Եվրամիությունը բարձր է գնահատում Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 16, 2012 12:16


Եվրահանձնաժողովն ու ԵՄ Արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով ԵՄ բարձրագուն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի գրասենյակը նախօրեին հրապարակել է Արևելյան գործընկերության ծրագրում ներառված 6 պետությունների՝ Հայաստանի Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մասին առանձին զեկույցներ, որոնցում ամփոփված են 2011 թ-ին այդ պետությունների արձանագրված առաջընթացը քաղաքական տնտեսական և իրավական համակարգերում, ինչպես նաև ճանապարհային քարտեզ սահմանել համագործակցության հետագա ընթացքի վերաբերյալ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված զեկույցներում:

Հայաստանի մասին զեկույցում նշվում է, թե Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-Հայաստան Ասոցացման պայմանագրի բանակցությունները ընթացել են արագ տեմպերով և որ մեր երկիրը նշանակալի առաջընթաց է գրանցել Եվրամիության հանձնարարականները կատարելու հարցում, ինչը թույլ է տալիս սկսել բանակցությունները «խորը և համապարփակ» ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ:

2011 թ-ի զեկույցի հիման վրա Հայաստանին առաջարկվում է 2013 թ-ին նախանշված նախագահական ընտրություններին ընդառաջ վերացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ 2012 թ-ին խորհրդարանական ընտրություններում տեղ գտած թերությունները, հետագա ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ ԼՂ հակամարտության հարցում «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման շուրջ բանակցություններում, ապահովել ԵՄ ներկայացուցիչների անխոչընդոտ մուտքը ԼՂ և հարակից շրջաններ, ամբողջովին հետաքննել 2008 թ-ի մարտի 1-ին դեպքերի հանգամանքներն ու ոստիկանության գործողությունների օրինականությունը, ավարտին հասնել և իրականացնել Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, համապատասխան օրենսդրական փոփոխություններով ապահովել հեռարձակվող լրատվամիջոցներում բազմակարծությունը, միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել խղճի և կրոնական ազատությունների մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենսդրական ակտերը, ուժեղացնել հակակոռուպցիոն ռազմավարության կիրառումը և այլն:

Հանձնարարություններում նշված են առևտրի գոտի ստեղծելու շրջանակներում բարեփոխումների շարունակականությունը, օրենսդրության մերձեցումը Եվրամիության օրենքներին, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանը հնարավորինս կարճ ժամկետներում շահագործումից հանելու վերաբերյալ մանրամասն ծրագրի ընդունումը:

Զեկույցում նշվում է, թե ժողովրդավարության առումով դրական քայլեր են ձեռնարկվել խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար, այդ համատեքստում ողջունելով ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Միաժամանակ մտահոգություններ են արձանագրվել մամուլի ազատության վերաբերյալ` հեռուստահեռարձակման սահմանափակման և զրպարտության համար դատական գործերով:

Փաստաթղթում ասված է, որ Հայաստանում շարունակվում են հավաքների ազատության նշանակալի սահմանափակումները, հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ շարունակում է ցածր մնալ, իսկ կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ ընկալումները բարձր են:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ զեկույցը նշում է, թե Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները 2011 թվականին էական արդյունքներ չեն տվել, իսկ շփման գծում լարվածության ավելացման հետ մեկտեղ, միջնորդական ջանքերը նվազագույն արդյունք են ունեցել հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննելու հարցում:

Panorama.am

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply