Ցմահ դատապարտյալի գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել. պահանջում են նոր դատավարություն

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | May 15, 2012 16:16

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում 16 տարի անց նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք բացառիկ հնարավորություն են ընձեռել գործի վերաբացման համար: Նրա փաստաբանն արդեն նոր հանգամանքների վերաբերյալ ամբողջական փաթեթը օրենքով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան ու գլխավոր դատախազություն:

Շուրջ 200 անձիք` այդ թվում նաև մտավորականներ, արվեստագետներ և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` խնդրելով կազմակերպել նոր դատավարություն` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:  «Քաջ գիտակցում ենք, որ կա նաև տուժող կողմ, որ ողբերգության հետևանքով մարել է այդ ընտանիքի լույսը: Խոնարհվում ենք նրանց ցավի առջև: Բայց մենք դատավորներ չենք, մենք հասարակություն ենք, որ ցանկանում է արդար դատաքննություն: Եվ սա ամենևին մեկ անձի՝ միայն Մհեր Ենոքյանի խնդիրը չէ:  Մենք պետք է վերջապես դառնանք հասարակություն, որտեղ մարդը և նրա կյանքը բարձրագույն արժեք են»,-մասնավորապես նշված է դիմումի մեջ:

Այդ դիմումի տակ ստորագրածներից մեկն էլ բանասիրական գիտությունների թեկնածու, կինոգետ Արծվի Բախչինյանն է: Երբ զանգահարեցի նրան, պարզվեց, որ հենց այդ պահին նա Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին ուղղված նամակ էր պատրաստում` Մհեր Ենոքյանի հետ տեսակցություն ապահովելու խնդրանքով:

Չնայած որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով ամրագրված է ցմահ դատապարտյալի` արտաքին աշխարհի հետ շփման իրավունքը` մասնավորապես հարազատների և այլ անձանց հետ տեսակցությունը, Արծվի Բախչինյանին հնարավորություն չեն տալիս հանդիպել Մհեր Ենոքյանի հետ. «Մարտ ամսին դիմել էի  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին, և ինձ ասել էին, որ կարող եմ նրա հետ տեսակցություն ունենալ,-ասում է նա:-Նրա հարազատների հետ ես էլ գնացի քրեակատարողական հիմնարկ, սակայն 1 ժամ սպասեցնելուց հետո մեզ հայտնեցին, որ միայն հարազատներին է թույլատրվում տեսնվել դատապարտյալի հետ»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին ուղղված նամակով Բախչինյանը ցմահ դատապարտյալի հետ օրենքով սահմանված կարգով հանդիպելու չորրորդ փորձն է կատարում:

Ինչու՞ է Արծվի Բախչինյանն այդքան համառորեն ցանկանում հանդիպել Մհեր Ենոքյանի հետ. պարզվում է` շատ պարզ ու անկեղծ պատճառով. «Երբ կարդացի նրա «Ես զրուցում եմ քեզ հետ` Մարդ» գիրքը, որի վաճառքից ստացված գումարը հեղինակի ցանկությամբ փոխանցվում է քաղցկեղով հիվանդ երեխաներին,  զգացի, որ Մհերի հետ շատ ընդհանուր բան ունեմ, հասկացա, որ մենք նույն տեսակն ենք, իր գրական ձիրքն էլ ինձ գրավեց, և ես պարզապես ցանկացա անձամբ տեսնել նրան, զրուցել այն խնդիրների մասին, որոնք երկուսիս էլ մտահոգում են,-ասում է Արծվի Բախչինյանը,-ես գրչի մարդ եմ, Մհերն էլ է գրչի մարդ, ոչ մի վատ բան չկա այն բանում, որ մենք հանդիպենք: Ինչո՞ւ է հանրությանը թվում, թե ճակատագրի բերումով ճաղերի հետևում հայտնված մարդը հրեշ է»:

Ի դեպ, գրքի վաճառքից գոյացած հասույթը հիվանդ երեխաներին փոխանցելը անազատության մեջ գտնվող Մհերի միակ հանրային նախաձեռնությունը չէ. նա բազմիցս է հանդես եկել բարեգործական տարբեր առաջարկներով: Վերջինն էլ ապրիլ ամսին էր, երբ Ցեղասպանության 97-րդ տարելիցի առթիվ նա խիստ արժեքավոր գրքեր նվիրաբերեց Մայր Աթոռի Գարեգին Առաջինի գրադարանին և ստացավ շնորհակալագիր: Այդ գրքերը Մհերի ընտանիքը ժառանգել էր 1915 թ-ին թուրքերի յաթաղանից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած նախնիներից, որոնք էլ փրկել էին 1823 թ-ին Կոստանդնոպոլիսում տպագրված «Պատմություն Նահատակության սրբոց Վարդանանց»-ը, 1832 թ-ին Սուրբ Ղազար կղզում տպագրված Մխիթար Հերացու «Ջերմոց Մխիթարաց»-ը, 1874 թ-ին Կոստանդնոպոլիսում տպագրված «Քննական կրոնագիություն-ը», 1884 թ-ին տպագրված «Կրոնական երգարան»-ը և այլ գրքեր:

Մհերի նվերը փոխանցողներից մեկն էլ Արծվի Բախչինյանն էր, ով պատմում է, որ Մայր Աթոռում այդ քայլն աննախադեպ են որակել` նշելով, որ բանտարկյալից երբևէ նվիրատվություն չեն ստացել:

Պրահայում բնակվող հայ լրագրող Շուշան Ղազարյանը նույնպես այն մարդկանցից է, ովքեր ստորագրել են Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու դիմումի տակ: Մհերի մասին նա առաջին անգամ լսել է հեռուստատեսությամբ, երբ նա փախուստ էր կատարել բանտից։ «Անկեղծ ասած, հեռուստատեսության ռեպորտաժների մեջ անառողջ բան կար,-նկատում է նա,-որևէ փաստ չեմ կարող ստույգ նշել, դա իմ՝ լրագրողի անձնական զգացողության արդյունքն էր: Հետո Մհերի մասին իմացա մամուլում տպված նրա հոդվածներից, այնուհետեւ նկարչուհի Ջարուհի Մուրադյանն ուղարկեց Մհերի գիրքը, ու ես հասկացա, որ չեմ սխալվել»։

Շուշան Ղազարյանն ասում է, որ Պրահայում էլ են քննարկել Մհեր Ենոքյանի գիրքը և որոշել են աջակցել նրան` հասկանալով, որ այդ երիտասարդը պետք է հասարակությանը։ «Եվ եթե իրավապահ մարմինները սխալ են կատարել, ժամանակն է, որ գոնե փորձեն ուղղելու ճանապարհներ փնտրել, որը և´ բնական է, և´ բարոյական Մհեր Ենոքյանի գործի պարագայում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու մեջ: Ի դեպ, Մհեր Ենոքյանը միակ ցմահ դատապարտյալն է, որ դիմել է դատարան` վիճարկելու ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ-ի ներման հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ. հիմնավորումն այն է, որ նախագահն իրավասու է  միայն ներման հրամանագիր ստորագրելու, սակայն իրավունք չունի մեկ այլ պատիժ սահմանելու, ինչը տվյալ դեպքում, արվել է:

Նաև հիշեցնենք, որ ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված և պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն և դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանն արդեն մեկ տարի է` ազատության մեջ է:

Փաստաբանական տեղեկանքները վկայում են Մհեր Ենոքյանի գործի հապշտապ ու անկատար քննության մասին, ուստի նրա հարազատներն ու այդ գործով մտահոգ մի շարք անձիք ու կազմակերպություններ 16 տարի շարունակ դիմել են պատկան մարմիններին` գործը վերաբացելու պահանջով, սակայն մերժում են ստացել` գործում նոր հանգամանքների բացակայության պատճառաբանությամբ:

Այսօր այդ հանգամանքներն ի հայտ են եկել:

Դիտվել է 2646 անգամ:
Print Friendly

Leave a Reply