Սեդրակ Մամուլյան. “Հայաստանն ունի ամենահամեղ խոհանոցն աշխարհում”:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 16, 2012 15:27


-Որպես տուրիստական առաջարկ` խոհանոցը շատ մեծ դերակատրում ունի ցանկացած երկրի տուրիզմի զարգացման հարցում,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը: “Բոլորիս է հայտնի, որ երբ մենք գնում ենք որևէ երկիր, մեզ մոտ այդ երկրից մնում է տեսողական օրգանների գրանցածն ու քիմքի գրանցածը, իսկ ամենաուշ մարդկանց մոտ մոռացվում է հենց քիմքի գրանցածը: Այնպես որ, այստեղ խոհանոցն իր հստակ տեղն ու դերակատարումն ունի”:
Խոհարարը նաև պարզաբանեց արդեն չորս տարի անընդմեջ իրենց կողմից կազմակերպվող խոհարարական ցուցահանդես-համտեսների անցկացման նշանակությունը (անցկացվում է ամեն տարի հունիսի 12-ին), քանի որ, ինչպես ինքը նշեց, պետությունը լուրջ ուշադրություն է դարձնում ներգնա տուրիզմի զարգացման խնդրին, ուստի հայ խոհարարական արվեստի գոհարները կարիք ունեն պարբերաբար ներկայացվելու և ցուցադրվելու թե’ տեղացիներին, թե’ օտարերկրացիներին:
Ի հավելումն խոհարարի խոսքին` “Ռոմեա” Գայթակղիչ ճամփորդությունների ակումբի նախագահ Ռուբեն Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանն իր էությամբ, իր դիրքով, իր պատմությամբ, իր մշակույթով, իր ժառանգությամբ, իր ռեկրեացիոն ռեսուրսներով գայթակղիչ է աշխարհի ցանկացած երկրի զբոսաշրջիկի համար:
Այս իմաստով, հայ խոհարարները, Սեդրակ Մամուլյանի նախաձեռնությամբ, փորձում են համագործակցել տուրիստական կազմակերպությունների հետ, որպեսզի հայկական ճաշատեսակների հյուրասիրությամբ ևս գրավեն զբոսաշրջիկներին:
Հայկական ճաշացանկը, ըստ խոհարարի, շատ բազմազան է ու հարուստ. “Հայերն առաջարկում են աշխարհի ամենահզոր, ամենաբազմազան, ամենահամեղ ազգային խոհանոցից կերակրատեսակներ: Մեր ազգն այն եզակի ազգերից է, որ բնապաշտական ժամանակաշրջանում ունեցել է լավ մշակված սննդի համակարգ` նախատեսված 365 օրվա համար”: Մամուլյանը նաև նշեց, որ իրենք բոլոր տուր-ընկերություններին` որպես տուրիստական փաթեթ, առաջարկել են 30 հայկական ճաշատեսակ, որոնց թիվն, ըստ բանախոսի, տարեց տարի ավելանալու է:
Վահե Մակարյան

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply