իտալիան հանրաքվեի միջոցով, 51 տոկոս ձայներով դարձավ հանրապետություն):

Մինչ հանրագիտարանը կազմելը, Հակոբ Բարխուդարյանը Ֆրանսիային, Իսպանիային և Իտալիային վերաբերող իր ուսումնասիրությունները տպագրել է նաև առանձին գրքերով: Դրանց օրինակներն այս պահին գտնվում են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում և համապատասխան 3 երկրներում: Գրքերի օրինակները կան նաև Հայաստանի ազգային գրադարանում և գիտությունների ազգային ակադեմիայի հիմնակազմ գրադարանում:

Աշխատությունը բավականին բարձր է գնահատվել հատկապես Իտալիայում. 2004 թ. հեղինակին ասպետի կոչում են շնորհել՝ Իտալիայի պատմության և մշակույթի տարածման գործում մեծ ավանդ ունենալու համար: Այդ մասին նրան տեղեկացրել է  Իտալիայի զինանշանների և ազնվականության ինստիտուտի ղեկավարը՝  Դոն Ֆրանչեսկո Մարիան, որ Օտրանտոյի դուքսն է:

Ցավոք, Հայաստանում աշխատության մասին քչերը գիտեն: Ճիշտ է, դրանով շատերն են հետաքրքրվել, այդ թվում և պատմաբաններ, որոնք այն ունենալու համար անգամ պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցներով մեկական օրինակ տպագրել, սակայն մինչ օրս լայնածավալ աշխատությունը ձեռք բերելու որևէ քայլ չեն կատարել համապատասխան մասնագիտական կառույցները, չնայած դրանցից մի քանիսը գրքի գոյության մասին իմացել են անձամբ հեղինակից:

 

Դիտվել է 1825 անգամ:
Print Friendly

Leave a Reply