Հայ ուսուցիչը մեծարման, գնահատման և բարի խոսքեր լսելու կարիք ունի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 14, 2012 17:42

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է “Տաշիր” բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված Հայաստանի, Արցախի, Ջավախքի 230 ուսուցիչների պարգևատրման արարողությանը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության ու “Տաշիր” բարեգործական հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում: Ուսուցիչներից յուրաքանչյուրը պագևատրվել է 200 հազարական դրամի չափով: ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով մասնավոր բարեգործական կառույցների կողմից նմանատիպ նախաձեռնությունների դերը, ընդգծել է, որ պետական հոգածությունից բացի ուսուցիչն ունի նաև հասարակության կողմից մեծարանքի անհրաժեշտություն: “Հայ ուսուցիչն այսօր մեծարման, գնահատման, բարի խոսքեր լսելու կարիք ունի: Սա մեծարանքի յուրօրինակ դրսևորում է: Ունենք քաղաքացի դաստիարակելու հրամայական, ազգային ինքնության պահպանման կարիք, ժամանակակից աշխարհում մրցունակ ինտելեկտով զինված հայի կերպար կերտելու կարիք, որոնք ապահովում են ուսուցիչները”,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ պարգևատրված ուսուցիչներն ընտրվել են հետևյալ սկզբունքով` Հայաստանի ուսուցիչները` Հայաստանի, Արցախի ուսուցիչները՝ ԼՂՀ, իսկ Ջավախքի ուսուցիչները Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների կողմից:
Հայաստանից ընդգրկված են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի դպրոցների ուսուցիչներ: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Ջավախքի ուսուցիչները ներկա չեն միջոցառմանը, քանի որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից համապատասխան համաձայնեցման գործընթացը դեռ ավարտված չէ: Նախարարը տեղեկացրել է, նաև, որ “Տաշիր” բարեգործական հիմնադրամը մոտ երկու ամիս առաջ ՀՀ ԿԳՆ-ի հետ կնքել է համաձայնագիր, որով նախատեսվում էր, որ հիմնադրամը մի քանի կրթական ծրագրեր է ֆինանսավորելու: Առաջին ծրագրով Հայաստանի բուհերում սովորող ավելի քան 200 ջավախքցի ու արցախցի ուսանողներ ստացել են 200 հազարական դրամ կրթաթոշակ:
Միջոցառմանը ներկա Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշել է, որ ուսուցիչների պարգևատրման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 150 հազար դոլարին համարժեք դրամ: Արարողության ժամանակ պարգևատրված ուսուցիչներն իրենց շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

Դիտվել է 2881 անգամ:
Print Friendly

Leave a Reply