«Տունս Բաքվում է, բայց հայրենիքս Արցախն է»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 23, 2012 14:03

Վեներա Սարուխանյանն  Արցախում է ծնվել, հետո ընտանիքով տեղափոխվել են Ադրբեջան, ապրել  Բաքվում: Շարժման տարիներին ընտանիքով տեղափոխվել են նախ Երևան, ապա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Բաքվում տուն են ունեցել, աշխատանք, ունեցվածք: Ամեն ինչ թողել են, եկել: Անցալից միայն հիշողություններ են մնացել: Այդուհանդերձ տիկին Վեներան չէր ցանկանա հետ գնալ. Ադրբեջանում միշտ օտար են եղել, չնայած լավ հարևաններ են ունեցել, լավ ընկերներ….

«Ի՞նչ կարող եմ ասել, մեր տունն այնտեղ է, բայց հայրենիքս սա է: Մենք այդպես էլ այնտեղ մեզ հայրենիքում չենք զգացել, այնտեղ ես տանը չէի, միշտ եղել է մի բան, որ մեզ թույլ չի տվել նրանց հետ նույնանալ, մենք հայ էինք, նրանք` թուրք.… Մենք մեր մահացած հայերին տեղափոխում էինք Հայաստան, այստեղ էինք նրանց թաղում, քանի որ մտածում էինք` կարող է մի օր գնանք այստեղից»: Բաքվի ջարդերի ժամանակ նա եղել է Երևանում, իսկ հարազատները  հազիվ են փրկվել, սակայն հայրն այստեղ երկար չի ապրել. շուտով վշտից մահացել է: Տիկին  Վեներան մինչև հիմա էլ չի հասկանում` ինչպես եղավ պատերազմը, ամեն ինչ անսպասելի էր, միանգամից: Նա գիտի միայն, որ իրեն այդպես էլ չզգաց հիմնավորված, ոչ մի տեղ էլ չկարողացավ կապվել, քանի որ ոչ մի տեղ երկար չմնաց, հայրենիքն Արցախն է, իսկ տունը, տունը որտե՞ղ է:

Այժմ նա ԼՂՀ Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղի մանկապարտեզի վարիչն է: Այստեղ` հայ ժողովրդի պատմական հայրենիքում,  հիմնավորվել է, և հույս ունի, որ իրեն երբեք ոչ ոք չի ստիպի լքել այս հողը:

Եղեգնուտ գյուղը լեռան ստորոտին է:  Գյուղը ճանապարհի եզրին է, այստեղից երկու ճանապարհ կա. մեկը  տանում է դեպի պատմական Դադիվանք, իսկ մյուսով արդեն մտնում ես Եղեգնուտ:

Գյուղի դիմաց անվերջանալի թվացող ժայռերի  սիմֆոնիա է,  բնական պատնեշ, իսկ դրանք լրացնում է աչքը գրկող կանաչը:

Արդեն կիսամութ էր, երբ հասանք Եղեգնուտ: Մեզ դիմավորեց մի երիտասարդ` Բաբկեն Սարգսյանը, որը, ինչպես պարզվեց քիչ հետո, նորընտիր գյուղապետն էր:

Եղեգնուտում բնակվում է 217 մարդ:  1999-ից են վերաբնակեցրել: Տարբեր մարզերից մարդիկ եկել են, այստեղ հաստատվել:  Գյուղն ունի դպրոց, որտեղ կրթություն է ստանում  60 աշակերտ , և մանկապարտեզ` 18 սաներով: Քանի որ հենց ճանապարհի եզրին է, գյուղում միշտ շարժ կա, կյանքն այստեղ, շատ այլ գյուղերի հետ համեմատած, ավելի աշխույժ է:

Գյուղապետի խոսքով` գյուղացիները հիմնականում այստեղից արտագնա աշխատանքի չեն մեկնում. «1999-2006 թթ. չնչին արտահnսք եղել է, սակայն այն տները, որոնք լքել են, շատ արագ նորից բնակիչներ են ձեռք բերել, քանի որ այստեղ բավականին ակտիվ է, մարդիկ դեմ չեն այստեղ ապրելուն: Ազատ բնակարան չունենք»:

Գյուղի բնակարանները տրամադրվել են պետական ծրագրով, 47 տուն կա:

Սկզբում այնքան էլ հեշտ չի եղել. տարբեր մարզերից, միմյանց բոլորովին անծանոթ մարդիկ պետք է ապրեին միևնույն գյուղում: Սակայն ժամանակի ընթացքում նրանք լիովին հարմարվել են, ինչպես իրենք են ասում` մերվել իրար, բարեկամական կապեր հաստատել միմյանց հետ: Եղեգնուտում նախորդ տարվա ընթացքում գրանցվել է վեց ծնունդ, այս տարի` երկուսը: «Ծրագրում ևս երեքը կան, արդեն երևում են»,- կատակում է գյուղապետը:

Օկսանա Սարգսյանը Եղեգնուտ է եկել Հրազդանից: Ավարտել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը, բայց աշխատանք չի կարողացել գտնել, և ծնողների հետ տեղափոխվել է Եղեգնուտ, այստեղ տուն ու աշխատանք է ստացել. «Հիմա աշխատում եմ այստեղի դպրոցում: Աշխատանքի համար շատ գոհ ենք, բայց…. Կարոտում եմ Երևանը, շատ եմ կարոտում: Չեմ կարողանում հարմարվել, սիրտս էնտեղ ա, բայց դե այնտեղ էլ գործ չկա…»:  Օկսանան ցանկանում է կրթությունը շարունակել Երևանում և հիմա էլ աշխատանքներ է տանում այդ ուղղութամբ: «Բայց դե այստեղ էլ եմ կապվել, սովորել բնությանը, երեխաներիս»,- ասում է նա:

Սակայն Եղեգնուտում, որքան էլ տարօրինակ է, մարդիկ հողագործությամբ չեն սիրում զբաղվել, հիմնականում գյուղատնտեսական ապրանքները գնում են, մինչդեռ բնությունը բոլոր պայմաններն ապահովել է դրա համար: Գյուղացիներն իրենք էլ չեն կարողանում բացատրել` ինչու հողագործությամբ ու անասնապահությամբ չեն զբաղվում:

Այդուհանդերձ,  գյուղի բնակիչների մոտ 90%-ը զբաղվածություն ունի. մեծ մասամբ  պետական աշխատող են:

Եղեգնուտցիների համար շատ թանկ է ձեռք բերված խաղաղությունը, սակայն առավել կարևոր է այն պահպանելը, և դրա համար այստեղ յուրաքանչյուր ոք ամեն պահի պատրաստ  է զոհել ամենաթանկը` կյանքը:

 Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 1542 անգամ:
Print Friendly

Leave a Reply