Ժամանակ է հարկավոր դիակիզման փաստն ընդունելու համար

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 20, 2012 16:45

Երևանում ամեն ամիս հողին է հանձնվում 500-600 մարդ, տարեկան այդ թիվը հասնում է 6000-ի: Մայրաքաղաքի 7-8 տոկոսը գերեզմանատուն է, իսկ հուղարկավորության ներկայիս կարգի պահպանվելու դեպքում, մոտավոր հաշվարկներով , 2050 թվականին այդ տարածքները կկազմեն 30-40 տոկոս:

Ըստ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ ինժեներ Ռազմիկ Հարությունյանի` «Հայաստանում պարտադիր պետք է գործեն դիակիզարաններ, որովհետև երկրում այլևս հողատարածքներ չկան գերեզմանատների համար, բայց ժողովուրդը որքանով դա կընդունի կամ արդյոք կկիրառի` դժվար է ասել»:

Երևանում գոյություն ունի 21 գերեզմանատուն, որից 11-ը մասնակի փակ են (ինչը նշանակում է, որ նրանցում սպառված է նոր գերեզմանատների հատկացումը, իսկ 10-ը բաց են):

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2006 թ. հունվարի 1-ին, սակայն մինչ օրս ո՛չ դիակիզարան կա, ո՛չ էլ այն սարքը, որով իրականացվում է դիակիզումը:

Օրենքի հեղինակն ԱԺ նախկին պատգամավոր Վլադիմիր Բադալյանն է: Նա նշեց, որ թե՛ սանիտարահամաճարակային, թե՛ էկոլոգիական առումով այս եղանակն արդարացված է: «Դիակիզումը կարող է իրականացվել միայն մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր համաձայնությամբ»,- ասաց նա:

Հայաստանի Առաքելական եկեղեցին կտրականապես դեմ է հուղարկավորության այլընտրանքային այս ձևին` դիակիզմանը` համարելով այն ամբողջությամբ հակառակ մեր հավատքին:

«Դիակիզումն անհարիր է հայի մտածողությանը, այն խաթարում է մեր ազգային և քրիստոնեական նկարագիրը: Համոզված եմ, որ հայորդիներից և ոչ  ոք չի օգտվի այդ ծառայությունից,- նշեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:- Աստվածադիր օրենք է` «հող էիր և հող պիտի դառնաս»:

Տեր Հակոբի համոզմամբ` հողատարածքները կարելի է պահպանել վերահուղարկավորության միջոցով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում օրենքն արդեն ընդունվել է և ուժի մեջ է, դեռևս ոչ ոք չի դիմել դրա կիրառմանը:

Դիակիզումը տեղի է ունենալու ոչ թե այրման, այլ էլեկտրական բարձր լարման հոսանքի միջոցով: Հուղարկավորության այս ձևը կիրառվում է ՌԴ-ում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք այլ երկրներում:

Տաթև Ստեփանյան

Դիտվել է 1775 անգամ:
Print Friendly

Leave a Reply