Որո՞նք են քաղաքացիական կացության ակտերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 24, 2012 7:24

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի (ԱԺ կողմից ընդունվել է 2004 թ. դեկտեմբերի 8-ին, ուժի մեջ է մտել 2005 թ. ապրիլի 5-ին) 3-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական կացության ակտերը քաղաքացիների այնպիսի գործողությունները կամ դեպքերն են, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև բնութագրում են քաղաքացիների իրավական վիճակը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը.

ա) ծնունդը,

բ) ամուսնությունը,

գ) ամուսնալուծությունը,

դ) որդեգրումը,

ե) հայրությունը որոշելը,

զ) անվան փոխումը,

է) մահը:

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, ինչպես նաև դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինները (ՔԿԱԳ մարմին):

Ամուսնության, ծննդի, իր կողմից կատարված ամուսնության ամուսնալուծության պետական գրանցումը, ինչպես նաև իր կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառման մեջ փոփոխություն, լրացում կամ ուղղում կարող են կատարվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող Ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատում, իսկ մահվան գրանցումը Երևան քաղաքում կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող համապատասխան տարածքային մարմնում:

Օտարերկրյա պետություններում ապրող ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներն իրականացնում են այդ պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական hիմնարկները՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների հետ կապված գործունեությունը համակարգում և վերահսկում է ՀՀ արդարադատության նախարարությունը` կառավարության սահմանած կարգով:

ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է քաղաքացիական կացության ակտում համապատասխան գրառում կատարելու և այդ գրառման հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տալու միջոցով:

ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը, եթե «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն: ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը պետական գրանցման համար սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաստացի ստացման ժամանակն է, որը փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ նշվում է ստացված դիմումի վրա և գրառվում է փաստաթղթերի ընդունման մատյանում:

ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կամ աշխատողը իրավունք չունի իրականացնելու իրեն, իր ամուսնուն, ամուսնու և իր ազգականներին (ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր) վերաբերող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում: Նման դեպքերում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմնի այլ աշխատող կամ ՔԿԱԳ այլ մարմին:

Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և քաղաքացիական կացության ակտերի գրառումները կազմելու որակի համար պատասխանատու են ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և գրանցում կատարող աշխատողը։

ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող են կատարվել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1992 անգամ:
Print Friendly

Leave a Reply