Համբարձում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 17, 2012 14:10

Քրիստոնեական եկեղեցին Համբարձման տոնը կապում է Հիսուսի վերակենդանացման և երկինք համբարձվելու հետ: Համաձայն Ավետարանի` Հիսուսը Ձիթենյաց լեռան վրա այցի է գալիս առաքյալներին, նրանց օրհնում է, խորհուրդներ տալիս ու համբարձվում երկինք:

Տոնը, սակայն, նախաքրիստոնեական արմատներ ունի: Այն գարնանային տոն է և խորհրդանշում է բնության վերակենդանացումը, բնության ծաղկունքը, փթթումն ու պտղաբերումը: Այն բնապաշտական ժամանակներում նվիրված է եղել Աստղիկ դիցուհու պաշտամունքին: Դրա վկայությունն են ցայսօր պահպանված խաղերը` կապված ծաղիկների, մասնավորապես` վարդի հետ: Այս օրն ավանդաբար արգելված էր արյուն հեղել և կենդանական զոհ մատուցել:

Համբարձումը երիտասարդական տոն է, առավելապես վերաբերում է ջահել աղջիկներին: Համբարձումը նաև սիրո տոն է: Բասենում գեղեցիկ ավանդապատում կա, ըստ որի` Ալադաղ և Քյոսադաղ լեռները Համբարձման առավոտյան` արևածագից առաջ, գալիս են և Արաքսի ափին` Վարդհեր վանքի մոտ, հանդիպում ու գրկախառնվում են: Ըստ ժողովրդական պատումի` Ալադաղը քուրդ ցեղապետի աղջիկ է, Քյոսադաղը` հայ տերտերի տղա: Նրանց միությունն արգելված էր ծնողների կողմից, և սիրահարները վշտից քարանում են ու լեռ դառնում: Սակայն ամեն անգամ Համբարձումի սիրո տոնին թաքուն հանդիպում են ու առնում իրենց կարոտը: Իսկ լուսաբացին կրկին հեռանում են ու լալիս կարոտից, և արցունքները հավաքվելով ձյան շերտեր են կազմում:

Տոնի ժամանակ աղջիկները վառ գույնի հագուստով խումբ-խումբ շրջում են համայնքում, երգում ու պարում, արտասանում իրենց սիրեցյալների համար: Ծաղիկներից պսակ են հյուսում ու նվիրում սիրեցյալներին:

Թումանյանն «Անուշ» պոեմում այսպես է նկարագրում Համբարձումը.

-Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան,

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

-Համբարձում, յայլա,

Յայլա ջան, յայլա,

Սև սարեր յայլա,

Յայլա ջան, յայլա:

Երգ ու բույր խառնած,

Թև թևի բռնած`

Զուգում են լեռներ

Ծաղիկ են քաղում,

Ծաղկի հետ խաղում, ինչպես թիթեռներ…

Եկավ Համբարձում`

Ծաղկով զարդարված,

Մեր բախտին հարցում.

Ո՞վ է մեզ գրված:

Համբարձման տոնի անբաժան մասն էին կազմում վիճակ գցելը, զանազան գուշակությունները, երբ աղջիկները շրջան են կազմում, նախապես ամեն մեկը մի իր է գցում կուժի մեջ, և նրանցից մեկը աչքերը կապած հանում է կուժից մեկ իր ու քառյակներ արտասանում, «Ջան գյուլում» ասում ու դրանցով գուշակում տվյալ իրի տիրոջ բախտը:

Զատիկից հետո Հայաստանի շատ գավառներում սկսվում էր «կաթի պասը». կաթնամթերք չէին օգտագործում, որպեսզի կովերի կաթը չպակասի: Համբարձման տոնին «կաթի պասը» լուծվում է: Սա ևս կապված է մայրության, պտղաբերության պաշտամունքի հետ:

Համբարձման վաղ առավոտյան բոլոր տներում կաթնապուր էին եփում, որի տակ վառվող կրակի մեջ գցում էին յոթ տարբեր բակերից թաքուն հավաքած ճյուղեր ու չոփեր: Երբեմն կաթնապուրը եփում էին խմբովի, հենց դաշտում` արտերի մոտ: Եփելուց հետո կաթնապուրից մի քանի շերեփ շաղ էին տալիս արտի շուրջը, որպեսզի տարին առատ լիներ, իսկ բերքը` ապահով երաշտից, մորեխից ու կարկուտից: Կաթնապուրը որպես մատաղ բաժանվում էր յոթ տեղ: Ընդունված էր, որ Զատիկից մինչև Համբարձում կաթնապուր չպետք է եփել, որպեսզի կաթը չպակասի: Տարբեր գավառներում կաթնապուրը տարբեր կերպ են պատրաստել` համեմելով ըստ տեղի բնական պաշարների:

Քաղցր կորկոտապուր

1 բ. կորկոտ

4 բ. ջուր

1/2  բ. չամիչ

1/2 բ. ծիրանաչիր

1/2  բ. ընկուզեղեն

դարչին

Կորկոտը եփել մարմանդ կրակի վրա, ավելացնել չրերն ու ընկուզեղենը և շարունակել եփել: Կրակն անջատելուց հետո խառնել դարչինը: Մատուցել սառը վիճակում:

Կաթնապուր

1 բ. բրինձ

5 բ. կաթ

1/2 բ. շաքարավազ

դարչին

Բրինձը լցնել տաք կաթի մեջ և եփել մարմանդ կրակի վրա` պարբերաբար խառնելով: Վերջում կաթնապուրին ավելացնել շաքարավազը: Մատուցել դարչինով:

Տհալով փլավ

1 բ. հաճար

2 սոխ

1 ճ. գդ. յուղ

200 գ տհալ

աղ

Հաճարը խաշել մարմանդ կրակի վրա, սոխառած անել, ավելացնել տհալը, ապա լցնել հաճարի վրա:

Արիշտայով կաթնապուր

2 բ. արիշտա

3 բ. կաթ

2 ճ.գդ. կարագ

5 ճ.գդ. շաքարավազ                                                                                                                              դարչին, հիլ:

Արիշտան խաշել և ջրքամել, լցնել եռացող կաթի մեջ, ավելացնել կարագն ու շաքարավազը և եփել մինչև կաթի կիսվելը: Մատուցել` վրան ցանելով հիլ և դարչին:

Սպիտակ շփոթ

 

1 բ. հաճար

1 լ  բացված չորաթան*

յուղ                                                                                                                                          աղ

Նախորդ օրվանից հաճարը թրջել, ապա ջրքամել և հարել, մինչև ամբողջությամբ սպիտակի: Եփել ջրով, անընդհատ հարելով, մինչև շիլայի վերածվի: Մատուցելիս կողքերը լցնել եփած չորաթանը, իսկ մեջտեղում` յուղ:

* Չորաթանի փոխարեն կարելի է 1 լ մածունը եփել 1 ձվով և 1 ճ.գդ. ալյուրով:

Դիտվել է 3050 անգամ:
Print Friendly

Leave a Reply