Զոլաքարում հայտնաբերվել է բազմաշերտ հնավայր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 15, 2012 10:57

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում հողամշակման աշխատանքներ կատարելիս Զոլաքարի թիվ մեկ միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Օնիկ Հովսեփյանը պատահմամբ հայտնաբերել է հնավայրի հետքեր: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Օնիկ Հովսեփյանը` առաջին անակնկալն այն է եղել, որ ինքը փորձել է իր սեփական հողամասից, որը գտնվում է գյուղի հարավային եզրին, հեռացնել մի քանի մեծ քարեր եւ իր կանգնած տեղից միանգամից ընկել փոսի մեջ: Ապա ձեռքով խորացրել ու լայնացրել է փոսը` հողի երես հանելով խեցեղեն իրեր, քարե անհայտ գործիք, ձեթով վառվող երկաթյա ճրագաման եւ կավե ճրագակալ: Իսկ ամենաարժեքավոր գտածոն եղել է թոնիրը, որը ծածկված է եղել կավե կափարիչով:

Պատմության ուսուցչի կանչով դեպքի վայրում ուսումնասիրություն է կատարել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը, ով ունի հնագիտական աշխատանքի հարուստ փորձ եւ համագործակցում է հայ-իտալական հնագիտական արշավախմբի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նորիկ Հազեյանը հաստատեց հայտնաբերված հնավայրի հետքերի պատմագիտական արժեքը եւ հավելեց, որ այն իրենից ներկայացնում է բազմաշերտ նորահայտ հուշարձան, քանի որ գտնված խեցեղենը բնորոշ է ինչպես նախաքրիստոնեական, այնպես էլ միջնադարյան կամ ուշ միջնադարյան ժամանակաշրջանին:

Թոնրի կառուցվածքը, որը գտնվում է հողի մակերեսից երեք մետր խորության վրա եւ հյուսիսային պատի տակ է բացվում ակը, հիշեցնում է միջնադարյան ժամանակները: Մշակույթի նախարարության ներկայացուցիչը առանձնացրել է վեց քառակուսի մետր պահպանման տարածք, որտեղ Օնիկ Հովսեփյանին ցուցում է տվել չիրականացնել հողամշակման աշխատանքներ, մինչեւ որ այն կենթարկվի հնագիտական ուսումնասիրության: Ըստ Նորիկ Հազեյանի հավաստման` գտածոյի մասին արդեն տեղյակ է պահվել Գեղարքունիքի մարզում մոտ երկու տասնամյակ հնագիտական ուսումնասիրություններ կատարող հայ-իտալական միացյալ արշավախմբի հայկական կողմի ղեկավար, հնագետ Սիմոն Հմայակյանին: Ամենայն հավանականությամբ, Զոլաքարի նորահայտ հուշարձան-հնավայրը հայ-իտալական հնագիտական միացյալ արշավախմբի կողմից կուսումնասիրվի այս տարվա հունիս- հուլիս ամիսների ընթացքում:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply