«Այլևս ինքներդ եք որոշումներ կայացնելու` որպես հասուն և գիտակից մարդիկ». Տ. Մարգարյան
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 12, 2012 17:46
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներին:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով պատանիներին` Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց դպրոցը ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ կյանքում:
«Դուք, ըստ էության, արդեն մուտք եք գործում մեծերի աշխարհ, ուր այլևս ինքներդ եք որոշումներ կայացնելու` որպես հասուն և գիտակից մարդիկ: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր որոշում, որ կկայացնեք ձեր կյանքում, լինի չափազանց կշռադատված ու նպաստի թե՛ ձեր նպատակների իրականացմանը և թե՛ մեր երկրի, մեր մայրաքաղաքի բարեկեցությանն ու զարգացմանը»,-ընդգծել է նա:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հանդիպման խնդրանքը չմերժելու և ջերմ ընդունելության համար՝ շրջանավարտներն իրենց հերթին նկատել են, որ արդեն այն փաստը, որ իրենք երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի շրջանավարտներ են, մեծ պատասխանատվություն ու պարտավորություն է դնում իրենց ուսերին: Ըստ այդմ նրանք վստահեցրել են, որ կյանքի ցանկացած իրավիճակում կփորձեն դրսևորել իրենց այնպես, ինչպես ապրել ու գործել է երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, ով նրանց համար իրապես հանդիսանում է մարդկայինի, ազգասիրության ու հայրենիքին անմնացորդ նվիրումի չափանիշ:
Ի հիշատակ այս հանդիպման՝ շրջանավարտները քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրել են լուսանկարվել իրենց հետ և վստահեցրել են, որ այդ լուսանկարը տեղ կգտնի իրենց ավարտական ալբոմում` դառնալով թերևս հանդիպան ընթացքում իրենց կողմից տրված խոստման ամենապարտավորեցնող հիշեցումը:






Facebook
Tweet This
Email This Post
