«Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» Ֆիլմը կբացահայտի մեծ հային

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 19, 2012 15:14

Մանրակերտող Էդուարդ Ղազարյանն երկար տարիներ իր աշխատանքներով հիացնում և զարմացնում էր աշխարհին, ու թեպետ այդ աշխատանքները դեռ կշարունակեն մնալ որպես գլուխգործոցներ, արվեստի ու գիտության բացառիկ նմուշներ, ավաղ, այլևս նորերը չեն ծնվի:

Էդուարդ Ղազարյանի մանրաքանդակներն ապշեցնում են չափսերի փոքրությամբ:

Օրինակ` նա ասեղի անցքի մեջ Չառլի Չապլինին էր քանդակել, իսկ ասեղի վրա` պարի համույթներ կամ ուղտերի քարավան… Անզեն աչքով այս աշխատանքները տեսնել հնարավոր չէ. քանդակները «տեսանելի» են դառնում միմիայն խոշոր մանրադիտակների միջոցով:

Մի անգամ Էյնշտեյնի աշակերտ Ալեքսանդր Օտտոսցենը գրել է Էդուարդ Ղազարյանի շարժական քանդակների մասին.

– Եթե գիտությունն այս արագությամբ զարգանա, միայն 9000 թ. կկարողանա այս շարժումների գաղտնիքը բացահայտել բանաձևի տեսքով:

«Գուլիվերը և թզուկները», օրինակ,  պատրաստված են 200 ֆիգուրներով, որոնց շարժումները յուրահատուկ են և չեն կրկնվում:

Իր հարցազրույցներից մեկում Էդուարդ Ղազարյանը պատմում էր.

– Ցուցահանդեսներից մեկի ժամանակ Մոսկվա էի գնում: Ինձ հետ տանում էի Կալաշնիկովի փայտե ավտոմատը, որի վրա դրված էին աշխարհի տարբեր ժողովուրդների 40 երաժշտական գործիքներ: Ինքնաթիռն ինչ-որ խնդրի պատճառով վայրէջք կատարեց, և մենք պետք է տեղափոխվեինք ուրիշ ինքնաթիռ:

Ես տղայիս ասացի` ավտոմատը բեր: Բոլորը մտան նստարանների տակ` մտածելով, թե պիտի կրակեմ: Բայց ես տուփից հանեցի գործիքն ու սկսեցի նվագել: Այսպես ամբողջ աշխարհին ցույց եմ տալիս, որ հայերը կարողացել են զենքը վերածել երաժշտական գործիքների:

Մեծ հային ու մեծ վարպետին շատերը թերևս հասցրեցին շնորհակալություն հայտնել: 2002-ին վարպետը Լոնդոնի արվեստների ակադեմիայի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ», իսկ  ավելի քան չորս անգամ գրանցվել է  ռուսական «ԴԻՎՈ» ռեկորդների գրքում:

Ասում են` տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են ամեն ինչով: 89-ամյա արվեստագետը միլիոնից ավելի ծաղրանկարների, արկածային ժանրի մոտ 200 ստեղծագործությունների, երաժշտական գործիքների և բազում գյուտերի հեղինակ է: Դժվար է նրան բնորոշել` պարզապես կոչումներ հիշատակելով. նա արվեստագետ էր և եզակի էր աշխարհում: Միշտ ջանում էր իր արվեստի գաղտնիքները փոխանցել աշակերտներին, թոռնիկներին ու ծոռներին, սակայն գործն ավարտին հասցնել չկարողացավ:

Մաեստրոն հարցազրույցներ տալ շատ չէր սիրում, բայց չէր էլ կարող մերժել բոլորին: Էդուարդ Ղազարյանի մասին ծավալուն հրապարակումներ ներկայացրին աշխարհի հեղինակավոր թերթերը` սկսած ամերիկյան «Նյու Յորք թայմսից» մինչև ռուսական հայտնի պարբերականները:

Նրա մասին հեռուսատեսությամբ երբեմն հեռարձակվել են փոքրիկ ռեպորտաժներ, բայց ֆիլմ` ոչ:

Օրերս իմացանք, որ «ՕՐԴՖԻԼՄ» ֆիլմարտադրող ընկերությունը անցած տարի բաց չի թողել մեծ հայի մասին ֆիլմ նկարահանելու հնարավորությունը:

«Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմի ստեղծագործական անձնակազմը վստահեցնում է, որ տեսախցիկը համարյա միշտ աշխատում էր, քանի որ մաեստրոյի հետ աշխատանքը` իր դժվարություններով ու յուրօրինակ քմահաճություններով, ինքնին հետաքրքիր էր:

Ֆիլմը հատում է 26 րոպեի սահմանը. այն բացառապես կառուցված է մեծ մարդու, մեծ հայի խոսքի վրա:

«Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմի հեղինակն ու օպերատորը Հարություն Տոլանյանն է, ռեժիսորը` Հայկ Օրդյանը:

– Ասեմ, որ նկարահանումներն անցան դժվարություններով: Միկրոգործեր նկարահանելն արդեն բարդ է: Օրինակ` մարդու մազի վրա մեծ փղերի քարավանը, որ անզեն աչքով տեսնելն անհնար է, մի քանի հազար անգամ պետք է խոշորացնել, որ հնարավոր լինի տեսնել: Մենք ստիպված էինք հատուկ սարքեր գտնել, լինզաներ, որոնք տեսախցիկի համար են միայն: Հայաստանում նման լինզաներ գտնելը շատ դժվար է, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց նկարահանել այդ բացառիկ, յուրօրինակ աշխատանքները,-  ասում է Հարություն Տոլանյանը:

Մեր այն հարցին, թե հե՞շտ էր աշխատելը մաեստրոյի հետ, նա ժպիտով ասում է.

– Հանճարները տարօրինակություններ ունեն, և նա էլ բացառություն չէր… Գուցե դա տարիքից էր, բայց ֆիլմի նկարահանման ընթացքում շատ էին լինում պահեր, երբ մենք  մի բան էինք ասում, նա հակառակն էր անում: Քմահաճ բաներ ուներ, յուրօրինակ էր ու անկանխատեսելի… Ցավում եմ, որ նրան չեն գնահատել, ու գիտեմ, որ նա էլ էր սրտնեղում, որ իրեն չէին գնահատում, ինչպես հարկն է:

Իսկ ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը, ծանոթանալով, շփվելով Էդուարդ Ղազարյանի հետ, էլ ավելի է հիացել.

– Հասկացա, որ նա բացառիկ ինտելեկտուալ մարդ է, շատ լավ հումորի տեր, բարձր, շատ բարձր ճաշակ ուներ: Ասեմ, որ նկարահանումների ժամանակ մեզ առաջարկներ էր անում, ռեժիսորական լուծումներ տալիս: Կարծեմ ինքն իր համար ֆիլմ էլ ունի նկարած: Մինչև տեսախցիկը միացնելը հետաքրքիր բաներ էր պատմում իր մասին, կատակում էր, անկաշկանդ շփվում էր, բայց ես մտավախություն ունեի, որ  տեսախցիկը միացնելուն պես  կարող է փոխվել, ավելի վատ խոսել, բայց, ի զարմանս մեզ, նա խոսեց շատ ավելի լավ:

Ասենք, որ ֆիլմը եթեր է հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիքով: Հեռուստատեսային պրեմիերայից հետո օրերս  այն ցուցադրվեց նաև Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում: Ֆիլմի ցուցադրմանը զուգահեռ դահլիճում ներկայացվեցին նաև մեծ վարպետի բացառիկ աշխատանքները:

Ասենք, որ «ՕՐԴՖԻԼՄ» ընկերությունն այս օրերին բանակցում է նաև ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկի (ամենայն հավանականությամբ, ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի) հետ, և մոտ ապագայում հավանաբար ֆիլմը կցուցադրվի նաև համառուսաստանյան հեռուստաալիքով:

Ֆիլմը կշրջի նաև համաշխարհային փառատոներում, ինչը մեծ հային աշխարհին ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է:

Ավելացնենք միայն, որ աշխարհում մի քանի միկրոքանդակագործ կա, բայց Էդուարդ Ղազարյանը միակն է, որ կարողացել է շարժական քանդակներ ստեղծել: Դրա գաղտնիքը մինչև հիմա ոչ ոք չի կարողացել բացահայտել:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Դիտվել է 3715 անգամ:
Print Friendly

Leave a Reply