Շուրջ 200 անձ հորդորում է վերաբացել ցմահ դատապարտյալի գործը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 15, 2012 10:54

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,
ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին,
ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին`
հասարակական կազմակերպություններից և մի խումբ մտավորականներից

Դ Ի Մ ՈՒ Մ

Մենք` ներքոստորագրյալներս, դիմում ենք Ձեզ`մեկ մարդու ճակատագրով մտահոգ: Խոսքը 1996 թ-ին մահապատժի /2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման/ դատապարտված Մհեր Դավթի Ենոքյանի մասին է, ում մասին տեղեկացել ենք մամուլում ու համացանցում պարբերաբար տպագրվող հոդվածներից ու պատմվածքներից: Վերջերս էլ տպագրվեց ցմահ  դատապարտյալի «Ես զրուցում եմ քեզ հետ` Մարդ» գիրքը, որի վաճառքից ստացված գումարը Ենոքյանի ցանկությամբ և նրա անունից հարազատները փոխանցում են քաղցկեղով հիվանդ երկու երեխաների հաշվեհամարներին:

Նշենք, որ մենք, դարձյալ նույն մարդու ճակատագրով մտահոգ, մի քանի անգամ բազմաթիվ ստորագրություններով դիմում-խնդրանքներ ենք ուղղել ՀՀ նախագահի նստավայր, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, նաև ՀՀ Վճռաբեկ դատարան: Հաշվի առնելով, որ Ենոքյանը դատապարտման ժամանակ եղել է 20 տարեկան, նախկինում դատված չի եղել, ուսանել է բուհում, բացի այդ տարբեր տարիների փաստաբանական տեղեկանքները վկայում են գործի հապշտապ ու անկատար քննության մասին` մենք խնդրել ենք  ներում շնորհել Մհեր Ենոքյանին կամ թե ընձեռել պատժաչափի վերանայման հնարավորություն:

Բժիշկների ընտանիքի զավակ Մհեր Ենոքյանը ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում:  3-րդ կուրսում`20 տարեկանում մեղադրվել է մեկ անձի`համակուրսեցու սպանության մեջ` դատապարտվելով գնդակահարության /նախկին Քր. օր. 99-րդ հոդված 1-ին և 6-րդ կետեր /: Նախկինում դատվածություն չի ունեցել: Ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել`պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի՝ սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամը ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն: Դատապարտվել է նույն հոդվածով` 99-րդի 1-ին և 6-րդ կետերով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանը մեկ տարի է արդեն ազատության մեջ է:

16 տարի Ենոքյանն իր ընտանիքի հետ  պայքարել է գործի վերաբացման համար, սակայն անարդյունք: Չստանալով որևէ հուսադրող պատասխան` նա ՔԿՀ-ներից երկու անգամ դիմել է փախուստի 2004 և 2009 թթ.-ին: Ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատության մեջ` չի կատարել և ոչ մի հանցավոր արարք: ՀՀ բոլոր նախագահներին գրած տասնյակ դիմումների պատասխանները ստացվել են մեկ մարմնից` Դատախազությունից, որտեղ նշված է եղել` անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Այսօր դրանք վերջապես երևան են եկել:

Այդ մասին տեղեկացանք /Lragir.am, «Հրապարակ» 20.04.2012 / Մհեր Ենոքյանի` պետական այրերին ու հանրությանն ուղղված վերջին դիմումից, որտեղ նա նշում է, որ իր փաստաբանի ջանքերով քրեական գործում երևան են եկել նոր հանգամանքներ, որ ողջ փաթեթը, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան ու գլխավոր դատախազություն:  Քաջ գիտակցում ենք, որ կա նաև տուժող կողմ, որ ողբերգության հետևանքով մարել է այդ ընտանիքի լույսը: Խոնհարվում ենք նրանց ցավի առջև: Բայց մենք դատավորներ չենք, մենք հասարակություն ենք, որ ցանկանում է արդար դատաքննություն: Եվ սա ամենևին մեկ անձի՝ միայն Մհեր Ենոքյանի խնդիրը չէ:  Մենք պետք է վերջապես դառնանք հասարակություն, որտեղ մարդը և նրա կյանքը բարձրագույն արժեք են:

Մենք` որպես հասարակական գործունեությամբ զբաղվող անձինք ու արվեստագետներ,  պարտավոր ենք ինչ-որ կերպ մասնակից լինել, որպեսզի ողջ ճշմարտությունը բացահայտվի: Եվ, եթե Մհեր Ենոքյանը մեղավոր է, ապա այդ մեղադրական փաստարկները պետք է բոլորիս համար համոզիչ լինեն, որպեսզի մարդուն դատապարտեն ծայրագույն պատժաչափի: Չէ՞ որ մարդուն հասարակությունից մեկուսացնում են հենց հասարակության անունից: Մինչ օրս, գործում չփարատված կասկածներ կան, և հանրությունը ցանկանում է գործի վերաբացման արդյունքում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:

Մեծարգո բարձրաստիճան պաշտոնյաներ, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում 16 տարի անց նոր երևան եկած հանգամանքների ընձեռած բացառիկ հնարավորության հիմքով խնդրում ենք գործի վերաբացման հնարավորություն ընձեռել, որպեսզի կազմակերպվի նոր դատավարություն` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:

Հ.Գ. Այս  դիմումի տակ ստորագրել են մոտ 200  անձինք` մտավորականներ, արվեստագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply