Այս տարի Նովրուզին Հայաստան է այցելել 15 հազ. իրանցի, որը 10 հազարով պակաս է նախորդ տարվանից. Մեխակ Ապրեսյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 14, 2012 6:49

Նովրուզը նշելու համար 2012թ մարտին Հայաստան է այցելել շուրջ 15 հազար 145 իրանցի, ինչը շուրջ 10 հազարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Դա, ըստ նրա, պայմանավորված է Իրանի նկատմամբ սահմանափակումներով, որի արդյունքում տարադրամի փոխարժեք կրկնակի ավելի էր եւ դժվար սպառվող, այսինքն` մարդիկ չէին կարողանում տարադրամ ձեռք բերել, որ կարողանան ճամփորդել: «Այստեղ ոչ թե Հայաատան այցերն են պակասել, այլ ընդհանրապես Իրանի արտագնա զբոսաշրջությունը զգալի անկում է ապրել: Հիմնականում իրենց մոտ էլ զգալի չափերով ավելացել է ներքին զբոսաշրջությունը, այսինքն` ավելի շատ Իրանի ներսում են զբոսաշրջային այցելություններ կատարել Նովրուզի հետ կապված: Այդ պատճառով էլ արտագնա զբոսաշրջության անկման պատճառով Հայաստան այցելությունները էապես նվազել են»,- նշեց նա: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ եղանակն էլ որոշակի բարղություն առաջացրեց, մասնավորապես` այս անգամ գարունը ուշ եկավ Հայաստան, ինչը նպաստավոր չէր զբոսաշրջային այցելուների համար: «Սպասելի էր նման արդյունքը, քանի որ առկա էր փոխարժեքի խնդիրը, ամեն ինչ արվում է, որ դրա ազդեցությունը շատ մեծ չլինի, բայց այս դեպքում մենք գրեթե անզոր էինք, որովհետեւ եթե տարադրամ չկա, դա ազդում է զբոսաշրջիկի այցելությունների վրա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է շրջանառվող կարծիքներին, թե իրանցիները այս տարի գերադասել են Հայաստանից մատչելի երկրներ, ապա Մեխակ Ապրեսյանը հակադարձեց` նշելով, որ նման խնդիր չկա, ընդհակառակը` շատ պարսիկներ նշում էին, որ շատ գոհ էին ամեն ինչից, այստեղ լավ պայմաններ էին առաջարկում, հարմարվում էին իրենց պայմաններին:

Զբոսաշրջության վարչության պետի խոսքով` մարտին իրանցիների քիչ այցելությունները Հայաստան ազդել են նաեւ 2012թ առաջին եռամսյակային պատկերի վրա, մասնավորապես` հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 22 հազար իրանցի, մինչդեռ նախորդ տարի այդ տվյալը մոտ 32 հազար էր: Մեխակ Ապրեսյանը նաեւ փաստեց, որ գնալով ավելանում է պարսիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, մասնավորապես` ավելի շատ են մարզեր այցելում, իսկ եղանակը լավ լինելու դեպքում նաեւ Սեւան են գնում:

Իսկ թե ինչ է պետք անել, որպեսի հաջորդ տարի ավելի շատ իրանցիներ գան Հայաստան, ապա նրա խոսքով, պետք է ավելի լավ ներկայացնել Հայաստանը Իրանում, համագործակցությունը խորացնել, մարքեթինգային քաղաքականություն մշակել:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply