Թուրքիայից մաքսանենգ ճանապարհով հերոին են ներկրել Հայաստան ու իրացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 14, 2012 14:55

Օրերս Հայաստանում հերոին տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դեպք է բացահայտվել, որը ներկրվել է մեր երկիր Թուրքիայից: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ մայիսի 10-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊԳՎ) և Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Գայի պողոտայի և Բաղյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Մհեր Ա.-ին, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենով փաթեթավորված հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Պարզվել է, որ Մհեր Ա.-ն այն 50 հազար դրամով ձեռք է բերել ոմն Սայիդից:

Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 12-ին պարզվել է, որ ոմն Սայիդը հանդիսանում է Սայիդ Ք.-ն, որը մայիսի 12-ին Բագրատաշենի մաքսային անցակետից բերման է ենթարկվել:

Պարզվել է, որ Սայիդ Ք.-ն մաքսանենգ ճանապարհով հերոին տեսակի թմրամիջոցը Թուրքիայի Հանրապետությունից ՀՀ է ներմուծել ապրիլի 5-ին:

Մհեր Ա.-ն և Սայիդ Ք.-ն ձերբակալված են հանգամանքները պարզվում են: Փաստի կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 266 հոդվածի հատկանիշներով` «Թմրամիջոցներն ապօրինի իրացնելը»: Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply