Լույս տեսավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» հանդեսի առաջին համարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 16, 2012 17:38

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին հանդեսի հեղինակները, վերլուծաբաններ, լրագրողներ եւ հասարակայնության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանը` հույս հայտնելով, որ պարբերականն անաչառ ու խորը կերպով կմատուցի փոփոխվող աշխարհում տեղի ունեցող առանցքային իրադարձությունները, ինչպես նաեւ դրանց հայաստանյան ընկալումները: «Այսօր ճանաչողական նոր մեխանիզմների մշակումը խիստ կարեւորվում է, ինչը թույլ կտա համակողմանի հասկանալ տարածագոտում եւ աշխարհում կատարվող հասարակական-քաղաքական երեւույթները եւ, ի մասնավորի, արտաքին մարտահրավերների տրամաբանությունը»,- նշեց Սարգսյանը` հավելելով, որ մեզանում ձեւավորված կարծրատիպերի հաղթահարման եւ բանական մոտեցումների հստակեցման գործում տպագիր վերլուծական մտքի դերը հսկայական է:

Այնուհետեւ ելույթ ունեցան եւ առաջին համարում զետեղված իրենց աշխատությունների թեմատիկ նյութը համառոտակի ներկայացրին Արմեն Գրիգորյանը, Սարո Սարոյանը, Վարդան Ջալոյանը, Արմինե Ղազարյանը, Էդգար Վարդանյանը եւ Անդրիաս Ղուկասյանը: Ներկաներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ հոդվածագիրները տվեցին հավելյալ պարզաբանումներ:

«Փոփոխվող աշխարհ»-ը բացվում է ՌԱՀՀԿ գիտական տնօրեն Մանվել Սարգսյանի հարցազրույցով, որտեղ հանգամանորեն խոսվում է ինչպես նոր պարբերականի կարեւոր առաքելության, այնպես էլ հայաստանյան ամենահրատապ օրակարգի` ներքին եւ արտաքին հրամայականների մասին, որոնք սպասում են իրենց անկողմնակալ հետազոտողին:

ՌԱՀՀԿ-ի նոր վերլուծական հրատարակությունը նպատակ ունի տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների լույսով վերհանել այսօրվա ու վաղվա հանգուցային խնդիրների, մարտահրավերների եւ հեռանկարների համայնապատկերը, առաջարկել թարմ գաղափարներ ու այլընտրանքային լուծումներ:

Հանդեսի գլխավոր խմբագիրը Մ.Սարգսյանն է, խմբագիրը` Գ.Լալայանը, համակարգչային ձեւավորողն ու էջադրողը` Ա.Թուրաջյանը: Խմբագրական խորհրդում ընդգրկված են Կ.Կալենչյանը, Ս.Սարոյանը, Է.Վարդանյանը եւ Ռ.Պլուզյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply