Սեռական փոքրամասնությունների իրավունքները` շաբաթվա թոփ թեման

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 17, 2012 13:59

Մեկ ամսից  ավելի շարունակվող քաղաքական թեժ քննարկումները, կոալիցիայի հնարավոր տարբերակների մասին ինտրիգները և նախարարական պորտֆելների բաշխման վերաբերյալ   կուլիսային բամբասանքները  միանգամից երկրորդ պլան մղվեցին, երբ սկսեցին շրջանառվել լուրեր, թե սեռական փոքրամասնությունների դեմ պայքարող խումբ է ձևավորվել, և DIY ակումբի պայթեցման հետևում ՀՅԴ-ն է կանգնած:  Համասեռամոլների լինել-չլինելու  հարցը և նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը դարձավ օրվա թոփ թեման:

Ֆեյսբուքահայությունն այլևս մոռացավ քաղաքական անցուդարձի մասին ու բաժանվեց երկու բանակի: Մի խումբը դեմ է համասեռամոլությանը և ակումբի պայթեցումը ճիշտ քայլ է համարում, երկրորդ խմբում էլ մարդիկ են, ովքեր կարծում են, որ սեռական կողմնորոշման համար մարդուն հալածելը, իրավունքները ոտնահարելն առնվազն ֆաշիզմ է ու անընդունելի: Ֆեյսբուքյան պատն անմիջապես լցվեց կողմ ու դեմ ստատուսներով, միմյանց ուղղված  մեղադրանքներով:

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ հանդես եկան ու դատապարտեցին տեղի ունեցածը: Ասուլիսով հանդես եկավ նաև ակումբի սեփականատեր, Թուրքիայում գեյ-շքերթին մասնակցած  Ծոմակը` հայտարարելով,  որ սոցիալական ցանցի միջոցով բազմաթիվ սպառնալիքներ է ստացել և ինքն էլ վտանգի տակ է:

Ակումբի վրա հարձակում է տեղի ունեցել մայիսի 8-ին: Պայթյունից հետո երկու երիտասարդները` 19 և 20-ամյա եղբայրները, ձերբակալվեցին: Նրանցից մեկը քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակվեց, մյուսի  համար, ըստ տարածված լուրերի, գրավ վճարեցին ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը:  Մինասյանը նաև հայտարարեց, որ  քայլը չպետք է քաղաքականացնել. իր պատգամավորական գործունեության ընթացքում միշտ պայքարել է դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց կիրառելու համար:

Լույս մայիսի 16-ի գիշերը ակումբի վրա նորից հարձակում է կատարվել, այդ ամենը, ըստ ակումբի տնօրենի, տեսագրվել է, և նա դիմել է ոստիկանություն:

Իրադարձությունները մի կողմ թողնենք ու փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ այդ ամենի ենթատեքստում: Եթե այդ երկու երիտասարդներն իսկապես այդքան անհանդուրժող են ու ակումբը պայթեցրել են  այն պատճառով, որ այդտեղ հավաքվում են տարբեր սեռական կողմնորոշում ունեցող անձինք, ապա պետք է նշել, որ դրանով սեռական փոքրամասնություններին միայն լավություն արեցին: Վերջին մի քանի օրերին սեռական փոքրամասնությունների խնդիրների ու իրավունքների մասին այնքան է խոսվել, այնքան լուսաբանվել, որ տարվա ընթացքում այդ ծավալների չէր հասնի: Ընդ որում, եթե պայթյուն իրականացնողները երկու երիտասարդ էին, ապա սեռական փոքրամասնությունների շահերի պաշտպան կանգնեցին բազմաթիվ մարդիկ` ինտելեկտուալներ, հասարակությունում որոշակի  դիրք ունեցողներ: Բարձրացված աղմուկը բավարար է, որ միջազգային ասպարեզում հայաստանյան սեռական փոքրամասնությունները ներկայացվեն որպես հալածյալներ, հարկ եղած դեպքում այդ քողի տակ այլ երկրներում ապաստան ստանան կամ էլ գրանտներ` ինչքան ուզես: Մի խոսքով, գրանտակերների աչքը լույս:

Մեկ այլ վարկածով` սա հասարակության ուշադրությունը շեղելու միջոց է: Իսկ ինչի՞ց պետք էր շեղել հասարակության ուշադրությունը:  Երկու տարբերակ կա. քաղաքական անցուդարձից և նոր կառավարության ձևավորումից, և երկրորդ` Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձն է, երբ խոսվում էր Արցախի դեռևս չլուծված խնդրի  ու ձեռքբերումների  մասին, ադրբեջանական հակահայկական հիսթերիայի մասին:

Այս ամենով հանդերձ` համասեռականների այսչափ լուսաբանումը, ըստ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի, անցանկալի է. «Դեռահասների մի խումբ կա, որոնց սեռական կողմնորոշումը հեշտությամբ կարելի է խմորել: Այս տարիքում սեռական կողմնորոշումը հստակ չի դրսևորվում, կան ինչ-որ ֆանտազիաներ, բայց դրանց ռեալիզացում չկա: Այդ երիտասարդների վրա հեշտությամբ կարող են ազդեցություն ունենալ սոցիոգեն ազդակները»:

Այնպես որ, այսքանից հետո մնում է  վերադառնալ կյանքի բնականոն հունին` ուշադրության կենտրոնում պահելով իսկապես կարևոր իրադարձությունները և պարզել` այդ երիտասարդները սեռական փոքրամասնությունների ջրաղացին «սխալմամբ»  ջուր լցնող «կեղծ ընդդիմությո՞ւն» են, թե՞ ոչ:

Դիտվել է 1686 անգամ:
Print Friendly

Leave a Reply