Էդուարդ Շարմազանով. «ԼՂՀ-ն երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2009 14:41

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ երեկ ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց.  Հայաստանը  թևակոխեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նոր փուլ:

Ըստ նրա` նախագահ Սարգսյանի նախաձեռնող քաղաքականության արդյունքում Հայաստանը տարածաշրջանում դարձել է օրակարգ ձևավորող, ինչի արդյունքում Հայաստանը պասիվ կեցվածքից անցել է ակտիվի, բայց ոչ՝ ի հաշիվ մեր ազգային և պետական շահերի:

Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նախագահն ու իշխանությունները պաշտպանում են միայն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը, որը բխում է տարածաշրջանային երկրների և մեր երկրի շահերից:

Բանախոսը կարևորեց, որ նախագահն իր ուղերձում ևս մեկ անգամ շեշտել է, թե Ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է շարունակվի համատեղ ուժերով և որ ստեղծվելիք հանձնաժողովը պատմաբանների չէ:

Ըստ  Շարմազանովի՝ «թուրքական կողմն է սահմանը փակել, հետևաբար տրամաբանական է, որ  Արձանագրություններն առաջինը պետք է վավերացնի Թուրքիան, հետո`Հայաստանը»:

Նա  նշեց, որ ցանկացած կոնֆլիկտ լուծվում է փոխզիջումների արդյունքում, բայց շեշտեց, որ իրենք երեք կետով փոխզիջում չեն տեսնում` «ԼՂՀ-ն երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման, և պետք է ապահովվի ԼՂՀ անվտանգությունը»:

Անդրադառնալով ֆուտբոլի երեկվա խաղին՝ ՀՀԿ ներկայացուցիչը չի կիսում այն կարծիքը, թե երեկվա պարտությունը դիվանագիտական էր՝ նշելով, որ մերոնց տակտիկան ճիշտ է եղել: Շարմազանովն ասաց, որ ինքը զերծ է մնում «հաղթանակ», «պարտություն» գնահատականներ տալուց:

«Ես այն կարծիքին չեմ, թե հայ ֆուտբոլիստները չէին ուզում խաղալ երեկ. ուղղակի ֆուտբոլային մակարդակի խնդիր կար: Խաղացին այնքանով, որքանով կարող էին, և չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր «քար են շպրտում» ֆուտբոլիստների վրա»,-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը  դատապարտեց նաև երեկվա միջադեպը, երբ հայ լրագրողներին տեղափոխող ավտոբուսի վրա քարեր էին նետել. «Սա խոսում է նրա մասին, որ Թուրքիայում խնդիր կա տոլերանտության, հանդուրժողականության, ինչպես նաև խոսքի ազատության հետ»:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply