Ամուսինն աշխատավայրում Սոնային ստիպել է նայել, թե ինչպես է ինքը զվարճանում իր 2 ռուս սիրուհիների հետ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | May 15, 2012 11:09

Սոնա Ավագյանն ամուսնացել է 17 տարեկանում, սակայն նա այն կանանցից է, ում ամուսնական կյանքն այնպես հեքիաթային չի անցել, ինչպես ինքն է պատկերացրել: Ամուսնության առաջին իսկ ամիսներից սկսել է ծեծ ու ջարդը: Ամուսինն ամեն անգամ ճաշի մեջ մազ է ման եկել, որ ծեծի կնոջը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Սոնա Ավագյանը:

Նրա խոսքով, ինքն ամուսնու հետ ծանոթացել է 1995 թ-ին` 17 տարեկան հասակում, իսկ ամուսինն իրենից մեծ է եղել 5 տարով: 1996-ին ծնվել է նրանց առաջնեկը: «Ճիշտն ասած մինչեւ ամուսնանալը 3 ամիս ընկերություն ենք արել: Ինձ թվում էր, որ պետք է հեքիաթային ապրեմ: Ամուսնուս մեծ եղբայրը հորս ամենամոտիկ ընկերն է եղել, նրա միջոցով եմ ծանոթացել»,- պատմեց Սոնան:

Նրա ներկայացմամբ, ամուսինը ոչ մի աշխատանք չի ունեցել: ««Պարզապես սիրահարվել էի, ոչ մի առավելություններ չուներ, որ ինչ-որ հարստությանը վազեի կամ մեկ այլ բանի»,- նշեց Սոնան, հավելելով, որ ինքն ամուսնու 2-րդ կինն է եղել:

Ամուսինը մինչեւ ամուսնանալը պատճառաբանել էր, որ ամուսնալուծվել է, քանի որ 1-ին կինը 3 տարի երեխա չի ունեցել: «Բայց, երբ ինձ հետ սենց բան եղավ, ես հիմա նոր հասկանում եմ, որ նույնկերպ նա վարվել է նաեւ առաջին կնոջ հետ»,-ասաց նա:

Սոնան վերհիշում է, որ ամուսնությունից հետո ամուսինը 180 աստիճանով փոխվել է, սկսել է իրեն ծեծել: Ամուսինը թխվածքի մասնագետ է եղել, իսկ ինքը` հացի: «Կարող էր խմած գալ տուն ու մի ստից բանի համար ծեծեր: Ինչ որ թերություն էր գտնում, ինձ վերագրում ու ծեծում»,- վերհիշում է Սոնան: Սակայն վերջին 3-4 տարիների ընթացքում նրա կյանքը անտանելի է դարձել: Ամուսինը մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի: Մի քանի ամիս հետո Սոնան էլ է երեխաներով գնացել նրա մոտ այնտեղ հացի փռում աշխատելու: Սակայն այնտեղ գնալուն պես մեկ այլ հարվածի է արժանացել: «3-րդ երեխայովս հղի էի: Փռում երկու սիրածների հետ մտավ արտադրամաս, մեջքիցս բռնեց նետեց վառարանի մոտ ու ասաց  նայիր, թե ոնց եմ սիրածներիս հետ «կայֆավատ» լինում»,-նշեց նա, ով 3 տարի այդ կարգավիճակով ապրել եւ աշխատել է մինչեւ որ 9-րդ հարկից պատահաբար հայրը ընկել եւ մահացել է, որից հետո արդեն պարտադրված է եղել վերադառնալ Հայաստան` հոր թաղմանը մասնակցելու համար:

Հայաստանում եւս իրավիճակը չի փոխվել: Սոնան պատճառաբանում է, որ երեխաների համար է հանդուրժել ամուսնուն եւ այն պիտակի, որ չասեն «ամուսնացած բաժանված է»:

Սոնայի համբերության բաժակը լցվել է, 14-ամյա դուստրը ինքնասպանության փորձ է կատարել: Դասընկերուհու տանը պարապելիս ընկերուհին նկատել է, որ 14-ամյա աղջիկը մի ոտքը դուրս է հանել, որ նետվի պատուհանից եւ մի կերպ ներս է քաշել: Երբ հարցրել է, թե ինչու է այդ քայլին դիմել, նա լացելով պատասխանել է, որ իր հայրը այսպես-այսպես բաներ է արել մոր գլխին, ամբողջ շենքով, բարեկամներով մեկ խայտառակ են եղել, հետեւաբար չի ցանկանում ապրել:

Դրանից հետո Սոնան երեխաների հետ հեռացել է ամուսնուց եւ օգնություն խնդրել «Կանանց իրավունքների» կենտրոնից, որտեղ էլ ստացել է իրավական եւ սոցիալական օգնություն: Մայիսի 2-ին տեղի է ունեցել նրանց ամուսնալուծության առաջին դատական նիստը, իսկ վերջնական վճիռը կկայացվի մայիսի 17-ին: Կենտրոնը նրանց ապաստանելու համար նաեւ տարածք է տրամադրել, որ ամուսինը տեղը չիմանա, քանի որ սպառնում է: Հ.Գ. Այն բոլոր կանայք, ովքեր ընտանիքում ենթարկվում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական բռնության եւ ունեն իրավաբանական կամ հոգեբանական անվճար խորհրդատվության կարիք կարող են դիմել «Կանանց իրավունքների» կենտրոնի 24 ժամ գործող թեժ գծի հետեւյալ համարին` 010 54 28 28:

Պատրաստեց` Տաթեւ Մեսրոպյանը

Դիտվել է 2555 անգամ:
Print Friendly

Leave a Reply