Հանձնարարվել է խստորեն հետևել մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ժամանակացույցին ու որակի պահպանմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2012 16:47

 Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում Երևանն առավել բարեկարգ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի լվացման, ներկման,  վերանորոգման և արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման, ինչպես նաև մի շարք կամարանցումներում նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված 140 շենքերից արդեն լվացվել և վերանորոգվել են 35 շենքերի ճակատային հատվածները:

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ Երևան քաղաքի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով արդեն գիշերային լուսավորությամբ ապահովվել է 168 փողոց և բակ, ինչպես նաև 14 այգի: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լրացուցիչ ծրագրերով արտաքին լուսավորությամբ ապահովել նաև  բարեկարգվող բակերն ու այգիները:

Անդրադառնալով բակային տարածքների բարեկարգման աշխատանքներին, Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի ծրագրերով, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում ավելի քան 300 բակային տարածք է բարեկարգվել: «Դա մեծ ձեռքբերում է և բոլորիս պարտքն է պահպանել այդ տարածքները` ընթացքում ավելացնելով դրանց թիվը»,- նշել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում արդեն ավարտվել են նաև 437 նստարանների և 295 աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը, ինչպես նաև գույքագրել Կենտրոն վարչական շրջանում տեղադրված հին նստարաններն ու աղբամանները և դրանք նույնպես փոխարինել նորերով: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում նոր նստարաններով և աղբամաններով կկահավորվեն նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:

Մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել, ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով որակի պահպանմանը. «Բոլոր այն տեղերում, որտեղ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման և ճաքալցման աշխատանքներն անորակ և թերի են կատարվել, պարտադրել կապալառու կազմակերպություններին իրենց միջոցներով վերացնելու թերությունները»,- ընդգծել է քաղաքապետը:

Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են նաև քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված կանաչապատման և ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքները:

Նոր սիզամարգերի ստեղծման մասով արդեն ավարտվել են Դավիթ Բեկ փողոցի, Երևան-Եղվարդ խճուղու, Դավթաշենի կամրջի, ինչպես նաև  Աթենքի փողոցի կամրջի հարակից հատվածների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին: Հանձնարարվել է նաև հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնել Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները:

Պահանջը հստակ է նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր  տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: «Ամենօրյա աշխատանք տարեք տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանն ու կարևորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը, քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել մասնակիցների կողմից երթուղիների սպասարկման մրցույթային պահանջների ապահովմանը, ինչով էլ կպայմանավորվի բնակչության սպասարկման որակի բարձրացումը. «Մինչև տարեվերջ փոփոխությունները պետք է տեսանելի լինեն մեր բնակիչների համար», – ընդգծել է Տարոն Մարգարյանը

Անդրադառնալով հանրակրթական դպրոցների ջեռուցման խնդրին, քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետում գույքագրել և ներկայացնել մայրաքաղաքում ջեռուցման կարիք ունեցող դպրոցների ցանկն ու անհրաժետ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: «Խնդիրն այս տարի պետք է ամբողջությամբ լուծում ստանա»,-ընդգծել է քաղաքապետը, միաժամանակ հանձնարարելով նաև հետևողականորեն իրականացնել նաև  գրադարանների և առողջապահական հաստատությունների համար նախատեսված ջեռուցման  ծրագիրը:

Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտադրել է սեփական եկամուտների հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպելու հարցը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին հանձնարարվել է ապահովել գովազդային ցուցատախտակներից նախընտրական պաստառների հեռացման և մաքրման աշխատանքները:

Այս տարի վերջին զանգը մայրաքաղաքի դպրոցներում կհնչի մայիսի 25-ին: Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել ինչպես դպրոցներում դրամահավաքության կանխարգելմանը, այնպես էլ նախատեսվող միջոցառումների ժամանակ շրջանավարտների անվտանգության ապահովմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply