Հոսպիտալի պետ. բանակում գերակշռում են սեզոնային հիվանդությունները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 21, 2012 12:00

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բուժվող զինվորների թիվը, նախորդ տարիների համեմատ, ո՛չ աճել է, ո՛չ էլ նվազել: Հիվանդություններն էլ սեզոնային բնույթ ունեն. աշնան և ձմռան ամիսներին շատ են սուր շնչառական հիվանդությունները, իսկ գարնանը և ամռանը` աղիքային վարակները: Այս տարի համեմատաբար շատ են եղել թոքաբորբի դեպքերը, ինչը,  ըստ հոսպիտալի պետ, փոխգնդապետ Հրաչ  Եգորյանի, պայմանավորված է եղանակային կտրուկ անցումներով, ինչպես նաև` հիվանդության վարակիչ բնույթով:

Եգորյանը, սակայն, հրաժարվում է որևէ թվային տվյալ նշել: Ընդհանրապես հոսպիտալում լրագրողների հետ շփումներում շատ ավելի զգուշավոր ու փակ են, քան զորամասերում  ու անգամ սահմանին:

Եգորյանը նշում է, որ սեզոնային հիվանդություններից բացի, զինվորների մոտ նկատվում են ճնշման տատանման, ատամների հետ կապված խնդիրներ, աղեստամոքսային համակարգի հիվանդություններ: «Մի մասը նախկինում նման խնդիրներ ունեցել է, ծառայության ընթացքում, պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հիվանդությունն արտահայտվում է»:

Փոխգնդապետը նշում է, որ որոշ հիվանդություններ էլ աստիճանաբար նվազում են. «Տարիներ առաջ տուբերկուլյոզով հիվանդների թիվը զգալի էր, բայց վերջին 10 տարիներին  մի անգամ կրճատվել է, նույնը դիզենտերիայի, հեպատիտի մասին: Վերջին տարիներին դեղնախտի դեպք չեմ հիշում, դիզենտերիայի դեպքերը ևս բացառիկ են դարձել»: Եգորյանն այդ ամենը պայմանավորում է նրանով, որ բարելավվել են զորամասերի կենցաղային ու շենքային պայմանները, թիկունքային ապահովումը, ջրի խողովակները փոխվում են, ջրի հետազոտություններ են պարբերաբար կատարվում:

«Ցանկացած մարդու օրգանիզմը սովոր է իր ծննդավայրի ջրին,- ասում է Եգորյանը` անդրադառնալով Արցախի ջրի որակին:-  Այստեղ միկրոբային առումով նույն ջուրն է, տարբեր է աղային կազմը: Օրինակ` Գառնիի ջրի համեմատությամբ` այստեղի ջրի աղային պարունակությունը բարձր է»:

Սննդային թունավորումների մասին խոսելիս  հոսպիտալի պետը նշում է, որ նման դեպքերը քիչ են, ու խորհուրդ է տալիս ծնողներին իրենց զավակներին այցելության գնալիս կրեմով խմորեղեն կամ շուտ փչացող սնունդ չտանել. սննդային թունավորումների հիմնական պատճառը տնից ուղարկված սնունդն է:

Փոխգնդապետը հավաստիացնում է, որ ունեն որակյալ ու բավարար քանակությամբ մասնագետներ, որոնք զինվորներին պատշաճ բուժօգնություն են ցույց տալիս: Ասում է, որ բուժանձնակազմը  ԵՊԲՀ-ն ավարտած երիտասարդ կադրերով է համալրված,  չնայած կան նաև պատերազմն անցած ու դեռ ծառայող կադրեր: Պարբերաբար բժիշկները և բուժքույրերը նաև վերապատրաստման են մեկնում Երևան. «Ներկա պահին արդեն 3 մարդ վերապատրաստման է մեկնել Երևան: Ե՛վ  բժիշկների, և՛ բուժքույրերի ցուցակը պատրաստ է, թե ով երբ պետք է մեկնի վերապատրաստման: Ներկա պահին էլ  մասնագետի պակաս չկա»:

Նկատառմանը, թե տնից զինվորներին հաճախ դեղորայք են ուղարկում,  Եգորյանը նշում է, թե իրենք ունեն բավարար քանակությամբ դեղորայք, որը հարկ եղած դեպքում զինվորներին է հատկացվում, և տնից դեղորայք ուղարկելու կարիք չկա: Նրա խոսքով` հեռախոսազրույցների ընթացքում ծնողները  իմանում են իրենց տղայի ունեցած գանգատների մասին և փորձում դարման անել. «Օրինակ` գլխացավի համար անալգին են ուղարկում, մինչդեռ գլխացավը տարբեր պատճառներ ունի, ու հնարավոր է, որ այդ դեղորայքը վնաս է տվյալ հիվանդությանը»:

Եթե զինծառայողին երկարատև բուժում է պահանջվում կամ խորացված հետազոտության, ծառայության համար պիտանելիության որոշման հարց կա, տեղափոխում են Երևան` կենտրոնական հոսպիտալ: Եգորյանի հավաստմամբ` ունեն բավարար քանակությամբ միջոցներ` փոխադրումները ժամանակին կատարելու համար:

Վնասվածքաբանության բաժանմունքի պետ Վահան  Ոսկանյանն ասում է, որ իրենց բաժինը հոսպիտալում ծանրաբեռնվածներից չէ. բանակում տրավմատիզմի աստիճանը ցածր է: Նրա խոսքով` քիչ, բայց պատահում է, որ վնասվածքը միջանձնային հարաբերությունների հետևանք է, սակայն հիմնականում դրանք առաջանում են ուսումնական վարժանքների ժամանակ:

Հարցին, թե արդյոք դժգոհ չէ, որ  Երևանից այդքան հեռու է ծառայում, նշում է. «Նշանակվել եմ հրամանով: Հրամանը քննարկման չի ենթարկվում, կատարվում է անվերապահորեն»:

Սերգեյ Գուլոյանն էլ այստեղ արդեն տարուց ավելի է, որ ծառայում է: Մասնագիտությամբ օրթոպեդ-վնասվածքաբան է,  ԵՊԲՀ-ն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է, ապա բանակ զորակոչվել: Ասում է, որ ռազմական բժշկությունն իր առանձնահատկություններն ունի, սակայն բժշկի համար ամեն տեղ էլ աշխատանքը նույնն է` հիվանդներին է բուժում: «Երևի զինվորական համակարգում աշխատելն ավելի հեշտ է, հիմնականում շփվում ենք զինվորների հետ, նրանք երիտասարդ  են, օրգանիզմի վերականգնվելու պոտենցիալն էլ մեծ է»,- ասում է Գուլոյանը և հավելում, թե բացառված չէ, որ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակի աշխատել ռազմական բժշկության ոլորտում:

Հոսպիտալում շրջայցի ընթացքում նկատում ենք, որ պատին փակցված են հոսպիտալի պետի և ՊԲ հրամանատարի հեռախոսահամարները: Եգորյանը նշում է, որ իրեն զանգահարում են հիմնականում հոսպիտալում պառկած զինվորների ծնողները` հետաքրքրվելու իրենց զավակի խնդիրներով և տեղեկանալու, թե հետագա խնամքի համար վերականգնողական արձակուրդ լինելու է, թե ոչ:

Հոսպիտալում բուժում ստացողներից է 22 ամսվա ծառայող Տիգրան Ներսիսյանը:  Նա մկանային ճողվածք ուներ և մեր այցելության հաջորդ օրը պետք է վիրահատվեր: Ասում է, որ խնդիրն ունեցել է մինչև զորակոչվելը, բայց չի խանգարել: Ծառայության ավարտին միայն սկսել է խանգարել իրեն. «Ծառայության ընթացքում էլ խնդիր չի առաջացրել, վերջերս սկսեց հոգնեցնել, զորամասի բուժկետում ստուգում անցա, բերեցին  այստեղ»: Բժիշկն էլ նշում է, որ վիրահատությունից 10 օր անց Ներսիսյանը ծառայության կվերադառնա, սակայն մեկ ամիս ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ազատված կլինի:

Սպաների ներկայությամբ զինծառայողները կաշկանդված են խոսում, նշում, որ գոհ են բուժսպասարկումից, որևէ դժգոհություն չունեն:

Նյութը պատրաստվել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿի և ԼՂՀ ՊԲ աջակցությամբ

Դիտվել է 2351 անգամ:
Print Friendly

Leave a Reply