Սթրեսները հանգեցնում են տնտեսական ճգնաժամի

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | May 22, 2012 12:54

Մարդիկ այնքան զբաղված են իրենց «ես»-ով,  սևեռված միայն սեփական անձի վրա, որ դառնում են անտարբեր շրջապատի նկատմամբ` էլ ավելի դժվարացնելով իրենց կյանքը և անգիտակցաբար խախտելով բնության հավասարակշռությունը:

Նման անհավասարակշռություն է նաև տնտեսական ճգնաժամը, որը պարբերաբար առաջացել է հատկապես արդյունաբերության քաղաքակրթության ժամանակ: Օրինակ`1900-1901 թթ. ճգնաժամը սկսեց ընդգրկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այնուհետև` մնացած երկրները` հանգեցնելով տարբեր պատերազմների, քանի որ մեկ երկրի տնտեսական վիճակը և դիվանագիտական հարաբերությունները կախված են մյուս երկրներից, այս կամ քաղաքական գործընթացը չի կարող ինքնամփոփ և բացարձակ անկախ լինել:

«Տնտեսական ճգնաժամը կարելի է քննարկել նաև էզոթերիկայի տեսանկյունից, քանի որ դրա մեջ մտնում է և՛ աստղագիտությունը, և՛ թվագիտությունը, և՛ ալքիմիան: Ճգնաժամը կապված է տիեզերական գլոբալ փոփոխությունների հետ, որոնք էլ իրենց հերթին փոխում են մեր աշխարհայացքը` հանգեցնելով համապատասխան վարքագծի»,- ասում է էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ մասնագետի` կյանքում ամեն ինչ պայմանավորված է զարգացմամբ` էվոլյուցիայով, շարժումով և դինամիկայով: Այդ փաստը Գ. Հովհաննիսյանը բացատրում է նրանով, որ էվոլյուցիան ժամանակահատված ունի, որի ընթացքն այսօր մի քանի անգամ արագացել է: Այսինքն` 500-1000 տարվա տեղի ունենալիքը կատարվում է հինգ ամսում: «Եթե մեր կյանքը համարենք փորձաշրջան, ապա այս փուլը մեր քննական շրջանի ավարտն է, որը զգում են հատկապես կանայք», – հավելում է էզոթերիկը: Նրա կարծիքով` այսօր գալակտիկական մասշտաբի փոփոխություններ են տեղի ունենում, և ոչինչ պատահական չէ: Յուրաքանչյուր մոլորակ իր դասավորությամբ և գործունեությամբ ազդում է երկրի այս կամ այն գործընթացի վրա, որոնց նպաստում են նաև մարդիկ իրենց մտքերով ու արարքներով:

«Երկրի վրա փոփոխությունները, այդ թվում նաև ճգնաժամը, բացատրվում են Լուսնի, Յուպիտերի, Մարսի և Վեներայի գործունեությամբ, որոնցով էլ պայմանավորված են մագնիսական դաշտերի փոփոխությունները: Այս բոլորը բերում են Երկրի լարվածության, հետևաբար` ճգնաժամի: Հատկապես նշանակալի դեր ունի Լուսինը, քանի որ այն ներգործում է մեր երկրագնդի ամբողջ ջրային համակարգի` հեղուկի վրա (նավթ, ջուր, արյուն), և էներգիաներ են կուտակվում: Իսկ Արեգակը (արևային բռնկումների 11-ամյա փուլը ևս) ազդում է կենսական ոլորտի վրա», – բացատրում է Գ. Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ` այսօր արևային բռնկումների 11-ամյա փուլերը փոփոխվել են, և այդ ակտիվությունը շարունակվում է անդադար` հանգեցնելով վախերի և դեպրեսիայի: Իսկ դեպրեսիան կապված է նոր էներգիայի (ոչ բացասական, ոչ դրական)  մեծ կուտակման հետ: Այսինքն` եթե մարդն այդ էներգիան իր կենսադաշտում չի ճանաչում, այն համարում է օտար և սկսում է պայքարել դրա դեմ, առաջանում են սթրեսներ: Գ. Հովհաննիսյանը վստահ է, որ նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել դեպրեսիաները, դառնում են ավելի ուժեղ, հակառակ դեպքում կարող են մահանալ: «Տոները, ընտրությունները ևս բերում են սթրեսներ, իսկ տոները ոչ այլ ինչ են, քան դրական դաշտ ստեղծելու և մինչև մյուս տոնը ապրելու հնարավորություն»,- ասում է մասնագետը:

Այն հարցին, թե որ երկրներն են գտնվում ռիսկային գոտում, Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանում է. «Առաջ ճգնաժամային թիրախ համարում էի Ռուսաստանը, բայց այն անցավ ԱՄՆ, հատկապես Հարավային Ամերիկա: Թեպետ Հայաստանը գտնվում է Երկվորյակների համաստեղության ազդեցության ներքո, որը պատասխանատու է հայերիս փոփոխվող բնավորության համար, քաղաքականապես կայուն կմնա: Սակայն մեզ մոտ էվոլյուցիոն գործընթացները մի քիչ դանդաղ են»: Ըստ նրա` 2012 թվականը կապված է Լուսնի չորս փուլերի հետ, իսկ ամենալուրջ փոփոխությունները` վերջին փուլի հետ: Սատուրնը, որը ևս արմատական փոփոխությունների պատասխանատուն է, տեղափոխվելու է վերջին հատված (դեկտեմբերի վերջը)` Կարիճի նշան, ինչը լուրջ փոփոխությունների և կործանումների պատճառ կդառնա: «Այդ փոփոխությունները, ինչպես Հայսատանում, այնպես էլ այլ երկրներում, կարտահայտվեն վախով, կասկածով և ավելորդ սթրեսներով: Սակայն 2013 թվականից հետո, ըստ մայաների օրացույցի, մարդիկ կսկսեն զգալ ազատության «շունչը»:  Բայց  դա կարող է էլ ավելի բարդացնել հատկապես նրանց կյանքը, ովքեր դեռ չեն ձերբազատվել վախերից»,- նշում է Գ. Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ` չկան խնդիրներ, դրանք պարզապես մենք ենք ստեղծում, որպեսզի գիտակցենք ինքներս մեզ և կարողանանք հարցերին պատասխան գտնել: Ուստի մեր ընտրությունից է կախված` ուր կգնանք և ինչ հունով կտանենք մեր կյանքը:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply