Հայաստանի տարածքում սպասվում են կոալիցիաներ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 17, 2012 17:30

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում երևակվեցին մի շարք քաղաքական «սև անցքեր», որոնք մինչ այդ գրեթե չէին երևում, համենայն դեպս` անզեն աչքով: Ընտրություններից հետո ընտրապայքարող քաղաքական ուժերից  մի քանիսը կանգնել են գոյությունը դադարեցնլու վտանգի առջև:

Օրինակ` ՀԱԿ-ը: Դեռևս մինչև ընտրությունները քաղաքագետներն ու վերլուծաբաններն ահազանգում էին, որ «արմատական ընդդիմության» պատն արդեն ճաքեր է տվել: Եվ այդ ճաքերը պայմանավորված էին ՀՀԿ-ի հետ երկխոսության գնալով: Արդեն պարզ էր, որ ՀԱԿ-ում «համախմբված» ուժերն ու անհատներն այնքան էլ ժողովրդի դարդով չեն տապակվում և  ավելի շուտ պաշտոնակռվի ազատամարտիկներ են դարձել: Հավանաբար հենց այդ պատճառով էր, որ իշխանությունների հետ երկխոսության գնալուց հետո մի խումբ ՀԱԿ-ականներ լքեցին նրա շարքերը և ստեղծեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Ասել է թե` հույսները կտրեցին ՀԱԿ-ի պաշտոններից ու պաշտոն ձեռք բերելու «դիվերսիֆիկացված» այլընտրանք գտան` «Ժառանգությանը»:

Բայց դե ՀԱԿ-ի կազմում դեռևս մնացողները հույսները դեռ չէին կտրել պաշտոններից  (ներկա իավիճակն այդ է ցույց տալիս) և սպասում էին ԱԺ ընտրություններում իրենց «փայը» պոկելուն: Բայց այ քեզ փորձանք: ՀԱԿ-ը մնաց միայն 6 մանդատով: Ու հայտարարեց, որ վերցնելու է իր «շահած» մանդատները` մոռացած, որ մինչ այդ հայտարարել էր, որ ընտրություններն անցել են խախտումներով, և եղել են «չընտրություններ»: Երկրորդ անգամ չէին կարող, չէ՞, հրաժարվել մանդատներից, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Բայց ՀԱԿ-ից հեռացողներ, այնուամենայնիվ, եղան: Օրինակ` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարվեց իր մանդատից և հայտարարեց, որ չի բացառում` իր ղեկավարած կուսակցությունը դուրս գա ՀԱԿ-ի կազմից: «Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորի, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը»,- նշեց Արամ Սարգսյանը: ՀԱԿ-ի անդամ  «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանն էլ դիմել է ԿԸՀ` պահանջելով իրեն վերադարձնել Երևանի ավագանու իր մանդատը: ՀԱԿ-ը լքեց նաև Գյումրու գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը, որ նույնպես կարծում է, թե ՀԱԿ-ը կորցրել է իր հեղինակությունն ու վարկանիշը` երկխոսելով ՀՀԿ-ի հետ, հետո էլ ԲՀԿ-ի հետ համագործակցելով: Մի խոսքով, ընտրություններից հետո ՀԱԿ-ն ակնհայտորեն թուլացավ:

Երկրորդ դիտարկումը վերաբերում է կոալիցիա կազմելուն: Նախ` ինչպես արդեն բազմաթիվ քաղաքագետներ ու քաղտեխնոլոգներ նշել են, ՀՀԿ-ին ուղղակի օդ ու ջրի պես պետք է կոալիցիան: Եվ միայն «Եվրոպայի աչքին թոզ փչելու» նպատակով, քանի որ Արևմուտքում այնքան էլ չեն խրախուսում միակուսակցականությունը, այդ պատճառով ՀՀԿ-ի միահեծանությունը կարող է դառնալ եվրոպական «ռոճիկները» կտրելու պատճառ: Իսկ այս դեպքում գլխավոր քննարկվող ու շրջանառվող հարցը մնում է մեկը` արդյոք ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ մյուս «առաջատարի»` ԲՀԿ-ի հետ, թե՞ կնախընտրի մանր «բանկա-բուտիլկաներին» թխսկան հավի պես թևի տակ հավաքել: Առավել ևս, երբ ժողովրդի մեջ ակնհայտ կարծիք է ձևավորվել, որ «170 հազար անդամ ունեցող» ՕԵԿ-ին հենց ՀՀԿ-ն մանդատներ «նվիրեց»:

Իսկ «Ժառանգությունն» էլ ինչ-որ պրոհհկական խաղեր է տալիս: Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարել է, որ մանդատները չվերցնելու պատճառներ չունեն: Այդ դեպքում արդյոք «Ժառանգությունը» սիրահոժար չի՞ տրվի ՀՀԿ-ին, թե՞ կնախընտրի «բռնաբարված ընդդիմադիրի» գութ շարժող կերպարը: Դա դեռ կերևա, քանի որ կուսակցությունում դեռ հստակ չեն ասում` կմտնե՞ն, վերջիվերջո, այդ գրողի տարած կոալիցիայի մեջ, թե՞ ոչ:

Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նա կոալիցիայի առումով երկու ճանապարհ ունի, երկուսի դեպքում էլ` կորցնելու բան: Նախ` եթե մտնի կոալիցիայի մեջ, կկորցնի իր նախընտրական շրջանի «ընդդիմախոսի» կերպարը և բազմաթիվ մարդկանց վստահությունը, որոնք, ի դեմս ԲՀԿ-ի, տեսնում էին ՀՀԿ-ի ամենալուրջ ու ամենաէական այլընտրանքին:  Սակայն ԲՀԿ-ն կշարունակի շահել, նույնիսկ ընդլայնել իր վարչական ռեսուրսների զինանոցը: Բայց այստեղ պետք է մի վերապահում անել. արդյոք ԲՀԿ-ի «ընտրողները» միայն գաղափարական հենքով կողմնորոշվածնե՞րն են, թե՞ տրակտորները, ակնոցներն ու այլ «բարեգործությունները» ևս դեր խաղացել են… Խուսափում ենք մեկնաբանությունից: Մյուս տարբերակով  ԲՀԿ-ն չի մտնի կոալիցիա, արդյունքում մի քանի հարյուր կամ հազար մարդու վստահությունը կպահպանի, բայց կկորցնի վարչական ռեսուրսները: Թե որը կընտրի կուսակցությունը, ցույց կտա մոտ ապագան: Իսկ կոալիցիա կազմելը, ինչպես փաստել էին տարբեր առիթներով քաղաքագետներ Լևոն Շիրինյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը և այլք, կլինի «քաղաքական ԲՀԿ-ի»` երկրորդ ՕԵԿ դառնալու «թռիչքուղին»: Այնպես որ, հեշտ չէ այժմ ԲՀԿ-ի համար: Առավել ևս, որ նախընտրական շրջանում կուսակցությանը «սոլիդություն» հաղորդած մի շարք քաղաքական գործիչներ, մասնավորապես` Վարդան Օսկանյանն ասել է. «Ինձ համար դա միանշանակ է: Նախընտրական արշավի ընթացքում ես պայքարել եմ քաղաքական մենաշնորհի դեմ: Ես շարունակելու եմ պայքարը, քանի դեռ այդ երևույթն արմատախիլ չի եղել և առողջ քաղաքական համակարգ չի ստեղծվել` հիմնված հակակշիռների վրա: Առաջիկայում կիմանանք` ԲՀԿ-ն կդառնա այդ հակակշիռը, թե ոչ»:

Բայց ՀՀԿ-ն էլ դեռ չի շտապում իր «հյուրընկալ դռները» բացել կոալիցիա կազմելու համար: ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը հայտարարել է. «Որևէ կոալիցիա ինքնանպատակ չի ձևավորվում, դա ձևավորվում է  ծրագրերի և գաղափարների շուրջ, ամենակարևորն այն է, որ գնում ենք նախագահական ընտրությունների, մենք կաշկանդված չենք, մենք մեծամասնություն ենք»: Նա նշել է նաև, որ ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի միայն այն քաղաքական ուժերի հետ, որոնք նախագահական ընտրություններում կսատարեն իրենց նախագահին` Սերժ Սարգսյանին: Գալուստ Սահակյանն էլ նշել է, որ միայն հաջորդ շաբաթ պարզ կլինի` իրենք կկազմե՞ն կոալիցիա, թե՞ կշարունակեն վայելել քաղաքական մեծամասնության բարիքները:

Կոալիցիային անդամակցել-չանդամակցելու առումով որևէ քննարկում չի եղել ՀՅԴ-ում: Նրանք, ամենայն հավանականությամբ, մաս չեն կազմի իշխանական կոալիցիային: Բայց եթե ԲՀԿ-ն չմտնի կոալիցիա, ապա, շատ հնարավոր է, որ ԱԺ-ում ձևավորվի մի նոր ֆենոմեն` ընդդիմադիր կոալիցիա ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և երևի ՀԱԿ-ի մասնակցությամբ, եթե հաջողվի հարթել ՀՅԴ-ՀԱԿ «ավանդական» թշնամանքը:

Դիտվել է 1444 անգամ:
Print Friendly

Leave a Reply