Ցմահ դատապարտյալի հայցն` ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի. որոշումը կկայացվի վաղը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2012 19:56

Այսօր` մայիսի 16-ին, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի հայցով դատական հերթական նիստն` ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թ. հրամանագրի: Շուրջ 5 ամիս  ընթացող դատական  գործընթացը, որը տարբեր պատճառներով հետաձգվում էր, կհանգուցալուծվի վաղը` մայիսի 17-ին:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը ցանկանում է բողոքարկել նախագահի հրամանագիրը` դրանում մի շարք օրենսդրական խախտումների առկայության հիմնավորմամբ:  «Առաջինն այն է, որ նախագահն իրավունք ունի ներում շնորհել, սակայն իրավունք չունի սահմանել նոր պատիժ»,-ասաց Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Փաստաբանի խոսքով, այդ իրավունքը բացառապես դատարանին է վերապահված, ինչն ամրագրված է թե´ ՀՀ սահմանադրությամբ և թե´ եվրոպական կոնվենցիաներով: «Փաստորեն, Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկում է կրում նախագահի հրամանագրի հիման վրա»,-ասաց նա:

Հաջորդ իրավական խնդիրն այն է, որ 2003 թ. նոր քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքում ամրագրված է, որ մահապատժի դատապարտված անձանց պատիժը պետք է ազատազրկում կրող վայրի դատարանի կողմից փոխարինվի ցմահ ազատազրկման, սակայն ինչպես փաստաբանն է տեղեկացված, առ այսօր որևէ դատարան ցմահ ազատազրկման վերաբերյալ պատիժ չի սահմանել, այլ պարզապես եղել են գործերի մակերեսային վերանայումներ:

Իրավական լուրջ խնդիրներից մեկն էլ այն է, որ նախկին քրեական օրենսգիրքը նախատեսել է. եթե ներում է շնորհվում մահվան դատապարտված անձանց, ապա նրանց պատիժը կարող է նշանակվել 15 տարուց ավելի, բայց ոչ ավել, քան 20 տարին: Փաստորեն, այդ դատապարտյալները, որոնց թվում նաև Մհեր Ենոքյանը, կրում են ցմահ ազատազրկում:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ դատախազ Ալեքսանդր Մուրադյանն էլ իր հերթին համոզված է, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել, և նախագահը գործել է իրեն տրված լիազորությունների շրջանակում. «Այստեղ բացարձակ օրենքի խախտում չկա, և բողոքը պետք է մերժվի»,-հայտարարեց նա` օրինակ բերելով Բելոռուսիան, երբ նախագահ Լուկաշենկոյին էին դիմել` մետրոյի պայթյունի համար մահվան դատապարտված 2 երիտասարդների դատավճիռը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ 2003 թվականին նույն օրը Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը նույնպես ներման հրամանագիր էր ստորագրել, սակայն մահվան դատապարտվածների դատավճիռը ոչ թե ցմահ ազատազրկման դատավճռով էր փոխարինվել, այլ սահմանվել էր  15 տարի ազատազրկում, ինչը և նախատեսված էր հին օրենսգրքով: Փաստորեն, նույն օրենսդրությունը Լեռնային Ղարաբաղում կիրառվել է մի ձևով, Հայաստանում` մեկ ուրիշ:

Մհեր Ենոքյանի մայրը, ով նույնպես ներկա էր դատական նիստին, համոզմունք հայտնեց, որ 2003 թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին կանգնած իրավաբան-խորհրդատուները նրան սխալ խորհուրդ են տվել. «Նախագահն իրեն վերապահել է դատավորի դեր և սահմանել նոր պատիժ` ցմահ ազատազրկում, այն դեպքում, երբ իմ տղան դատապարտվել է 1996 թվականին` հին օրենսգրքով, որի դեպքում  տրվում էր կամ 15 տարի ազատազրկում, կամ մահապատիժ»,-ասաց նա:

Չնայած Ենոքյանի մայրը դատը շահելը հրաշք է համարում, այնուամենայնիվ նշեց, որ իրենք կանգ չեն առնելու. «Դիմելու ենք բոլոր ատյաններին` ընդհուպ Եվրադատարան,-ասաց նա,-դուրս է գալիս, որ այս երկրում պաշտոնյաները սխալներ չեն գործում. ինչպես դատախազը նշեց` 2-րդ նախագահը ճիշտ է ու վերջ»:

 

 

 

 

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply