Հույսեր` միայն ուղեգիր ստանալու համար

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 20, 2012 7:15

Հայաստանի լողորդների համար օլիմպիական խաղերի ուղեգրի տիրանալը նախկինում էլ, այժմ էլ անհավանական բան է համարվել: Դժվար է ասել, թե ինչ են մտածում մարզական բնագավառի ղեկավար այրերը, սակայն մեր երկրում գոյություն չունի լողի թեկուզ մեկ մարզադպրոց, չեն գործում մանկապատանեկան խմբեր, որոնցում որոշակի ծրագիր իրականացվի, խնդիր դրված լինի բարելավել հաճախողների պատրաստականության մակարդակը, մարզական նվաճումների հասնել:

Իրականությունն այն է, որ  լողի տարբեր կենտրոններում  վճարովի խմբեր են գործում, որոնցում երեխաները պարզապես սովորում են այդ մարզաձևի այբուբենը: Իսկ հետո շահագրգիռ մարզիչները, ընտրելով լավագույններին, հնարավորություն են տալիս նրանց  ուժերը չափելու Հայաստանի առաջնություններում: Իսկ այդպիսի գործելաոճով մեծ ակնկալիքներ չի կարելի ունենալ: Այդ է պատճառը, որ ներկայումս հայտնվել ենք սպասողական վիճակում: Հայաստանի ներկայացուցիչները դիմել են Լողի միջազգային ֆեդերացիային, որպեսզի մեր երկրի մեկական մարզիկ և մարզուհի հրավերով մասնակցեն 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Ի դեպ, նույն ցանկությունն ունի 151 երկիր: Մինչդեռ, նախատեսված հրավերների թիվը սահմանափակ է: Այն տրվելու է 75-ական մարզիկի և մարզուհու: Իսկ օլիմպիական խաղերի լողի մրցաշարում հանդես է գալու 900 լողորդ: Այնպես որ, վստահ չի կարելի ասել, թե նախկինի նման Հայաստանի ներկայացուցիչները հրավերներ կամ, ինչպես ընդունված է ասել, «սպիտակ քարտեր» կստանան օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը վստահ է, որ այս անգամ էլ մեր երկրի լողորդներից երկուսը հանդես կգան օլիմպիական խաղերում: Թերևս պատճառն այն է, որ հրավեր տրվելու է այն մարզիկներին և մարզուհիներին, որոնք մասնակցել են նախորդ տարի Չինաստանի Շանհայ քաղաքում կազմակերպված աշխարհի առաջնությանը, իսկ մերոնք այդ ստուգատեսում համեմատաբար բարձր արդյունքներ են ունեցել: Աշխարհի առաջնությունում իրենց վատ չեն դրսևորել Միքայել Քոլոյանը, Մոնիկա Վասիլյանը և Անահիտ Բարսեղյանը:

Ի դեպ, վերջերս կայացած Հայաստանի առաջնությունում Քոլոյանը չկարողացավ չեմպիոն դառնալ իր նախասիրած մրցաձևերում, իսկ Վասիլյանը և Բարսեղյանը, հաստատելով որ ուժեղ են մրցակիցներից, հաղթեցին համապատասխանաբար երեք և չորս մրցաձևերում: Մոնիկան աչքի ընկավ 50 մ, 100 մ և 200 մ ազատ ոճով լողում, իսկ Անահիտը` 50 մ, 100 մ, 200 մ թիկնալողում և 50 մ բատերֆլյայ ոճի լողում:

«Բարսեղյանը չորս մրցաձևում էլ Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց, սակայն օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերի ավելի շուտ հավակնում է Վասիլյանը, քանի որ նա աշխարհի վերջին առաջնությունում ավելի լավ արդյունքներ է ցույց տվել: Իսկ Բարսեղյանը կարողությունները կփորձի դեկտեմբերին Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունում: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ապա այս անգամ աննախադեպ ցուցանիշներ արձանագրվեցին: Սահմանվեց մեր երկրի 11 ռեկորդ, իսկ 24 մարզիկ  գերազանցեց սպորտի վարպետի նորման»,- ասաց Սաֆարյանը:

Ինքնին հետաքրքիր էր, թե Հայաստանի չեմպիոն չդարձած Քոլոյանը ինչպես է մնում օլիմպիական խաղերի մասնակցելու թեկնածու: Փաստն այն է, որ նա մեր երկրում զիջել է առաջատարի իր դիրքը: Սաֆարյանը պարզաբանեց, որ ներկա փուլում Քոլոյանի առջև խնդիր դրված չէր լինել լավագույն մարզավիճակում, այդ է պատճառը, որ նա զիջել է չեմպիոնի կոչումը:

Եթե Հայաստանի ներկայացուցիչներն օլիմպիական խաղերին մասնակցելու հրավեր էլ ստանան, միևնույն է, նրանցից ոչ մի ակնկալիք չկա: Երբ Սաֆարյանին հարցրինք, թե խաղերին մասնակցելու դեպքում կարո՞ղ է թեկուզ փոքր-ինչ հույս լինել, որ մերոնք կկարողանան հաղթահարել որակավորման փուլի արգելքը և առաջին իսկ մեկնարկից հետո հանդիսական չեն դառնա, ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ներկայումս մեր մարզիկների պատրաստականության մակարդակն այնպիսին է, որ նրանք  որևէ հավակնություն ունենալ չեն կարող, և բացառվում է, որ հաղթահարեն առաջին փուլի արգելքը:

«Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանում լողի զարգացման մասին չի կարելի  խոսել, ակնկալիքներն էլ բացառվում են: Չկա լողի դպրոց, լողավազան, վարժասարքերով կահավորված դահլիճ: Խոսք են տալիս, որ այդ ամենը կլինի, բայց առայժմ տեղաշարժ չի նկատվում»,- սրտնեղեց Սաֆարյանը:

Ի դեպ,  նախկինում լողի մարզադպրոցներ կային ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գյումրիում, Վանաձորում, Չարենցավանում, Կապանում ու Հայաստանի այլ քաղաքներում, սակայն այդ ամենից սոսկ հիշողություններ են մնացել: Իսկ լողի դպրոցների բացակայությունը նախանշում  է, որ մի շարք մարզաձևեր` ջրագնդակը, գեղալողը և այլն, Հայաստանում անցանկալի իրավիճակում հայտնվեն: Լողը բազային է ջրային մարզաձևերի կարևոր բոլոր մարզաձևերի ներկայացուցիչների, այդ թվում նաև ֆուտբոլիստների համար:

Երբեմն կատակով ասում են, որ եթե խոշորամասշտաբ մրցումներում մեր երկրի լողորդները չեն խեղդվում,  արդեն հաջողություն է: Այնուամենայիվ, ներկայումս Հայաստանի առաջատար լողորդները շարունակում են Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, երևանյան տարբեր  լողի կենտրոններում նախապատրաստվել: Հունիսի 14-ից հավաքականը  Ծաղկաձորում ուսումնամարզական համատեղ հավաք է սկսելու Ռուսաստանի ընտրանու հետ: Այն շարունակվելու է 20 օր: Հավելենք, որ հավաքականի անդամներից Արամ  Կոստանյանն առաջին անգամ է միջազգային պաշտոնական մեկնարկի մասնակցելու: Նա կարողություններն է փորձելու  Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որը հուլիսի 4-8-ը կայանալու է Անտվերպենում:

Այժմ Հայաստանի տարբեր մարզաձևերը համալրում են արտասահմանում բնակվող մեր մի շարք հայրենակիցներ: Հետաքրքիր է` արտասահմանում չունե՞նք բարձրակարգ հայ լողորդներ, և նրանք ցանկություն չունե՞ն պաշտպանելու Հայաստանի պատիվը:

Սաֆարյանը հայտնեց, որ ԱՄՆ-ում բնակվող քույր ու եղբայր բարձրակարգ լողորդների հետ են զրուցել, սակայն երբ պարզվել է, որ դրա համար Հայաստանի քաղաքացիության անձնագիր է պահանջվում, այլևս չեն արձագանքել: Բանն այն է, որ նրանց մայրն է միայն հայ, իսկ թե ինչ խնդիր է առաջացել, որ փոխել են մտադրությունը, պարզ չէ:

Դիտվել է 2016 անգամ:
Print Friendly

Leave a Reply