«Ջրվեժ» անտառպուրակից խլված 24 հեկտարը կվերադարձվի պուրակին
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 15, 2009 18:15
Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ «Ջրվեժ» անտառպուրակից համայնքային տնտեսության համար առանձնացված 24 հա-ը վերադարձվելու է պուրակին. այս մասին առաջին անգամ ահազանգ էին հնչեցրել 13 հկ-ներ:
«Իմ հանձնարարությամբ կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի մենք բավարարենք մեր բնապահպան հկ–երի արդարացի պահանջը, մյուս կողմից իսկապես տրամաբանական չէր այդ 24 հա–ի առանձնացումը այն 400 հա–ից, որ մնում էր տնտեսության մեջ,- ասաց վարչապետը,- կարծում եմ՝ սրանով մենք կապահովենք նաեւ հասարակական արդարացի դժգոհության խնդրի իսպառ լուծումը»:
Գործադիրը հաստատել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի տնտեսական, այդ թվում՝ ՓՄՁ բնագավառի գնահատման կարգը եւ դրա հանրապետական մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Ըստ կարգի՝գնահատումն իրականացվում է 3 փուլով` նախնական դիտարկումներ, ծախսերի եւ օգուտների վերլուծություն, կարգավորման ազդեցության գնահատման արդյունքներ։
Վարչապետը կառավարության անդամներին հիշեցրեց, որ այդ հարցը հնչել է Կառավարոթյուն-ԱԺ նախորդ հարցուպատասխանում:
.«Այս հարցը հնչեցվեց Անահիտ Բախշյանի(«Ժառանգություն» խմբակցություն) կողմից, թե օրենքների ընդունման պարագայում մենք ինչպես ենք գնահատում դրանց ազդեցությունը։ Նաեւ մենք ունենք խնդիր` կուտակված ենթաօրենսդրական ակտերը,- ասաց վարչապետը,- Շատ հաճախ մենք ուշացնում ենք դրանց ընդունումը, եւ այս որոշումը այդ բացը լրացնելու նպատակ ունի»:
Որոշվեց ՀՀ մարզերում 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային շենքերի եւ աղետի գոտու բնակելի շենքերի տեխնիկական վիճակի հետազննության համար այս տարվա չորրորդ եռամսյակում հատկացնել 5 մլն. դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
