Կրթությունն ու մշակույթը` գերակա ուղղություններ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 15, 2012 13:11
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուին: Ողջունելով դեսպանին` Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլի 25-27-ը նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Բուխարեստում, որտեղ մասնակցել է Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Այցի շրջանակում քննարկումներ են եղել Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի և այլ շահառուների միջև, ինչպես նաև մշակվել է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը: Ըստ այդմ` 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն առաջիկա երեք տարիների ընթացքում կզբաղվի Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների համակարգմամբ: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ռումինական կողմի` բարձր մակարդակով կազմակերպած գագաթաժողովի վերաբերյալ` նշելով, որ այս գործընթացում Ռումինիան շատ բարձր նշաձող է սահմանել: Ուստի, երկու կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել` փորձի փոխանակման և հայկական կողմին Քարտուղարության փոխանցման տեսանկյունից: Միաժամանակ Ա. Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ հունիսի 27-29-ը Երևանում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության պաշտոնական փոխանցումը հայկական կողմին, որին կմասնակցեն նաև Ռումինիայի, Կիպրոսի, Բոսնիա և Հերցոգովինայի կրթության և գիտության նախարարները: Նախարարը հույս է հայտնել, որ այդ ընթացքում տեղի կունենան նաև երկկողմանի հանդիպումներ:
Դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն իր հերթին նշել է, որ իրավամբ երկու երկրների հարաբերություններում կրթությունն ու մշակույթը գերակա ուղղություններ են: Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է միջպետական համաձայնագրերի շրջանակում ռումինական կողմի` հայ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների խնդրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի ֆինանսավորման, Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության և Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի զարգացման կենտրոնին վերաբերող հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
