ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը կմասնակցի “EUROSTUDENT” նախագծի հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 16, 2012 13:15


ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և “EUROSTUDENT” նախագծի միջազգային համակարգող թիմի ղեկավար Դոմինիք Օրրը ստորագրել են երկկողմ պայմանագիր, որի շրջանակում այլ եվրոպական երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը կմասնակցի բարձրագույն կրթության բնագավառում ուսանողների սոցիալական և տնտեսական պայմանների, ուսուցման ձևերի և եղանակների, ինչպես նաև միջազգային շարժունությունն ուսումնասիրող հետազոտության աշխատանքներին: Ծրագիրը Բոլոնիայի գործընթացի համատեքստում հնարավորություն կընձեռի իրականացնել ազգային բարձրագույն կրթության չափանիշների համեմատական ուսումնասիրություն վերոնշյալ հարցերով և համադրել ստացված տվյալները Բոլոնիայի անդամ երկրների տվյալների հետ:
“EUROSTUDENT”-ը ստեղծվել է 1999 թվականին` նպատակ ունենալով աջակցել Բոլոնիայի բարեփոխումներին և նպաստել Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքի ստեղծմանը: Ընդհանուր առմամբ Կոնսորցիումի աշխատանքներին կմկասնակցի 30-ից ավելի երկիր, և “EUROSTUDENT” ծրագրին մասնակցելու հրավեր են ստացել նաև Խորհրդային Միության նախկին այն երկրները, որոնք պատրաստ են ժամանակակից գիտահեն հասարակարգում բարելավել բարձրագույն կրթության ընդհանուր մակարդակը և այն հասանելի դարձնել հասարակության տարբեր խավերի ուսանողների համար:
“EUROSTUDENT” նախագիծն իրականացվելու է 2012-2015 թվականներին, իսկ դրանից հետո կարող է շարունակվել կողմերի համաձայնության դեպքում: “EUROSTUDENT” նախագծի հինգերորդ կոնսորցիումին մեր երկրի մասնակցության համար կձևավորվի ազգային թիմ, որն ըստ արդեն հաստատված ժամանակացույցի կապահովի ծրագրի արդյունավետ իրականացումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությունը “EUROSTUDENT” հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին հնարավորություն կընձեռի ստեղծել ուսանողների մշտադիտարկման չափելի մեխանիզմներ և գործիքներ, ինչպես նաև կապահովի ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման շրջանակի ընդլայնումը և ակտիվ համագործակցությունը Բոլոնիայի պայմանագիրը ստորագրած այլ անդամակից երկրների հետ:
“EUROSTUDENT” հինգերորդ կոնսորցիումի իրականացման ժամկետները համընկնում են մեր երկրի կողմից Բոլոնիայի Քարտուղարության պարտականությունները (2012-2015 թվականներին) կատարելու հետ, և այն կհանդիսանա լրացուցիչ հնարավորություն Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավելագույնս նպատակաուղղված և բովանդակալից ձևով կազմակերպելու և իրականացնելու համար:

Դիտվել է 689 անգամ:
Print Friendly

Leave a Reply