Հայտնի է դարձել Ֆեդերիկո Գարսիա Լորկայի սիրեկանի անունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 14, 2012 13:07

Ֆեդերիկո Գարսիա Լորկան կյանքի վերջին տարիներին գաղտնի սիրեկան ուներ, որի անունը միայն հիմա է հայտնի դարձել: El Pais-ը գրում է, որ սիրեկանը լրագրող ու քննադատ Խուան Ռամիրես  դը Լուկասն է: Նրանց հարաբերությունների մասին պատմող «Մութ սեր» վեպը լույս կտեսնի Իսպանիայում, մայիսի 22-ին:

Հայտնի փաստ է, որ Գարսիա Լորկան  իր կյանքի վերջին տարիներին բանաստեղծություններ էր նվիրում ինչ որ մեկին, որի անունն այն ժամանակ անհայտ էր: Մանուել Ֆրանսիսկո Ռեյնայի գրքում պատմվում է բանաստեղծի ու նրա սիրեկանի հարաբերությունների մասին, որն այն ժամանակ 17-18 տարեկան էր: Գրքի հեղինակը կարծում է, որ Ռամիրեսին է նվիրված «Մութ սիրո սոնետներ» ժողովածուն:

Նրանք հանդիպել են Մադրիդում  1934 կամ էլ 1935 թ: Այդ ժմանակ Գարսիա Մարկեսն արդեն լայն ճանաչում ուներ, մինչդեռ Ռամիրեսը, դերասան դառնալու մասին երազելով, նոր էր տեղափոխվել մայրաքաղաք Ալբասետեից:  Սիրեկանները 1936-ին որոշեցին մեկնել Մեքսիկա, սակայն դրա համար երիտասարդը պետք է ընտանիքի համաձայնությունը ստանար, քանի որ այդ ժամանակ 21 տարեկան չկար, այսինքն` անչափահաս էր: Տղան  այդ նպատակով մեկնում է Ալբասետե, սակայն պահպանողական հայրը մերժում է նրա խնդրանքն ու որդուն ուղարկում Մադրիդ` սովորելու:  Իսկ Լորկան էլ Մադրիդից տեղափոխվում է հայրենի Գրանադա` հուսալով պաշտպանվել ազգայնամոլներից: Մի քանի օրից Իսպանիայում քաղաքացիական կռիվ է սկսվում: 1936-ին Գարսիա Լորկան ձերբակալվում ու գնդակահարվում է:

Խուան Ռամիրեսը, որը հետագայում դառնում է ճարտարապետության հայտնի քննադատ, մինչև կյանքի վերջը պահում է  օրագրերն ու նամակները, որոնք վկայում են իր ու Լորկայի սիրավեպի մասին: Մահից առաջ նա այդ փաստաթղթերը հանձնում է քրոջը ու պատվիրում հրապարակել դրանք:

Լորկայի համասեռական հակումների մասին երկար ժամանակ տարբեր նկատառումներով լռել են, և միայն 1980-ականներին է  հայտնի դարձել Լորկայի կենսագիր Յեն Գիբսոնի  ուսումնասիրություններով: Մի տեսության համաձայն, նրան գնդակահարել են ֆրանկոյականները ոչ միայն հանրապետական հայացքների , այլև սեքսուալ կողմնորոշման համար:

Դիտվել է 1592 անգամ:
Print Friendly

Leave a Reply