Ռազմական փորձագետը՝ Արցախի բանակի մարտունակության և եվրատեսիլյան հակաքարոզչության մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 16, 2012 14:39

Արցախի պաշտպանության բանակը լուրջ ձեռքբերումներ ունի: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամակյանը. «Օրինակ, 2008-ին հյուսիսում մոտ 20.000 հեկտար չեզոք գոտի կրճատվեց, և շեշտակիորեն բարելավվեց Արցախի Պաշտպանության Բանակի դիրքերը Մռավի հատվածում: Նախաձեռնողական ակտիվությունը՝ չեզոք գոտին կրճատելու և նոր, ավելի բարենպաստ հենակետեր տեղակայելու, իրականացվում է ճակատի բոլոր հատվածներում»,-նշեց բանախոսը:

Ըստ Ջամալյանի, դա սահմանափակում է թշնամու պոտենցիալ ակտիվությունը՝ կապված հրադադարի ռեժիմի խախտման, դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի, դիպուկահար կրակի հետ: «Հրադադարը պասիվ պատերազմ է՝ ոչ խաղաղություն է, ոչ պատերազմ, և հոգեբանական առումով հակամարտ հասարակություններին այդ վիճակը դարձնում է խոցելի՝ ամենատարբեր տեղեկատվական հոգեբանական դիվերսիաների միջոցով,-ասաց փորձագետը` նշելով, որ Ադրբեջանը փորձում է այդ հոգեբանական մթնոլորտն ի շահ իրեն օգտագործել՝ իրականացնելով հակաքարոզչություն, որի գերնպատակը հանրության շրջանում Արցախի, Արցախի անկախության, ազատագրված գաղափարի հանդեպ բացասական ֆոն ստեղծելն է,-Ադրբեջանը փորձում է Արցախը դարձնել գլխացավանք, դարձնել մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառ, և մեր հանրային դժգոհություններն ուղղորդել Արցախի կերպարի վրա՝ հասունացնելով Արցախը Ադրբեջանին հանձնելու դիրքորոշում»:

Փաստորեն, ըստ Ջամալյանի, փորձ է արվում այդ տագնապն օգտագործել հայ հասարակությանը կառավարելի դարձնելու նպատակով. «Մատնանշում են վտանգը՝ ա՛յ տեսեք, պատերազմ կլինի և մյուս կողմից մատնանշում են ելքը՝ զիջեք Արցախը և կունենաք խաղաղություն»:

Դա, իհարկե, առաջին հայացքից, պրիմիտիվ թվացող դիրքորոշում է, քանի որ թվում է, թե հայ մարդը նման բանի չի կարող տրվել, սակայն մյուս կողմից, Ջամալյանը չի թերագնահատում հակառակորդին՝ նշելով, որ Ադրբեջանում լավ են տիրապետում մարդկային հոգեբանության օրինաչափություններին՝ հաշվի առնելով, որ կենցաղի դժգոհություն ունեցող մարդը, ով օրվա հացի խնդիր ունի և սահմանափակված է միայն իր կենցաղով, կարող է տրվել այդ քարոզչությանը:

Այս պարագայում, Ջամալյանը կարծում է, որ բոլորը՝ այդ թվում նաև լրատվամիջոցները, մի շատ կարևոր առաքելություն ունեն. գիտականորեն հիմնավորված և միևնույն ժամանակ մատչելի ձևով հանրությանը մատուցել մի պարզ ճշմարտություն՝ Արցախը հանձնելով չէ, որ մեր երկիրը պետք է զարգանա, ընդհակառակը, այսօրվա Արցախը՝ սահմանադրորեն ամրագրված իր տարածքով, իր այսօրվա ճակատային կոնֆիգուրացիայով խաղաղության միակ հուսալի երաշխիքն է:

