“Հայաստանում այս պահին ինքնասպանությունների թիվն ավելի շատ է”. հոգեբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2012 16:58


Այսօր “Հայելի” ակումբում հյուր էին հոգեբան Սամվել Խուդոյանն ու բժիշկ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը, ովքեր խոսում էին ինքնասպաննությունների խնդրի թեմայով: Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ ինքնասպանությունները Հայաստանում չեն աճել, ուղղակի ինֆորմացիան է շատացել. “Ասել հստակ, որ ընդհանուր միտումը դեպի շատանալն է, սխալ կլինի, որովհետև չկան առանձնահատուկ հիմքեր, որ ինքնասպանությունները ամբողջ աշխարհում կամ Հայաստանում շատացել են, ուղղակի այս տարի ՀՀ-ում ավելի շատ էին: Սովորաբար այդ երևույթը կայուն դրսևորում ունի, որոշակի երկրներում ավելի շատ են, որոշ տեղերում քիչ են, ինչպես նաև տարբեր են լինում տարվա տարբեր եղանակներին”:
Հոգեբանը գտնում է, որ ինքնասպանությունների հարցում մարդու սոցիալական ստատուսը կապ չունի, դա ավելի շատ անհատական բնույթ է կրում. “Դա մարդկանց տիպ է, որոնք հակված են սթրեսի ժամանակ դիմել փախուստի, ինչը գալիս է անելանելիությունից, գոյության ճգնաժամից, այսինքն` ապրել, թե չապրելու խնդիրն է այստեղ”: Խուդոյանի կարծիքով, եթե մարդու մեջ նման մտքեր են ծնվում, դա նշանակում է, որ ինչ-որ բան նրա գլխում փչացել է:
Նարեկաբույժ Արմեն Ներսիսյանն էլ այս հարցում կարևորեց ընտանիքի գործոնը. “Պատճառների թվում են շատ դեպքերում հուսահատությունն ու մենակությունը, երբ մարդ իրեն զգում է մենակ և անկարող, ուստի այս հարցում շատ կարևոր է ընտանիքի ջերմ մթնոլորտը, որ մարդ իրեն մենակ չզգա ու ստանա իր ընտանիքի սերն ու ջերմությունը, զգա իր անձի կարևորությունը”:
Նարեկաբույժի պատմելով` եղել է դեպք, երբ մի աղջնակ, կարդալով Նարեկացու աղոթքները, մտափոխվել է և հետ է կանգնել ինքնասպանություն գործելու իր որոշումից:
Իսկ թե որոնք են անձին ինքնասպանության դրդելու հիմնական պատճառները, բանախոսները նշեցին սիրահարվածությունն ու մերժված լինելու հանգամանքը, խաղամոլությունը, սոցիալական ու բարոյական խնդիրները, ինչպես նաև հոգեկան ծանր վիճակը, սթրեսներն ու հոգեկան հիվանդությունները:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ինքնասպանությունների թվի մակարդակին, ապա հոգեբան  Խուդոյանը փաստեց, որ Հայաստանն աշխարհում ինքնասպանությունների քանակի բարձր ցուցանիշով աչքի չի ընկնում:

Վահե Մակարյան

Դիտվել է 1742 անգամ:
Print Friendly

Leave a Reply