Հայ ֆիլատելիստը բաց է թողնելու լոնդոնյան օլիմպիական խաղերի ցուցահանդես-մրցույթը
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | May 22, 2012 7:00
Անկախացումից հետո ամեն օլիմպիական խաղերից առաջ ծրագրվում է, որ հայկական մի քանի նամականիշ պետք է թողարկվի` նվիրված այդ ստուգատեսին: Թե այս առումով ինչ վիճակ է Լոնդոնում 2012-ի ամռանը կայանալիք օլիմպիական խաղերից առաջ, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության նամականիշների թողարկման հանձնաժողովի անդամ, ճանաչված ֆիլատելիստ Յուրի Կուպալյանին:
– Հայաստանում առաջին անգամ 1992-ին թողարվել էր 4 նամականիշ` նվիրված Բարսելոնում կազմակերպված օլիմպիական խաղերին: Հետո արդեն ամեն օլիմպիական խաղերի առիթով տպագրվում էր մի քանի նամականիշ: Լույս է ընծայվել 3-ական նամականիշ` նվիրված 1996-ին Ատլանտայում, 2000-ին Սիդնեյում, 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերին: Իսկ ահա 2008-ին Պեկինում անցկացված օլիմպիական խաղերի պատվին թողարկվել է 1 նամականիշ: Ընդ որում, չեն անտեսվել նաև ձմեռային օլիմպիական խաղերը: 2006-ին, երբ օլիմպիական խաղեր անցկացվեցին Թուրինում, իսկ 2010-ին` Վանկուվերում, դարձյալ նամականիշներ էին պատրաստվել: Առաջիկա` լոնդոնյան օլիմպիական խաղերի կապակցությամբ նախատեսված էր թողարկել1 նամականիշ: Սակայն հանձնաժողովում առաջարկ եղավ այդ թիվը հասցնել 3-ի, և այդպես էլ պետք է արվի:
– Օլիմպիական խաղերին նվիրված հայկական նամականիշներն առավել հետաքրքրություն կներկայացնեն, եթե մինչև այդ ստուգատեսը տպագրվեն:
– Իհարկե, դրանք պետք է պատրաստ լինեն մինչև խաղերի մեկնարկը: Նախ պետք է վաճառք իրականացվի Հայաստանում, հետո` օլիմպիական խաղերի մայրաքաղաքում: Կարգն է այդպիսին:
– Արտասահմանում ի՞նչ գնով են վաճառվում նամականիշները:
– Տարադրամի հարաբեությամբ: Գներ են սահմանվում նաև մասնագիտական համապատասխան տեղեկագրերում, սակայն դրանք անհամեմատ բարձր են:
– Ի՞նչ վիճակում է մեր երկրի օլիմպիական չեմպիոններին նվիրված գեղաթերթիկների շարքի տպագրությունը:
– 2011-ին նախատեսված էր գեղաթերթիկի տպագրություն, որի վրա պետք է լինեն օլիմպիական խաղերի չեմպիոններ` ծանրորդ Օգսեն Միրզոյանը, մարմնամարզիկ Էդվարդ Ազարյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը, սակայն այդ գործը քնած է: Ընդ որում, դա պետք է թողարկվեր մեկ տարի առաջ, երկրորդ եռամսյակում, սակայն այնքան հետաձգեցին, որ հասավ տարեվերջ: Ապա ասացին, որ փողը չի փոխանցվել Կանադայում գտնվող տպարանին: Այժմ էլ հայտարարվում է, թե ամեն բան արվել է, սակայն հասկանալի չէ, թե ինչու գեղաթերթիկը չկա:
– Համապատասխան հանձնաժողովը չի՞ ահազանգում: Ե՞րբ է այն վերջին անգամ հավաքվել:
– Իհարկե, այդ մասին խոսվում է: Բայց «Հայփոստի» պատասխանատուները նոյեմբերից վստահեցնում են, որ շուտով կլինի: Ինչ վերաբերում է առաջիկա օլիմպիական խաղերին նվիրված մի քանի նամականիշների տպագրությանը, ապա խնդիր է դրված այդ աշխատանքն ավարտել երկրորդ եռամսյակում, որպեսզի, եթե Լոնդոնում չեմպիոն ունենանք, նրա պատվին լրացուցիչ` նոր նամականիշ թողարկվի խաղերից հետո: Բայց եթե նախկինում նախատեսվածը դեռ չի կատարվել, ինչպե՞ս կարելի է առաջիկա անելիքի մասին խոսել: Ընդ որում, դեռ պարզ էլ չէ, թե լոնդոնյան ստուգատեսին նվիրված ինչ է թողարկվելու: Իսկ հանձնաժողովը վերջին անգամ հավաքվել է մոտ չորս ամիս առաջ: Ի դեպ, բավականին ժամանակ է անցել այն օրից, երբ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 2011-ին դարձել էր աշխարհի չեմպիոն, սակայն այդ հաջողությանը նվիրված նամականիշը ևս չկա: Մինչդեռ, երբ ադրբեջանցի շախմատիստների թիմը Եվրոպայի չեմպիոն դարձավ, անմիջապես այդ առիթով նամականիշ թողարկվեց:
– Նախկինում դեպքերը քիչ չեն, երբ օլիմպիական խաղերն անցել են, բավականին էլ ժամանակ է հոսել, մինչև դրանց նվիրված նամականիշները տպագրվել են:
– Դա չի բացառվում, ոչ մի երաշխիք չկա, որ այդ պատմությունը կարող է չկրկնվել: Այդ ամենի պատասխանատուն «Հայփոստն» է:
– Օլիմպիական խաղերի օրերին այդ ստուգատեսի մայրաքաղաքներում նամականիշների ցուցահանդես–մրցույթներ են կազմակերպվում: Դուք շատ եք մասնակցել դրանց` ներկայացնելով հավաքածուներ, նաև մեդալներ եք նվաճել: Պատրաստվո՞ւմ ենք նամականիշների ցուցափեղկեր ներկայացնել առաջիկա օլիմպիական խաղերի ցուցահանդես–մրցույթում:
– Մասնակցել եմ 1992-ի, 1996-ի, 2000-ի, 2004-ի, 2008-ի օլիմպիական խաղերին: Իմ հավաքածուներն արժանացել են ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների, ընդհանուր հաշվով` շուրջ մեկ տասնյակ: Իսկ առաջիկա օլիմպիական խաղերին հավաքածու չեմ ներկայացնելու:
– Ի՞նչն է պատճառը:
– Ինձ պաշտոնապես հրավիրել են մասնակցելու, բայց մտադիր չեմ այդ անելու: Բանն այն է, որ տնտեսական ճգնաժամը խանգարում է, և կազմակերպիչները խնդրել են, որ առաջին հերթին ներկայացվեն ոչ թե սպորտին, այլ Անգլիային նվիրված ցուցանմուշներ: Ես ունեմ այդ թեմատիկայով նամականիշներ, սակայն այդ ամենով հավաքածու ստեղծելը շատ դժվար է: Կարծում եմ, որ այս անգամ բարձր մակարդակով մասնակցելու հնարավորություն չկա: Փաստորեն, լոնդոնյան ցուցահանդեսը շատ սահմանափակ մասնակիցներով ցուցահանդես-մրցույթ է լինելու:






Facebook
Tweet This
Email This Post