Անդրադառնալով վերջին զորահանդեսին՝ Ջամալյանը հատուկ ընգծեց Արցախի բանակի հետպատերազմյան սպայակազմի հանգամանքը, ինչը նույնպես Արցախի բանակաշինության մեծ ձեռքբերումներից մեկն է. «Բանակի գումարտակ և գունդ օղակում արդեն տեսանելի են երիտասարդ, համարձակ ու նախաձեռնող հրամանատարներ, այս առումով մենք կարող ենք ապահով լինել, այս մարդիկ մեր հույսն են, քանի որև բանակի մարտունակության առաջնահերթ գործոններից մեկն էլ պրոֆեսիոնալ սպայական կազմի առկայությունն է»,-նկատեց նա:

Մյուս կարևոր հանգամանքն էլ, ըստ Ջամալյանի, այն է, որ Արցախի բանակի հրամանատարի և անձնակազմի միջև հոգեբանական անջրպետ չկա, ինչը հոգեբանական առողջ մթնոլորտ է ստեղծում: Դա այն է, ինչով մենք շահեկանորեն տարբերվում ենք ադրբեջանական բանակից: Այս և շատ այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ Դավիթ Ջամալյանը հայտարարում է՝ Արցախի պաշտպանության բանակը բառի բուն իմաստով մարտունակ միավոր է, որը զսպում է հակառակորդի ագրեսիան, խաղաղություն է պարտադրում և տարածաշրջանի ռազմական հավասարակշռության բաղադրիչներից մեկն է:

Անդրադառնալով Եվրատեսիլը՝ որպես քարոզչական մեքենա օգտագործելու հավանականությանը՝ Ջամալյանը նշեց, որ պետք է պատրաստ լինել այդ օրերին առաջնագծում իրավիճակի ապակայունացմանը. «Հայ-ադրբեջանական վերջին տարիների փորձը հուշում է, որ եթե Ադրբեջանում անցկացվում է քիչ թե շատ հանրային նշանակության միջոցառում, դա պետք է անպայման ալիևյան վարչակազմի կողմից օգտագործվի քարոզչական նպատակով,-ասաց նա:

Այդ առումով բացառություն չի լինի նաև Եվրատեսիլը: Դավիթ Ջամալյանն, անգամ, սցենարն է պատկերացնում. «Կփորձեն ապակայունացնել իրավիճակը ռազմաճակատում՝ ընդ որում ոչ թե Արցախյան հատվածը, այլ Հյուսիս-Արևելքը, որտեղ բնակավայրերը շատ խիտ են և շատ մոտ մարտական հենակետերին,-ասաց նա,-պատճառը, որպեսզի մենք, ակամա տրվելով սադրանքին, փորձենք բնակավայրերի վրա կրակ բացել, ինչն իրենք դարձնեն դրոշակ և ներկայացնեն եվրատեսիլյան հյուրերին և համայն աշխարհին»:

Ի՞նչ պետք է անել այս պարագայում: Ըստ ռազմական փորձագետի, դա անպատասխան թողնել չի կարելի, քանի որ ագրեսիա է ՀՀ տարածքի վրա, սակայն միևնույն ժամանակ, հայկական կողմի թիրախը պետք է լինի ադրբեջանական կրակակետը, ոչ թե ադրբեջանական գյուղը. «Մերոնք այդ մարտավարությամբ էլ աշխատում են,-ասաց նա,-սակայն կա մի խնդիր՝ ադրբեջանական հենակետերը տեղակայված են իրենց գյուղերի տների մոտ, և եթե մենք կրակում ենք այդ հենակետի վրա, նրա հարակից մի քանի տները ակամայից դառնում են խոցելի: Եվ եթե ադրբեջանցիները չեն ուզում, որ դրանք կրակի թիրախ դառնան, ուրեմն այդ հենակետերից չպետք է կրակ բացեն մեր ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է Բաքվում կայանալիք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցությանը, ապա Ջամալյանը համոզված է, որ մրցույթը բոյկոտելը ճիշտ որոշում էր. «Այո, եթե դուք կրակում եք մեր մանկապարտեզի վրա, ապա մենք ձեր երկրում անելիք չունենք,-կարծում է նա:- Դա բոյկոտ է, դա վերաբերմունքի, դիրքորոշման դրսևորում է և նաև մի փորձ՝ միջազգային հանրության ուշադրությունը բևեռելու ադրբեջանի կողմից տեղի ունեցող ապօրինությունների վրա»:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply