Խաչատուր Մարոզյան. Հայ տղամարդու դերակատարությունն ընտանիքում գնալով «նվազում» է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 15, 2012 13:08

Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Հայաստանում այն նշվում է 2009 թվականից, երբ Իրավաբանական և հոգեբանական միջազգային ասոցիացիան (ԻՀՄԱ) առաջարկեց Ազգային ժողովին այս օրն ընդգրկել հայկական տոնացույցում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրավաբանական և հոգեբանական միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը:

«Մեր ասոցիացիայի շահառուներն են 1600-ից ավելի սոցիալապես անապահով ընտանիքները: Այսօր հայ ընտանիքը խորը ճգնաժամի մեջ է: Շատացել են ամուսնալուծությունները: Մեր ասոցիացիայում ուսումնասիրություններ ենք կատարում, որ փորձենք հասկանալ, թե ինչն է դառնում ընտանիքի փլուզման, ամուսնալուծության պատճառ», – իր խոսքում նշեց ԻՀՄԱ նախագահը:

Բանախոսի պնդմամբ` հայ տղամարդու դերակատարությունն ընտանիքում գնալով «նվազում» է, իսկ երեխաների համար հիմնականում հենց հայրն է օրինակ ծառայում: Սա ազդում է սերնդի դաստիարակության վրա, քանի որ երեխաներն օրինակում են «անօրինակելի» հորը: Ընտանիքի ռազմավարության զարգացման համար ԻՀՄԱ-ն նոր ծրագիր է մշակել, որը պատրաստվում է ներկայացնել 5-րդ գումարման խորհրդարանին: Մարոզյանի խոսքով` նախատեսվում է ստեղծել «ընտանիք-դպրոց», որտեղ երիտասարդներին կբացատրվի «կնոջ և տղամարդու դերակատարությունն ընտանիքում»:

«Երիտասարդները սիրահարվում են, բայց պատասխանատվությունն որպես այդպիսին չեն գիտակցում: Դպրոցում կուսուցանվի, թե ինչպես է պետք վերաբերել ընտանիքին: Առաջարկում ենք, որ այս ամենի մեջ դերակատարություն ունենա նաև պետությունը», – նշեց Մարոզյանը:

Մասնագետի հավաստմամբ` դպրոցի աշխատանքի ընթացքում կկիրառվի նաև արտասահմանյան փորձը: Նախագիծը վերջնականապես պատրաստ կլինի աշնանը: Արաբկիր վարչական շրջանի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն էլ ասաց, որ եկեղեցին ողջունում է «ամեն մի տոն, որը կնպաստի ընտանիքի զարգացմանը»:

«Շատ դեպքերում գալիս ասում են՝ ինչո՞ւ չբաժանվենք: Պետք է կրթենք երիտասարդներին և բացատրենք ընտանիքի արժեքային համակարգը: Մենք մեր ընտանիքները պիտի մոտեցնենք դրախտին: Հայի մեջ դրված է սերը դեպի ընտանիք»-, ասաց տեր Բաբկենը:

Քահանայի հավաստմամբ` տղամարդու գլխավոր խնդիրն ընտանիքում այն է, որ «տիրություն անի ընտանիքին, պաշտպանի ու սիրի կնոջը»: Իսկ կնոջ դերը հնազանդության մեջ է, որ «նույնպես սիրի ամուսնուն ու բարձրացնի ընտանիքի պատիվը»:

PanARMENIAN.net

Դիտվել է 1620 անգամ:
Print Friendly

Leave a Reply