Մեր կամքով ենք պարտվում տեղեկատվական պայքարում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 21, 2012 7:00

Վերջին խորհրդարանական ընտրությունների թոհուբոհի մեջ եղան մի քանի առանձնահատուկ դեպքեր, որոնցից, սակայն, միայն մեկը լայն արձագանք ստացավ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում գրանցված միջադեպերին: Մասնավորապես` Դովեղ գյուղի գնդակոծմանը, ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից հայ զինվորականների սպանությանը սահմանից ներս և մի շարք տեղամասերում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին:

Բայց ամենևին չվերարտադրելով հիշյալ դեպքերը, դրանք կարելի է քննարկել տեղեկատվական պայքարի համատեքստում:

Բազմիցս գրեթե բոլոր պետական, հասարակական և քաղաքական գործիչների կողմից նշվել է, որ հաղթելով Ադրբեջանին ռազմաճակատում` այժմ պարտվում ենք տեղեկատվական պայքարի բնագավառում: Սա, կարելի է ասել, արդեն դարձել է օբյեկտիվ իրականություն: Եվ այդ դեպքերի ժամանակ, երբ արդեն իսկ տեղյակ լինելով, թե ինչ է կատարվել, փորձում էինք  ստանալ պաշտոնական տեղեկատվություն, ջրի երես ելավ մի պարզ ճշմարտություն: Պարտվում ենք տեղեկատվական պատերազմում, որովհետև չենք ուզում հաղթել: Ամենևին էլ զարմանալի չէ` մեր պետական ապարատի բյուրոկրատական  համակարգը չի ուզում, որ մենք հաղթենք նաև տեղեկատվական պայքարում:

Մասնավորապես` ադրբեջանական լրատվամիջոցները միշտ առաջինն են աղաղակում միջադեպերի մասին: Եթե նույնիսկ մինչև նրանց հարայ-հրոցը քաղաքացիական անձանցից ինչ-որ տեղեկություն է հոսում դեպի խմբագրություններ, ապա մեր պետական պատկան մարմիններն այնքան են ուշացնում դրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը, որ արդյունքում ստացվում է` ադրբեջանցիներն էլի առաջինն են աղաղակում: Սա, ընդ որում, ամենևին էլ միայն ՊՆ-ին չի վերաբերում: Նայենք թեկուզ միջխորհրդարանական հանձնաժողովների, արտգործնախարարության և այլ պետական մարմինների միջազգային համագործակցության շրջանակներում կատարվող աշխատանքները, որոնց ինչ-որ կերպ առնչվում են նաև ադրբեջանցիները: Նրանք միշտ սադրիչ, ապատեղեկացնող տվյալներ են հրապարակում և միշտ առաջինը: Իսկ մերոնք հետո մի իքս ժամանակ վատնում են դրանք հերքելու վրա: Սա արդեն դարձել է մեզ համար աղետալի օրինաչափություն:

«Իհարկե, տեղեկատվության դաշտի կանոն է, որ երբ մի որևէ  իրադարձություն է  տեղի ունենում, այդ իրադարձության մասին հասարակությունը սկսում է կարծիքներ փնտրել: Դա լավ առիթ է ասեկոսեների տարածման համար: Ու եթե ինչ-որ առիթից հետո ուշադիր լինենք, տեղեկատվական դաշտում ինչ տեսակ ասեկոսեներ ասես տարածվում են: Բայց դրանք շատ դեպքերում ապակողմնորոշող դեր ունեն և ապատեղեկատվություն են տարածում և հասարակությանը շեղում իրական հարցերից: Բայց այդ ասեկոսեներն ու ապատեղեկատվությունը տարածվում են, որովհետև համապատասխան կառույցները չեն կարողանում ժամանակին կամ համապատասխան ձևով արձագանքել, հասարակությանը բավարարող տեղեկատվութուն տալ, որ ասեկոսեներն ու ապատեղեկատվություն տարածել հնարավոր չլինի: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ, որ կա, բայց մեզ մոտ այն ավելի ընդգծված է, քանի որ մեր պետական կառույցներում բյուրոկրատական համակարգն ահավոր դանդաղաշարժ է»,- իր դիտարկումները ներկայացրեց տեղեկատվական պատերազմների փորձագետ Վահրամ Միրաքյանը:

Իհարկե, հաշվի առնելով ներկա ժամանակների տեղեկատվական պոտենցիալը, հոսքերն ու հնարավորությունները` պետական մարմինը պաշտոնական տեղեկությունը հաղորդելիս պետք է առնվազն իր օպերատիվությամբ չզիջի մյուս այլընտրանքային տեղեկատվության աղբյուրներին: Շատ լավ կլինի,  եթե առաջինը տեղեկատվություն մատուցի. դա ամենացանկալի տարբերակն է, բայց գոնե ամենավերջինը չլինի: Քանի որ այդ դեպքում մարդու, հասարակության առանձին անդամների և ամբողջ հասարակության մեջ սկսվում է  տեղեկատվության սով, որը ստեղծում է ազատ տարածք` վակուում, իսկ դա նշանակում է, որ համապատասխան տեղեկատվության բացակայության պարագայում այդ վակուումը կլցվի ամեն տեսակ աղբով: Իսկ եթե այդ դեպքում հակառակորդի «աղբ մատակարարողները»` քարոզչամիջոցները, աշխատում են ժամացույցի պես, ապա դա արդեն ազգային անվտանգության անմիջական սպառնալիք է ստեղծում: Իհարկե, հասկանալի է, որ այստեղ կա նաև օբյեկտիվության և ճշգրտության խնդիր:

«Պաշտոնական տեղեկությունը պետք է լինի ստույգ, ճշտված, հավաստի և չպետք է պարունակի անորոշության, անճշտության տարրեր: Իսկ որպեսզի հենց թեկուզ ՊՆ-ից ստացվող տեղեկությունը լինի այդպիսին, հարկավոր է որոշ ժամանակ, որպեսզի այդ տեղեկության հավաստիությունը ճշտվի վստահելի աղբյուրներից,  վստահելի միջոցներով ստացվի հավաստի տեղեկություն և նոր միայն մատուցվի հանրությանը: Սա պատասխանատու մոտեցում է, որովհետև մի ինչ-որ լրատվամիջոց կարող է լինել անպատասխանատու և օպերատիվության հետևից ընկնելով` իրեն թույլ տա անճշտություն կամ չճշտված տեղեկությունների հրապարակում: Բայց դա պատասխանատու մոտեցում չէ, որովհետև մարդիկ հակված են վստահել լրատվամիջոցին»,- պարզաբանեց ռազմական հոգեբան  Դավիթ Ջամալյանը:

Իսկ պետական համակարգն իրեն  նման բան թույլ տալ չի կարող: Այս պարագայում շատ հակասական իրավիճակ ունենք: Մի դեպքում հարկավոր է օպերատիվ տեղեկություններ հաղորդել, ընդ որում, ամենատարբեր խնդիրների վերաբերյալ, մյուս կողմից` այդ տեղեկությունը հաղորդելու համար հարկավոր է վստահ լինել դրա հավաստիության հարցում: Մասնագետներն այս վիճակը շտկելու համար առաջարկում են, որ պետական համակարգը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մեր դարաշրջանի վերջին պահանջներին համաձայն, մի քիչ ավելի ավտոնոմ դառնա: Ինքնուրույնություն պետք է դրսևորել` օպերատիվություն ապահովելու համար: Այսինքն` շատ բարդ հարց է, հնարավորինս պետք է բարձրացնել օպերատիվությունը, որպեսզի նախարարության պաշտոնական օղակներն առավելագույն բարձր որակով կարողանան արձագանքել իրադարձություններին: Իսկ այդ նպատակով պետական պատկան մարմինների համապատասխան մարմինները, բացի ներքին բյուրոկրատական համակարգի բարենորոգումից,  պետք է նաև հայրենական լրատվամիջոցներին դիտարկեն որպես գործընկեր, և նրանց վստահելով ու ապավինելով` արդյունավետ աշխատեն: Եվ բոլորի հետ, ոչ թե մեկ-երկու ֆավորիտների:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply