Ռուբեն Սաֆրաստյան. «Թուրքական կողմը կջանա ամեն կերպ զիջումներ կորզել հայկական կողմից»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 17:02

Ռուբեն ՍաֆրաստյանՖուտբոլային հանդիպումից կարելի է եզրակացնել, որ թուրքերը դեռևս հեռու են Եվրամիություն մուտք գործելուց. այսպիսի եզրակացությամբ լրագրողների հետ այսօր հանդիպումն սկսեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը. «թուրք հանրությունն ամբողջ աշխարհին հայտնի է իր անհանդուրժողականությամբ, հայերի նկատմամբ ՝ առավել անհանդուրժողականությամբ»:

Սաֆրաստյանի մեկնաբանությամբ՝ այդ անհանդուրժողականությունը վերջին տարիներին ավելի է մեծացել՝ կապված հակաքրիստոնեական և տարբեր ծայրահեղական խմբավորումների դրսևորումներով:

Արձանագրությունների ստորագրումն առաջին փուլն էր, իսկ հաջորդը, թուրքագետի կարծիքով, նոր է սկսում. «այն նույնպես դժվար կլինի և երկու կողմերից էլ մեծ ջանքեր կպահանջի»:

Թուրքագետը  դժվարացավ կանխատեսել, թե երբ կբացվի սահմանը. «հայ դիվանագիտությունը պետք է լինի չափազանց աչալուրջ, որովհետև թուրքական կողմը, միևնույն է, վավերացման ընթացքում կջանա ամեն կերպ ինչ-որ զիջումներ կորզել հայկական կողմից»:

Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները սկսել է կարգավորել՝  ԵՄ անդամագրվելու ճանապարհը հարթելու համար. «Թուրքիան երբևիցե հույս չի կարող ունենալ փակ սահմաններով մտնել ԵՄ»:

Բացի այդ, ըստ ինստիտուտի տնօրենի, Թուրքիան աշխարհաքաղաքական նոր դասավորումների փնտրտուքների մեջ է . «նա ուզում է Մերձավոր Արևելքում վերաձևավորել իր դիրքը»:

Սաֆրաստյանի կարծիքով՝ շատ քիչ պատահող իրողություն է, երբ տարածաշրջանում երկու խոշոր խաղացողներ՝ ՌԴ-ն ԱՄՆ-ը, միաժամանակ շահագրգիռ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ:

Սաֆրաստյանը մեկ անգամ ևս հստակեցրեց, որ միջակառավարական հանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չի լինելու, և թուրքական կողմից Ցեղասպանության հարցն առաջ քաշելու դեպքում հայկական կողմը չի հաստատի այն: «Հայերն Օսմանյան կայսրությունում հարյուրավոր տարիներ են ապրել, և քննարկման բազմաթիվ հարցեր կան՝ սկսած մարդկանց ունեցվածքից, վերջացրած եկեղեցիների վերաբերյալ հարցերից»,- ասաց Սաֆրաստյանը:

Նրա  կարծիքով՝ հայ հանրությունից առավել այս գործընթացին դիմադրում են թուրքերը: «Եթե հավատանք սոցիալական հարցումներին, մեր մոտ 50 տոկոսն է ընդիմանում, Թուրքիայում՝ 70 տոկոսը»,- ասաց Սաֆրաստյանը:

Դիտվել է 1455 անգամ:
Print Friendly

Leave a Reply